Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 1:26

Մաղաքիա արք. Օրմանյան

26-38․ Վեցերորդ ամսին Գաբրիէլ հրեշտակը Աստծու կողմից ուղարկուեց Գալիլիայի մի քաղաքը, որի անունը Նազարէթ էր, մի կոյսի մօտ, որ նշանուած էր Յովսէփ անունով մի մարդու հետ՝ Դաւթի տնից։ Եւ այդ կոյսի անունը Մարիամ էր։ Եւ հրեշտակը, գալով նրա մօտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տէրը քեզ հետ է»։ Իսկ նա այս խօսքերի վրայ խռովուեց եւ մտքում խորհում էր, թէ ինչ բան էր այս ողջոյնը։ Եւ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար։ Եւ ահա՛ դու կը յղիանաս եւ կը ծնես մի որդի ու նրա անունը Յիսուս կը դնես։ Նա մեծ կը լինի եւ Բարձրեալի որդի կը կոչուի։ Եւ Տէր Աստուած նրան կը տայ նրա հօր՝ Դաւթի աթոռը, եւ նա յաւիտեան կը թագաւորի Յակոբի տան վրայ, ու նրա թագաւորութիւնը վախճան չի ունենայ»։ Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպէ՞ս այդ կը պատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»։ Հրեշտակը պատասխանեց եւ նրան ասաց. «Սուրբ Հոգին կը գայ քո վրայ, եւ Բարձրեալի զօրութիւնը հովանի կը լինի քեզ, որովհետեւ նա, որ քեզնից է ծնուելու, սուրբ է եւ Աստծու որդի կը կոչուի։ Եւ ահա քո ազգական Եղիսաբեթը. նա եւս յղի է իր ծերութեան մէջ, եւ այս՝ յղիութեան վեցերորդ ամիսն է նրա, որ ամուլ էր կոչուած. որովհետեւ Աստծու համար անկարելի բան չկայ»։ Եւ Մարիամն ասաց. «Ահաւասի՛կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խօսքի համաձայն լինի ինձ»։ Եւ հրեշտակը հեռացաւ նրանից։ 

   
   Դեռ չխոսած Հիսուսի մասին, հարկ էր լրացնել Կարապետի պատմությունը, բայց Ղուկասը, հետևելով ժամանակագրությանը, դնում է Մարիամի ավետումը: Մենք ևս պահում ենք այդ նույն կարգը:

   Զաքարիայի ավետման վեցերորդ ամսին, որ ընկնում է հռովմեական 749 թվականի ապրիլ ամսվա սկզբին, Գաբրիել Հրեշտակապետը նոր առաքելությամբ ուղարկվում է ոչ թե Հրեաստանի Քեբրոն, այլ` Գալիլիայի Նազարեթ քաղաքը (այժմ Նասարա), որտեղ ներկայանում է Մարիամ անունով մի կույսի, որը նշանված էր Դավթի ցեղից մեկի` Հովսեփի հետ: Թե՛ Մարիամի, և թե՛ Հովսեփի մասին Ավետարանը որևէ բացատրություն չի տալիս, չի նշում, թե ովքեր են և ինչ հանգամանքներում էին ապրում: Սակայն այս տեղեկությունները լրացնում են քրիստոնյա բոլոր եկեղեցիներում հավասարապես ընդունելություն գտած ավանդությունները:

   Մարիամը Դավթի ցեղից Հովակիմ կամ Եղիակիմ անունով մեկի զավակն էր: Նրա կինն Աննան էր` Մաթան քահանայի դուստրը: Հովակիմն ու Աննան ևս անզավակ էին ծերացել և միայն ծերացած տարիքում, աղոթքի և ուխտի շնորհիվ, ունեցել էին մի զավակ` Մարիամին: Իրենց ուխտի համաձայն, երեք տարեկան Մարիամին ընծայել էին Տաճարին` նրա դաստիարակությունը հանձնելով նվիրյալ այրիների խնամքին, որպեսզի կրթվի և ծառայի Տաճարին: Չափահաս, այսինքն` 12 տարեկան դառնալուց հետո, Մարիամը վերադարձել էր ծնոողների տուն` Նազարեթ և որոշ ժամանակ անց նշանվել էր Հովսեփի հետ:

Հովսեփը, թեև սերել էր Դավթի արքունական ցեղից, սակայն իշխանական դիրք ունեցող անձնավորություն չէր, այլ` մի համեստ հյուսն Մատթ․ 13։55 և բնակվում էր Նազարեթում: Հովսեփի և Մարիամի նշանադրության առիթով ևս ավանդությունը հիշատակում է, թե շատերն էին ցանկանում Մարիամին կնության վերցնել, բայց Հովակիմն ու Աննան չկամեցան իրենց ուխտի զավակին մեկին տալու որոշումն անձամբ կայացնել, այլ` հանձնեցին Աստծուն և այս առիթով նորոգվեց Ահարոնի գավազանի ծաղկելու հրաշքը  Թվոց․ 15։8: Ծաղկեց Հովսեփի գավազանը, որն էլ Մարիամի հետ նշանվելու բախտին արժանացավ:

   Գաբրիելը հայտնվեց Մարիամին: Ավետարանը չի ճշտում, թե ինչ կերպարանքով և որտեղ երևաց և անիմաստ է զանազան ավանդություններ կամ ենթադրություններ հիշատակելը: Հրեշտակը նրան ավետեց, որ ընտրվել է որպես Մեսիայի կույս մայր, պետք է հղանա, ունենա որդի և անունը Հիսուս դնի, որը լինելու է Փրկիչ և Երկնքի Արքայության Հավիտենական Թագավորը: Մարիամը զարմացավ և հարցրեց, թե ինչպե±ս պետք է մայրանա, երբ մշտապես կույս է: Հրեշտակը` իբրև բացատրություն, հիշեցրեց Սուրբ Հոգու զորության մասին` ավելացնելով, որ Աստծո հրաշքով Եղիսաբեթն իր ծերության օրերին հղացավ:

   Ճիշտ նույն կերպ, Աստծո հրաշքով, նա պիտի հղանար` կույս մնալով: Մարիամն իր զարմանքը Զաքարիայի նման թերահավատությամբ չդրսևորեց, այլ, ընդհակառակը, իրեն պատրաստակամորեն ընծայաբերեց Աստվածային կամքի կատարմանը: «Ես,-ասաց,-Աստծո ամենահետին աղախինն եմ: Նա ինչպես կամենա, կարող է վարվել ինձ հետ: Ես պատրաստակամ եմ Նրա հրամաններին, որոնք դու ես ինձ հաղորդում››: Այսպիսով, Մարիամը ո՛չ հանդիմանության արժանացավ, ո՛չ էլ` պատժի: Իսկ Գաբրիելը, իր պարտականությունը կատարած համարելով, հեռացավ Մարիամի մոտից: