3․ Եվ մեկ Տեր Հիսուս Քրիստոսին.

(Եւ ի մի Տէր Յիսուս Քրիստոս). 

 

«Տեր» անունն ընդհանուր է [Նրա] և Նրա Հոր համար, որովհետև Նա Հոր պես տիրում է ամեն ինչի վրա, այսինքն՝ Իր իսկ արարածների: Քանզի Նա էլ էր ամեն ինչում Հոր հետ միասին արարում, Ում հետ անժամանակ կերպով միշտ կար և ամեն ինչի սկզբից էլ առաջ էր: Իսկ «Հիսուս» անունը փրկության և ազատարար զորության [նշանակությունն ունի], և «Քրիստոսը»՝ օծության ու մկրտության, որոնք [աստվածային] տնօրինության վերջին են պատշաճում: Եվ քանի որ սրանք նույնպես հատուկ են Նրան, մեր կողմից նախապես ազգակցաբար ճանաչված և Հայր Աստծո կանխագիտության մեջ անբաժանելիորեն նկարագրված, Որդու անձի հայտնության սկզբում են շարադասվում, երբ ասվում է. իբրև Աստծո Որդու. (Որդի Աստուծոյ). քանզի Հայրն էլ ի վերուստ անբաժանաբար  վկայեց  նախ՝  Որդու  Աստվածության վերաբերյալ, ապա՝ մարդկության, քանի որ սրանք անբաժան են: Իսկ այստեղ՝ Հոր անձի դավանումից հետո, հայտնվում է նաև Որդու անձի մասին: Քանի որ Նա ի սկզբանե Հորից է և ո՛չ մեկ ուրիշից, «Որդի» անունը նաև սա է հավաստում, ինչպես նաև այն, ինչ հետևում է այս խոսքին, այսինքն՝ ծնված Հայր Աստծուց՝ [Միածին]. (ծնեալ յԱստուծոյ Հօրէ՝ [Միածին]). Միայն Նա է բնությամբ [ծնվել Հորից] և ուրիշ ոչ ոք: Ավելացվում է՝ «Միածին», որովհետև միայն Նա է բնությամբ «Որդի» և «Ծնունդ» անվանվում, ուստի այստեղ հերթով բացատրվում է. այսինքն՝ Հոր էությունից. (այսինքն՝ յէութենէ Հօր). Սա նույնպես բնության նույնությունն է ցույց տալիս, որովհետև թեև անձով բաժանում ենք, - քանի որ Հոր անձը Որդու անձը չէ, որպեսզի չկարծվի, թե հրեայի և Սաբելի պես նեղացնում ու սահմանափակում ենք Աստվածությունը, - սակայն Միածնի էությունը Հոր հետ մեկ ենք դավանում Նրանց՝ նույն բնությունն ունենալու պատճառով: Իսկ ինչպե՞ս է [Միածինը] Հորից և [Նրա հետ] մեկ:

 

Հաջորդը՝

4․ իբրև Աստծո Որդուն

Նախորդը՝

2․ Իբրև երկնքի և երկրի և երկնքում ու երկրում գտնվողների Արարչի.