Եզեկիելի մարգարեության մեկնություն 21։32

Ա. Լոպուխին

«Դու կրակի բաժին պիտի լինես, քո արյունը երկրի վրա պիտի մնա․ անգամ չեն էլ հիշելու քեզ, որովհետև Ես՝ Տերս, ասացի սա»։ [32] (Սինոդական թարգ․)
   
   «Դու կրակի բաժին պիտի լինես» - հնարավոր է, որ սա ակնարկ է ամմոնական քաղաքների հրդեհումների վերաբերյալ, ինչպես որ «քո արյունը երկրի վրա պիտի մնա», այսինքն՝ այդ արյունը ծածկելու է ամբողջ երկիրը (սլավոներենում՝ «քո երկրի մեջտեղում կլինի»), արտահայտությունն էլ ակնարկում է սպանվածների մեծաքանակության մասին։
   «Անգամ չեն էլ հիշելու քեզ» - ամմոնացիներն այնպես պիտի կործանվեն, որ նրանց ազգից ողջ մնացած քչաքանակ մարդիկ էլ խառնվելու են հարևան ժողովուրդների հետ և հատուկ անուն չեն ունենալու։ Մակաբայեցիների ժամանակաշրջանից ի վեր ամմոնացիներն ու մովաբացիներն իսկապես անհետանում են պատմության ասպարեզից։ Այդպիսին չի լինելու, սակայն, Իսրայելի ճակատագիրը (27-րդ համար). Նույնիսկ Եգիպտոսին «խոստացված» ապագան նույնքան սարսափելի չի լինելու, որքան ամմոնացիներինը (29:13-րդ համար և այլ տեղիներ): Այսօրինակ ծանրագին պատժի պատճառը դաժան, մշտական և համառ թշնամությունն էր ընտրյալ և, առավել ևս, եղբայրական ժողովրդի նկատմամբ, այն դեպքում, երբ վերջինս դրա համար առիթ չէր տվել։ Եվ հետևաբար նաև ընտրյալ ժողովրդի նկատմամբ այդպիսի վերաբերմունքը թշնամանք էր հենց Աստծո՛ դեմ, Ով և ընտրել էր այդ ժողովրդին:
   «Որովհետև Ես՝ Տերս, ասացի սա» - հմմտ․ Եզեկիելի մարգարեության 5։13-րդ համարի հետ:

--------------------------------
[32](Էջմիածին թարգ․) Եւ հրոյ ճարակ ես դառնալու, արիւնդ թափուելու է քո երկրում, յիշատակդ էլ չի գտնուելու: Ես՝ Տէրս խօսեցի»»:
(Արարատ թարգ․) Հրո ճարակ պիտի լինես դու, քո արյունը երկրի մեջտեղում պիտի լինի, և դու չպիտի հիշվես, որովհետև Տերը՝ ես եմ խոսում"»։
(Գրաբար) Եւ եղիցես կերակուր հրոյ, և արիւն քո եղիցի ‘ի մէջ երկրի քոյ, և յիշատակ քո մի՛ գտցի. զի ե՛ս Տէր խօսեցայ։