Եզեկիելի մարգարեության մեկնություն 24։16

Ա. Լոպուխին

16-17. «Մարդո՛ւ որդի, ահա, Ես մի հարվածով քեզնից պիտի հափշտակեմ քո աչքերի ցանկությունը, բայց դու մի՛ ողբա և լաց մի՛ եղիր, ու թող արցունքներդ չհոսեն»։ [16] «Լուռ հառաչի՛ր, մեռելների սուգ մի՛ արա. բայց գլխաշորդ կապի՛ր և ոտքերիդ հագի՛ր կոշիկներդ, ու մորուքդ մի՛ ծածկիր և օտարների հացը մի՛ կեր»։ (Սինոդական թարգ․)
   
    «Մի՛ ողբա և լաց մի՛ եղիր» - առաջինը կարող է նշանակել բնական հեկեկոցը, իսկ երկրորդը՝ այն, որն օգտագործվում է սգի և կոծի ժամանակ (Երեմ․ 22:18):

      «Ու թող արցունքներդ չհոսեն» - ծանրագույն վիշտը մարդուն զրկում է նույնիսկ արցունքներից, որոնք թեթևացնում են տառապանքը։

   «Լուռ հառաչի՛ր, մեռելների սուգ մի՛ արա» - «մեռելներ» բառի համար այստեղ կիրառված հոգնակի թիվն անսպասելի է և կարող է բացատրվել միայն սովորաբար բոլոր մեռելների համար արվող ողբի իմաստով: Այնուհետև թվարկվում են հրեական սուգն արտահայտող նշանները, որոնցից որևէ մեկը մարգարեն չպետք է թույլ տար իրեն․

   1) «գլխաշորդ կապի՛ր». ի նշան սգի՝ հրեաներն իրենց գլխից հանում էին գլխաշորերը, որոնք, իջնելով մինչև կոպերը, բոլոր կողմերից ծածկում էին գլուխը։ Վուլգաթայում՝ «соronа»․․․Հնարավոր է, որ սգի ժամանակ գլխաշորերը սկսել են հանվել դրանից էլ ավելի առաջ գլխին մոխիր լցնելու սովորության փոխարեն․․․

   2) «Եվ ոտքերիդ հագի՛ր կոշիկներդ» - որպես սգի նշան՝ հրեաները քայլում էին ոտաբոբիկ՝ այդպիսով մերկացնելով նաև մարմնի ստորին հատվածը, ինչպես որ վերին հատվածը՝ գլուխն էր «մերկացված» գլխաշորից, կամ էլ գուցե՝ այդկերպ խուսափում էին հանգուցյալի հոգու հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելուց, քանի որ հանգուցյալն անտեսանելիորեն ներկա էր մերձավորների կողքին։

   3) «Ու մորուքդ մի՛ ծածկիր» - սա անում էին (ինչպես և բորոտության դեպքում) հավանաբար որպես սգի լռության նշան՝ հնում մորուքը կտրելու փոխարեն (հմմտ․ 7։18): Յոթանասնից թարգմանությունը, եբրայեցերեն արտահայտությունն այլ կերպ տարընթերցելով, թարգմանում է հետևյալ կերպ՝ «և մի՛ մխիթարվիր նրանց շուրթերով», այսինքն՝ պաշտոնական մխիթարություններ և այդ նպատակով կատարվող այցելություններ մի՛ ընդունիր։

   4) «Եվ օտարների հացը մի՛ կեր» - ա՛յն հացը, որը հարազատները կամ ընկերները բերում էին սգո տուն՝ որպես նշան կարեկցանքի, գուցե նաև հիշեցնելու համար սնվելու անհրաժեշտության մասին կամ էլ սգավորին հնարավորություն տալու ուտել մաքուր կերակուր։ Միգուցե նաև այստեղ խոսքը մեռելների համար նախատեսված ճաշի մնացորդի մասին է, որը, հին հավատալիքների համաձայն, մահացածներն անտեսանելիորեն ճաշակում էին։ Վուլգաթայում՝ «cibos lugentium» - «սգի հաց»:
   
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 24:15

--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) «Մարդո՛ւ որդի, ահա ես պատերազմով վերացնում եմ քո աչքին ցանկալի եղածը, իսկ դու չկոծես ու չողբաս, քեզնից թող արցունք դուրս չգայ,
(Արարատ թարգ․) «Մարդո՛ւ որդի, ահա ես պատերազմով վերացնում եմ քո աչքին ցանկալի եղածը, իսկ դու չկոծես ու չողբաս, քեզնից թող արցունք դուրս չգայ,
(Գրաբար) Որդի մարդոյ. Ահաւադիկ ե՛ս բառնամ ‘ի քէն զցանկալիս աչաց քոց պատերազմաւ, և ո՛չ կոծեսցիս, և ո՛չ լայցես, և ո՛չ ելանիցէ արտօսր ‘ի քէն: