Ա. Լոպուխին
«Տասնմեկերորդ տարում, առաջին ամսվա առաջին օրը Տիրոջ խոսքը հասավ ինձ»։ [1] (Սինոդական թարգ․)
Տյուրոսի պաշարումն ու կործանումը։ 26-28-րդ գլուխները բովանդակում են երեք մարգարեություններ՝ Տյուրոսի դեմ, և մեկը Սիոնի դեմ: Չնայած որ Տյուրոսը, ըստ երևույթին, Իսրայելի հետ առևտրային հարաբերություններից բացի որևէ տեսակի այլ հարաբերություններ, առավել ևս՝ թշնամական նկրտումներ չուներ ընդդեմ Իսրայելի, այնուամենայնիվ մարգարեն Տյուրոսին «նվիրում» է երեք մարգարեություններ, իսկ 29։17-21-րդ համարներում՝ չորս ճառեր, որովհետև Նաբուգոդոնոսորի կողմից այսպիսի մեծ և անառիկ քաղաքի (որն առաջնային տեղ էր զբաղեցնում առևտրի մեջ) գրավման ժամանակ դրսևորվեց Աստծո զորությունը, որը գործում էր հենց Նաբուգոդոնոսորի միջոցով, և քանի որ Տյուրոսն արժանացավ այն նույն ճակատագրին, ինչ Երուսաղեմը, թեև նա հույս ուներ իր համար օգուտներ քաղել Երուսաղեմի անկումից։ Արդեն Հովակիմի գահակալության 4-րդ տարում Երեմիան Նաբուգոդոնոսորով սպառնում է Տյուրոսին (25:22)։ Միգուցե նա (Տյուրոսը) Նաբուգոդոնոսորի հետ մասնակցություն էր ունեցել Նեքովի պատերազմին՝ Սեդեկիայի թագավորության սկզբնական ժամանակահատվածում։ Այստեղից կարելի է ենթադրել, որ Տյուրոսը ենթակա է եղել Նաբուգոդոնոսորին, բայց հակված էր հեռանալ նրանից (Երեմ․ 27:3-րդ համար և այլ տեղիներ), ինչը, հավանաբար, իրագործել է Սեդեկիայի, ամմոնացիների և այլոց հետ կնքած դաշինքով (Եզեկ․ 21-րդ գլուխ): Այս ապստամբությունից հետո Նաբուգոդոնոսորն առաջին հերթին շտապեց դեպի Երուսաղեմ, որի վերաբերությամբ Բաբելոնի արքան վախ ուներ, որ այն կանցնի հարավից ընթացող եգիպտացիների ձեռքը։ Իսկ ահա ռազմավարական առումով այդքան մեծ նշանակություն չունեցող Փյունիկիայի հարցով Նաբուգոդոնոսորը սկսեց զբաղվել այն ժամանակ, երբ հետ մղեց եգիպտացիներին։ Եվ երբ Երուսաղեմն անկում ապրեց, Նաբուգոդոնոսորն արդեն գտնվում էր Եմաթում՝ Փյունիկիայի սահմանին (Դ Թագ․ 25:21, Երեմ․ 29:5): Անմիջապես այդ ժամանակ սկիզբ առած Տյուրոսի պաշարումը տևեց 13 տարի և ավարտվեց, ինչպես թվում է, Նաբուգոդոնոսորի համար ոչ կատարյալ հաջողությամբ (Եզեկ. 29:17 և Antiqu. X, 11, 1): Մարգարեն, Տյուրոսի դեմ ուղղված իր մարգարեությունները սկսած լինելով դեռևս նրա պաշարումից էլ ավելի առաջ (26:1), Տյուրոսի համար կանխատեսում է քաղաքի կործանումը՝ նախ վրձնելով այդ ավերածության պատկերը (26-րդ գլուխ), որի մեջ մարգարեն մեծ վստահություն ունի, որ թաղման երգ է հնչեցնում այդ քաղաքի համար (27-րդ գլուխ)։ Այնուհետև մարգարեն դիմում է Տյուրոսի թագավորին (28-րդ գլուխ), որի կործանումը նույնպես Եզեկիելը նախ նկարագրում է (1-10-րդ համարներ), ապա և՝ սգում (11-19-րդ համարներ): Տյուրոսի դեմ ուղղված մարգարեությունները Եզեկիելը գրքի ամենաբանաստեղծական և գեղեցիկ հատվածներն են՝ հատկապես Տյուրոսյան նավի նկարագրությունը, որ տեղ է գտել 27-րդ գլխում։ Տյուրոսի կործանման պատկերը, որը ներկայացված է 26-րդ գլխում, բաժանվում է հետևյալ հանգրվանների․ Տյուրոսին սպառնացող ընդհանուր վտանգը (1-6-րդ համարներ), պաշարման սարսափների և քաղաքի նրա նվաճման նկարագրությունը (7-14-րդ համարներ), ինչպես նաև նկարագրությունն ա՛յն բանի, թե Տյուրոսի կործանումն ինչ տպավորություն պիտի թողնի աշխարհի վրա (15-21-րդ համարներ):
«Տասնմեկերորդ տարում» - այսինքն՝ Հեքոնիայի և մարգարեի գերության տասնմեկերորդ տարում, որը նաև Սեդեկիայի թագավորության տասնմեկերորդ տարին էր և, հետևաբար, հանդիսանում էր Երուսաղեմի կործանման տարին՝ Ք․ ա․ 586 թվականը։ Ամիսը նշված չէ ո՛չ եբրայեցերեն տեքստում, ո՛չ էլ Յոթանասնից թարգմանության մեջ՝ գուցե այն պատճառով, որ ամսաթիվը վերաբերում է Տյուրոսի դեմ ուղղված բոլոր երեք մարգարեություններին, որոնք հնչել են իրարից տարբեր ամիսների ընթացքում: Սակայն այն, որ բոլոր ձեռագրերի կողմից այս թվականը բաց թողնելու հարցում առկա է «համաձայնություն», դա դեռ թույլ չի տալիս ենթադրել, որ այն կորսվել է։ Քանի որ Երուսաղեմը նվաճվել է այդ տարվա 9/IV-ին, ավերվել է 10/V-ին (Երեմ․ 52:6-րդ և 12-րդ համարներ), իսկ մարգարեն այդ մասին լուր է ստացել 5/X-ին (33:21-րդ համար), ուստի այդ իրադարձությունը նշանավորող և նույնիսկ նրա նշանակությունն արժևորող (2-րդ համար) մարգարեությունը չէր կարող հնչեցվել կամ գրվել ավելի վաղ, քան 585 թվականի 11-12-րդ ամիսները։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տասնմէկերորդ տարում, ամսուայ առաջին օրը, Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
(Արարատ թարգ․) Եվ տասնմեկերորդ տարվա ամսի մեկին Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղև յամին մետասաներորդի որ օր մի էր ամսոյն. եղև բա՛ն Տեառն առ իս՝ և ասէ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: