Եզեկիելի մարգարեության մեկնություն 26։7

Ա. Լոպուխին

«Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես Տյուրոսի դեմ պիտի բերեմ հյուսիսից Նաբուգոդոնոսորին՝ Բաբելոնի թագավորին, թագավորների թագավորին՝ ձիերով և մարտակառքերով, ձիավորներով ու զորքով և մեծաքանակ բազմությամբ»։ [7] (Սինոդական թարգ․)
   

    «Տյուրոսի դեմ» - Յոթանասնից թարգմանության մեջ՝ «Սորի դեմ»

   «Նաբուգոդոնոսորին» - ըստ եբրայեցերենի՝ «Նեբուկադրեցար», ինչպես որ Եզեկիելի մարգարեության մեջ մյուս բոլոր հատվածներում է (29:18 և 30:10) և Երեմիայի մարգարեության 21:2, 27:5-րդ և 29։31-րդ համարներում՝ ավելի ուշ տարածված «Նեբուկադնեցար» ձևի փոխարեն (Երեմ․ 27:6, 29:3, Դ Թագ․ 24, Եզրաս, Նեեմիա, Եսթեր, Դանիել, Մնացորդաց)։ Ըստ բաբելոներենի՝ «Nabu - kudurri – ussur», որ նշանակում է՝ «Երկի՛նք, պահպանի՛ր թագը»:

   «Հյուսիսից» - ինչպես որ Նաբուգոդոնոսորի արշավանքը ներկայացվում է նաև Երեմիայի մարգարեության մեջ (Երեմ. 1։13, 14, 4:6, 6։1, 22, 10:22)։ Քիչ հավանական է, որ այստեղ նկատի է առնվում Ռիվլան, որտեղ այն ժամանակ գտնվում էր Նաբուգոդոնոսորի զինվորական կացարանը (Դ Թագ․ 25:21, Երեմ․ 52:9):

   «Թագավորների թագավորին» - սա Բաբելոնի թագավորների կողմից ընդունված տիտղոսն էր (Դան 2:37), որը պետք է դիտարկվի վասալական հարաբերություններով Բաբելոնին ենթակա թագավորների բազմության համատեքստում (Ես․ 10:8)։  Բաբելոնի թագավորներին հատուկ այդ տիտղոսը որդեգրել է նաև պարսիկների կողմից (Եզր․ 7:12)՝ հավանաբար փոխարինելու կամ առավել ամրապնդելու համար «մեծ արքա» տիտղոսը, որը կրում էին դեռևս Ասորեստանի թագավորները (Ես․ 36:4, Դ Թագ․ 18:28): Այս, ինչպես և ուրիշ հատվածներում, Աստված Ինքը մարգարեի բերանով ասես թույլատրում է այդ տիտղոսի գործածությունը, չէ՞ որ միայն Աստված կարող էր իշխանություն տալ մեկ թագավորին՝ մյուս թագավորների նկատմամբ: Բայց ամբողջական իրավասաությամբ սույն տիտղոսը պատկանում է միայն Աստծո Որդուն, Որը և ընդունեց այդ տիտղոսն ա՛յն ժամանակ, երբ երկրի թագավորները պարզորոշ ցույց տվեցին, որ չարաշահել են իրենց տրված այդքան մեծ իրավասությունը (Ա Տիմ. 6։15, Հայտ. 17։12-14, 19:15-16):

   «Մեծաքանակ բազմությամբ» - սլավոներենում ավելի ազդեցիկ է՝ «բազմաթիվ լեզուների հավաքույթով»:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Ահա ես հիւսիսից քո դէմ եմ բերելու, Տիւրո՛ս, բաբելացիների թագաւոր Նաբուքոդոնոսորին, որ արքայից արքայ է՝ կառքերով ու երիվարներով, շատ ու շատ ազգերի գունդագունդ հեծեալներով:
(Արարատ թարգ․) Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես հյուսիսից Տյուրոսի վրա պիտի բերեմ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորին՝ թագավորների թագավորին՝ ձիերով, մարտակառքերով ու ձիավորներով և մեծ զորքով ու բազմությամբ։
(Գրաբար) Զի ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Ահաւադիկ ես ածից ‘ի վերայ քո Տիւրոս՝ զՆաբուքոդոնոսոր արքայ Բաբելացւոց ‘ի հիւսւսոյ, որ է արքա՛յ արքայից. կառօք և երիվարօք, գունդագունդ հեծելօք ազգաց բազմաց յոյժ։