Եզեկիելի մարգարեության մեկնություն 27։22

Ա. Լոպուխին

«Սաբայի և Ռայեմայի վաճառականները վաճառականություն էին անում քեզ հետ. ամեն տեսակ ընտիր բուրմունքներով և ամեն տեսակ թանկարժեք քարերով, ու ոսկով էին վճարում քո ապրանքների դիմաց»։ [22] (Սինոդական թարգ․)
   
    «Սաբա» - հարուստ, առևտրական ժողովուրդ (Եզեկ. 38:13): Ծննդոց 10:7-րդ համարի համաձայն՝ այն ծագումով քուշական (համիտական) ազգ է հարավային, «երջանիկ» Արաբիայում (Եմենում), որ տիրապետող դիրք ուներ արևելյան առևտրի մեջ, ինչպես Արևմտյան Դեդանը, որ հաճախ հիշատակվում է հնագույն շրջանի գրողների կողմից:  Ստրաբոնը (XVI, 768, հմմտ․ Plin․ VI, 28) այդ ժողովրդի տեղագրությունը սահմանում է Կարմիր ծովի մոտ։ Նրանց հարստության մասին խոսում են ինչպես դասական շրջանի հեղինակները (Plin. XII, 7, Diod. III, 46), այդպես էլ արաբական սագաները (Ղուրան 27, 20 և այլն)։ Նրանց գլխավոր քաղաքը Մարիաբան էր (Str. XVI, 768 և այլն)։ Ներկայումս Մարիաբայի ավերակները գտնվում են Սանայից դեպի արևելք 6 օրվա ճանապարհի վրա։ Նրանց առևտուրը չէր սահմանափակվում արաբական արտադրանքներով, այլ տարածվում էր հնդկական և եթովպական արտադրանքների վրա. այս ժողովուրդն առևտուր էր անում Սիրիայի, Միջագետքի և Եգիպտոսի հետ։ Բացի առևտրական հարաբերություններից՝ նրանք ունեցան նաև բազմաթիվ նվաճումներ և գաղութներ ոչ միայն Արաբիայում, այլ նաև Սիրիայում և Միջագետքում (Հոբ 1:15. Plin. XII, 35):

   «Ռայեմա» - սլավոներենում՝ Ռամմա, որն ըստ Ծննդոց 10:7-րդ համարի՝ Քուշի սերնդից էր՝ Դեդանի և Սաբայի հայրը: Գտնվելու վայրն անորոշ է: Ամենայն հավանականությամբ նույնական է Ստրաբոնի «Rammanitai»-ի հետ (XVI, 4, 24), որ գտնվում է հարավային Արաբիայում։ Հիշատակվում է Սաբեական արձանագրություններում (Բերթոլետ)։ Մյուսներն այն նույնացնում են Պտղոմեոսի «Rhgma»-ին (VI, 7, 14), որը բնակվում էր Պարսից ծոցի մոտ։

   «Ընտիր բուրմունքներով» - բառացիորեն՝ «անուշահոտության գլուխ»։ Արաբիայի Սաբեական հատվածում, ըստ հնագույն շրջանի հեղինակների նկարագրության, աճում էին բալասան (որ ներկայումս էլ աճում է), կասիա, խունկ, մրտենի, արմավենիներ, կալամուս, դարչին և լարիմմոն։ Յոթանասնից թարգմանության մեջ ասվում է՝ «առաջին քաղցրավենիքները» - «ηδισματων», որոնք պետք է որ համեմունքներ եղած լինեն: Սաբեական հարստությունների և խոտաբույսերի արմատների ու անուշահոտ խնկերի առևտրի մասին խոսվում է Գ Թագ․ 10։2-րդ, 10, Ես․ 60:6-րդ և Սաղմ․ 71:10-րդ համարներում։

    «Ամեն տեսակ թանկարժեք քարերով» - օնիքսը, սուտակը, ագատը և կարնելիան ներկայումս նույնպես հանդիպում են Ադրամանտի լեռներում։ Եմենում կան բյուրեղներ, հասպիս և մեծաքանակ սուտակ (Niebur Descript. p. 125 հմմտ․ Գ Թագ․ 10:10)։ Ոսկին արդյունահանվում էր Արաբիայի շատ ավելի հյուսիսում (Str. 778. Diod III, 45), բայց հիմնականում այնտեղ էր հայտնվում, ինչպես և թանկարժեք քարերը, Հնդկաստանից փոխադրման շնորհիվ (Սմենդ), իսկ այժմ էլ այնտեղ բացարձակապես ոսկի ​​չի արդյունահանվում։ Սաբայի առևտրի և ոսկու հարստության մասին տե՛ս Գ Թագ․ 10:2-րդ, 10-րդ,  Երեմ․ 6:20-րդ և Ես․ 9։6-րդ համարները։

   Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 27:12
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Սաբան ու Ռեգման (նրանք էլ քո վաճառականները) անուշահոտ իւղեր, թանկարժէք քարեր ու ոսկի են բերել քո շուկաները:
(Արարատ թարգ․) Սաբայի և Ռեգմայի վաճառականները քեզ հետ վաճառականություն էին անում. ամեն տեսակ ընտիր բուրմունքներով և ամեն տեսակ պատվական քարերով ու ոսկով էին անում քո առևտուրը քո ապրանքների դիմաց։
(Գրաբար) աբա և Հռեգմա, և նոքա վաճառականք քո. եւղս անուշունս, և ականս պատուականս, և ոսկի, ետո՛ւն 'ի վաճառս քո: