Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 6:4

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ մօտ էր զատիկը՝ հրեաների տօնը:
   
   Երբ խոսեցինք Հիսուսի երկրորդ զատիկի մասին (Հովհ. 5:1) հնարավորին չափով բացատրեցինք Հիսուսի հրապարակային կյանքի տևողության և տարիների հաշվի մասին, հետևապես նորից կարիք չկա բացատրելու, թե մենք Հիսուսի հրապարակային կյանքի տևողության և տարիների թիվը ընդունելու ենք երեք տարի և երեք ամիս, և թե այդ ընթացքում չորս զատիկներ են անցել, որոնցից երկուսն արդեն տեսանք (Հովհ. 2:13-25 և Հովհ. 5:1): Երրորդի մասին պիտի խոսենք այս հոդվածի մեջ, իսկ չորրորդը եղավ Հիսուսի կյանքի վերջին զատիկը:
   Այդ զատիկի հիշատակությունը արել է Հովհաննեսը՝ դեռ Բեթսայիդայի հրաշքը չպատմաած. «Եւ էր մերձ զատիկի տօնն Հրէից»: Ըստ այսմ մենք գտնվում ենք հռմեական 782, մեր թվականի 29, և Հիսուսի կյանքի 33 տարիների սկիզբները, ապրիլ ամսվա առաջին օրերում: Այդ թվականից քիչ առաջ կատարվեց Բեթսայիդայի հացերի հրաշքը, որ կարող ենք դնել նույն տարվա մարտ ամսի մեջ:
   Տեսնելով, որ Հովհաննես ավետարանիչը զատիկը հիշելուց հետո, չի հիշել Հիսուսի Երուսաղեմ գնալը, և մյուս կողմից միշտ Երուսաղեմում կատարված գործողությունների հիշատակելը, ինչպես նաև ավելի ստորև Հովհ. 7:1, Հիսուսի համար «Ոչ կամէր ի Հրէաստանի շրջել» ասելը, Տեառնեղբայրների Հիսուսին մեղադրելը, խուսափում է Հրեաստան և Երուսաղեմ գնալ Հովհ. 7:3, և այս բոլոր կետերը նկատելով և համեմատելով՝ եզրակացնում ենք ոչ թե իբրև հավանական, այլ կատարելապես ստույգ ընդունելի, որ Հիսուս երրորդ զատիկին Երուսաղեմ չգնաց: Այս է այժմ մեկնիչների ընդունած լավագույն կարծիքը, ինչքան էլ որ հներից ոմանք տարբեր կարծիքներ են հայտնել՝ որպեսզի Հիսուսի վրա օրինապահության մեղադրանք չլինի: Սակայն Երուսաղեմ գնալը հրեաների համար բացարձակ օրենք չէր, հակառակ դեպքում պետք է ենթադրել, որ ողջ Հրեաները ամեն տարի պարտավոր էին ամբողջ Պաղեստինը դատարկել և Երուսաղեմում հավաքվել, ինչ որ ֆիզիկապես էլ անհնար էր: Կյանքում մի անգամ գնալ և հնարավորության դեպքում չանտեսել՝ այդչափ էր օրենքը: Հիսուս իր կյանքում միայն մեկ անգամ էր գնացել զատիկին Երուսաղեմ, որն էլ մեղադրանքի տեղիք չի տալիս: Իսկ չգնալու պատճառը հրեաների դավաճանության վախն է «Զի խնդրէին զնա հրեայքն սպանանել». և քանի որ Հիսուսի տնօրինական ժամանակները չէին լրացել, և չէր հասել իր անձնվեր պատարագի ժամանակը, ապա ստիպված էր վտանգներից խուսափել: Եվ Հիսուս համակերպվում էր այդ պարտավորությանը:
   Այս կետից մինչև Հիսուսի մահը, դեռ մեկ տարվա ժամանակ կա, սակայն ավետարանների մեծագույն մասը գրվել է վերջին տարիներին, և չորս ավետարանների համագումար 89 գլուխներից մինչև հիմա ավարտել ենք հազիվ 37-ը, և դեռ բավական դեպքեր ու քարոզչություններ և տնօրինական գործեր կան, որոնցով պետք է զբաղվենք: