Ա. Լոպուխին
«Եվ դու, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի լեռների դեմ և ասա՛. «Ո՛վ Իսրայելի լեռներ, լսե՛ք Տիրոջ խոսքը»»։[1] (Սինոդական թարգ․)
Իսրայելի գալիք երկիրը։ Այժմ անդրադառնալով բուն Սուրբ Երկրին՝ Տերը նրան վարձատրություն է խոստանում թշնամական հարևանների կողմից Իսրայելին պատճառված ամբողջ խայտառակության համար (1-7-րդ համարներ)։ Աստված խոստանում է նաև իր ժողովրդի շուտափույթ վերադարձը, որից հետո հրեաները պիտի բնակվեն այդ երկրի վրա՝ օրհնված լինելով պտղաբերությամբ, առատությամբ և երջանկությամբ, ինչը պիտի լռեցնի հեթանոսների մեջ տարածված բոլոր տեսակի զրպարտությունները, որոնք ուղղված էին ընդդեմ Իսրայելի (13-15-րդ համարներ):
Այստեղ կցված առանձին խոսքով բացատրվում է, թե ինչո՞ւ և ինչպե՞ս պետք է տեղի ունենա Սուրբ Երկրի այդ վերականգնումը․ դա պիտի լինի Աստծո անվան փառքի համար, քանի որ Սուրբ Երկրից Իսրայելի հեռացումն այն պղծելու պատճառով և հրեաների գերությունը հեթանոսները վերագրում էին Յահվեի անզորությանը։ Այդ իսկ պատճառով էլ Իսրայելը, չնայած որ դեռևս ամբողջությամբ դարձի չէր եկել, պետք է վերադարձվի իր երկիրը (16-24-րդ համարներ)։ Աստված նրան կների իր գործած մեղքերը և ամբողջովին կձևափոխի նրա սիրտն ու վարքուբարքը՝ այդպիսով օրհնություններ հեղելով նրա վրա այնպես, որ Իսրայելն անկեղծորեն կապաշխարի անցյալում գործած պղծությունների համար և զզվանք կզգա դրանց նկատմամբ (25-32-րդ համարներ), ինչի շնորհիվ էլ Սուրբ Երկիրը, որի հետ հենց հեթանոսների աչքերում այդքան առնչվում է Աստծո անվան փառքը, այլևս չի զրկվի իր բնակչությունից, այլ կփառավորվի իր պտղաբերությամբ և բնակեցվածությամբ (33-38-րդ համարներ): Այս գլխում առկա խոսքն աչքի է ընկնում Սուրբ Երկրի հանդեպ առանձնահատուկ ջերմ զգացումներով, կարծես թե Սուրբ Երկիրն ի սրտե խոցված էր իր ներսում կատարվող պղծությունների պատճառով և կարիք ուներ մխիթարության։ Այդ առումով այս գլուխը 6-րդ գլխի հակառակն է: Մարգարեությունը մեծ մասամբ իրականացավ հետգերության շրջանի Իսրայելում և այն ժամանակվա Պաղեստինում, որը զգալիորեն բարգավաճեց և հարստություն ձեռք բերեց հատկապես Մակաբայեցիների ժամանակաշրջանում։ Իսրայելի հոգևոր վերափոխության մասին մարգարեությունը, չնայած որ այն որոշակիորեն իրականացվեց հետգերության շրջանի Իսրայելում (սեփական կրոնի հանդեպ հավատարմությամբ՝ մինչև իսկ հանուն այդ կրոնի նահատակության ենթարկվելու աստիճանի), սակայն ամբողջովին իրականություն դարձավ միայն մարդկության քրիստոնեական վերածննդի ժամանակահատվածում:
«Եվ դու, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի լեռների դեմ և ասա՛. «Ո՛վ Իսրայելի լեռներ, լսե՛ք Տիրոջ խոսքը»» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 4։1-ին համարի բացատրությունը։ Ինչպես որ այնտեղ էր, այս խոսքերը վերաբերում են հիմնականում Հուդային՝ որպես ընտրյալ ժողովրդի կյանքի մշտական կենտրոն՝ լեռնային Եդովմի հետ համապատասխանությամբ: Հետգերության շրջանում՝ նույնիսկ էլ ավելի շատ, քան նախկինում էր, Իսրայելի կյանքը կենտրոնացած էր Հուդայում։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր լեռների վրայ եւ ասա՛ Իսրայէլի լեռներին.
(Արարատ թարգ․) «Եվ դու, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի սարերին և ասա՛. “Ո՛վ Իսրայելի սարեր, լսե՛ք Տիրոջ խոսքը։
(Գրաբար) Եւ դու որդի մարդոյ մարգարեա՛ց ‘ի վերայ լերանցն Իսրայէլի, և ասասցես ցլերինսն Իսրայէլի. Լուարո՛ւք զպատգամս Տեառն.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: