Եզեկիելի մարգարեության մեկնություն 40։16

Ա. Լոպուխին

«Վանդակապատ պատուհաններ կային և՛ կողային սենյակներում, և՛ դրանց սյուների վրա՝ դարպասից ներս, շուրջբոլորը, և նախասրահում նույնպես պատուհաններ՝ շուրջբոլորը, ներսի կողմից, իսկ սյուների վրա՝ արմավենիներ»։ [16] (Սինոդական թարգ․)
   
   Այժմ մնում է միայն ասել, թե դարպասային կառույցն ինչպես է լուսավորվել և ինչպիսի զարդանախշեր է ունեցել։ Այն լուսավորվում էր պատուհաններով, որոնք «վանդակապատ» էին։ Այս բառը ենթադրյալ թարգմանությունն է եբրայեցերեն «ատում» բառի, որը բացի այս համարից կիրառված է միայն Եզեկիելի մարգարեության 41:26-րդ և Գ Թագավորաց 6:4-րդ համարներում։ Այդ բառը Յոթանասնից թարգմանության այս հատվածում և Թագավորաց գրքում թարգմանվել է որպես «գաղտնիք» (գաղտնի, լսելի), իսկ 46-րդ գլխում՝ «վանդակավոր»։ Վուլգաթայում, Պեշիթոյում ու րաբբիների կողմից էլ այն թարգմանվում է «obliquae» - «թեք», որը համարժեք է Սիմմաքոսի թարգմանության «toxikai» - «ճաղավոր»  բառին (երկու դեպքում էլ այդ պատուհանները բացվում էին դեպի ներս)։ Ակիլլայի թարգմանության մեջ էլ առկա է «bebusmenai» - «խուլ» տարընթերցումը։ Այս բոլոր իմաստները հաստատվում են Գ Թագավորաց գրքում, որում Սողոմոնի տաճարի պատուհանները կոչվում են «վանդակապատ, խուլ թեքություններով», ինչպես նաև հաստատվում է «ներս» հավելումը։ Այդպիսով, պատուհանները նման էին փորվածքների կամ բացվածքների, որպիսիք հաճախակիորեն էին հանդիպում եգիպտական ​​տաճարներում: Պատուհանները տեղադրված էին ոչ միայն կողային սենյակների պատերին, այլ նաև սենյակները միմյանցից բաժանող սյուների («էլիմ», Յոթանասնից թարգմանության մեջ՝ «այլամ») վրա՝ չնայած դրանց հսկայական զանգվածին։ Նմանատիպ հսկայական պատի մեջ պատուհաններ պատրաստելը մարգարեի համար բնավ էլ արտասովոր երևույթ չէր, քանի որ Սողոմոնի տաճարում ևս պատերն ավելի բարակ չէին, իսկ կոտրված պատուհանները վերականգնելն ավելի դյուրին էր, քան նորերը պատրաստելը: Այսպիսի պատուհաններ կային նաև նախասրահում (այդ պատուհանների նկարագրությունը տե՛ս 8-րդ և 9-րդ համարներում), բայց այստեղ արդեն այդ նախասրահը կոչվում է ոչ թե «ուլամ», ինչպես վերոնշյալ համարներում էր, այլ «էլամ», ինչպես որ Յոթանասնից թարգմանության մեջ ամենուր էր այդ բառը տարընթերցվում և ինչպես որ այն մասորեթցիների կողմից էլ կետադրվում է հենց այդպես՝ սկսած այս հատվածից մինչև 36-րդ համարը (15 անգամ)։ Բացի այդ, այստեղ այդ բառը տեղադրված է հոգնակի թվի վերջավորությամբ, մինչդեռ հոգնակի թվի կիրառությունն այստեղ տեղին չէ, քանի որ դարպասների միջև միայն մեկ նախասրահ կար, այդ իսկ պատճառով էլ մեկնաբանները կարծում են, որ  այստեղ տառասխալ կա (Յոթանասնից թարգմանության մեջ եզակի թվով է) կամ էլ կիրառված է եզակի թվի հնագույն ձևերից մեկը։

   «Իսկ սյուների վրա՝ արմավենիներ» - քանի որ սյուների մասին արդեն իսկ խոսվել էր, և «սյուներ» բառն էլ այստեղ դրված է եզակի թվով, մինչդեռ նախկինում այս համարում կիրառված էր հոգնակի թվով և «նրանք» դերանվան հետ մեկտեղ, ուստի այս «սյուների» ներքո նկատի են առնվում միայն նախասրահի մուտքի մոտ գտնվող երկու հիմնական սյուները՝ մատնանշված եզակի թվով, սակայն հավաքական իմաստով, ինչպես 14-րդ համարում էր։ Արմավենիները ցույց են տալիս, որ տաճարում գտնվող Աստծո բնակավայրը մշտապես ծաղկում է և լեցուն է կյանքով: Քանի որ Պաղեստինն արմավենիների ծննդավայրն է, ուստի այս ծառատեսակը ծառայել է որպես այնտեղ ապրող ժողովրդի և այդ երկրի խորհրդանիշ (զինանշան)։ Այն պատկերված է Մակաբայեցիների մետաղադրամների, ինչպես նաև Տիտոսի թողարկած մետաղադրամի վրա («ludaea capta» մակագրությամբ)։ Ինքը՝ Փրկիչը նույնպես, ասես նոր Երուսաղեմի տաճար Իր մուտքը խորհրդավորաբար նշանավորելու համար, հանդիսավոր մուտք գործեց այդ քաղաք հենց արմավենիների «ուղեկցությամբ» (Տրոշոն): Յոթանասնից թարգմանության մեջ ասվում է՝ «և այլամի վրա («էլիմ», հետևաբար, տարընթերցել են հոգնակի թվով) խուրմաներ (արմավի մրգեր) էին այստեղ ու այնտեղ», բայց եբրայեցերենում «տիմոր» բառը նշանակում է, առհասարակ, ամեն տեսակի արմավենի: Սողոմոնի տաճարը, բացի արմավենիներից, զարդարված էր նաև այլ պատկերազարդումներով (հմմտ․ Եզեկ․ 41:18-19
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Նեղ լուսամուտներ կային ինչպէս խուցերի վրայ, այնպէս էլ գաւթի ներքին դռան կամարներին՝ չորս կողմը: Նաեւ լուսամուտներ միւս կամարներին՝ ներսից ու դրսից: Կամարների վերեւում, այս ու այն կողմերից, արմաւենիներ կային:
(Արարատ թարգ․) և փակ պատուհաններ կային դեպի խցերն ու նրանց դրանդիները դարպասից ներս, շուրջբոլորը, և նույնպես նախասրահով, դեպի ներս, շուրջբոլորը պատուհաններ, իսկ դրանդիների վրա՝ արմավենիներ։
(Գրաբար) Եւ պատուհանք ծածուկ էին 'ի կոզակսն, և' ի կամարսն ներքուստ դրան սրահին շո՛ւրջ շրջանակաւ. նոյնպէս և կամարացն, և պատուհանք շուրջ ներքոյ և արտաքոյ. և 'ի վերայ կամարացն արմաւենիք աստի և անտի։ Եւ տարաւ զիս 'ի ներքին սրահն.