Ա. Լոպուխին
«Եվ ասաց նա ինձ. «Հյուսիսի սենյակները և հարավի սենյակները, որոնք հրապարակի դիմաց են, սուրբ սենյակներ են, որոնցում Տիրոջը մոտեցող քահանաները պիտի ուտեն սրբազան զոհաբերությունները․ հենց այնտեղ նրանք պիտի դնեն սրբազան զոհաբերությունները, և առաջավորության հացը, ու մեղքի համար մատուցվող զոհաբերությունը ու հանցանքի համար մատուցվող զոհաբերությունը, որովհետև այդ տեղը սուրբ է»»։ [13] (Սինոդական թարգ․)
Դրանց նշանակությունը։ Քահանայական սենյակների (և դրանց հետ մեկտեղ՝ ամբողջ տաճարի) նկարագրությունն ավարտված է, ու այժմ հարկ է խոսել դրանց ունեցած նշանակության մասին: Ինչպես հյուսիսային, այդպես էլ (եբրայեցերենում շաղկապ չկա) հարավային սենյակները, որոնք գտնվում են «gizra»-ի դիմաց (ռուսերենում՝ «հրապարակ»․ տե՛ս Եզեկ․ 41:12-րդ համարի բացատրությունը; Յոթանասնից թարգմանության մեջ՝ «տարածության դիմաց» - «diastmatwn»՝ հավանաբար այսպես կոչելով այդ նույն «gizra»-ն՝ ա՛յն պատճառով, քանի որ այն իրենից ներկայացնում էր տաճարի և սենյակների միջև գտնվող մի դատարկ տարածություն, իսկ քանի որ գործածված է հոգնակի թվով, ուստի ենթադրելի է, որ կային երկու «gizra»-ներ)։ Դրանք հանդիսանում էին գավթի ամենասրբազան հատվածները, և որովհետև դրանք «սուրբ սենյակներ են», ուստի և դրանց նշանակությունը նույնպես պետք է որ սուրբ լինի: Այդ նշանակությունը երկակի էր. ա) դրանց մեջ գտնվող քահանաները, իհարկե ոչ բոլորը, այլ միայն նրանք, ովքեր «մոտենում են Աստծուն» (տե՛ս Եզեկ․ 40:46-րդ համարի բացատրությունը), այսինքն՝ «Սադոկի որդիները», ինչպես որ այստեղ բացատրաբար հավելում է Յոթանասնից թարգմանությունը, ուտում էին «Սրբություն Սրբոց»-ը (այլ կերպ ասած՝ սրբությունների սրբությունները)։ Եվ ինչպես որ Յոթանասնից թարգմանությունը ճշգրտորեն փոխանցում է հրեական արտահայտությունը՝ այստեղ խոսքը մեծագույն սրբությունների մասին է (ռուսերենում՝ «սրբազան զոհաբերություններ»): Հնգամատյանում ոչ մեկ անգամ այս անվանումներով մատնանշվում են զոհաբերությունների մնացորդները (օրինակ՝ Ղևտ․ 2։3, 10), Եզեկիելը նույնպես կիրառում է այս անունները (Եզեկ․ 44:1)։ Սակայն Վուլգաթայում ասվում է՝ «ա՛յն քահանաները, որոնք Աստծուն մոտենում են Սրբություն Սրբոցում», այսինքն՝ սրբավայրում գտնվող ամենասրբազան սրբությունների հանդեպ անմիջական մերձավորության միջոցով են մոտենում Աստծուն։ Բայց քանի որ այդ սրբությունները կարելի էր ուտել միայն թխած կամ խաշած վիճակում, իսկ դրանք թխում ու խաշում էին արդեն տաճարի ոչ այնքան սրբազան հատվածում (Եզեկ․ 46:19), ուստի այս սենյակներում վերոնշյալ սրբությունները ոչ միայն «ուտվում» էին, այլ նաև պահվում էին (եբրայեցերեն՝ «yanihu»), այսինքն՝ պահվում էին՝ անհրաժեշտության դեպքում որպես կերակուր պատրաստվելու համար։ Նկարագրության ընթացքը թույլ է տալիս ենթադրել (Կրեչմար), որ այդ սրբությունները ճաշակում էին սենյակների գլխավոր կառույցում՝ «gizra»-ին կից, որ առավել սրբազան մի վայր էր, մինչդեռ դրանք պահվում էին առավել սակավ սրբազան մի վայրում՝ արտաքին գավթի հարևանությամբ, որտեղ քահանաները, հավանաբար՝ 14-րդ համարի համաձայն, հանում էին իրենց աստվածապաշտական զգեստները՝ ժողովրդի առջև դուրս գալուց առաջ։ Իսկ որո՞նք էին այդ «մեծագույն սրբությունները», «սրբությունների սրբությունները», որոնց իրենց սրբության «պատճառով» թույլատրելի էր ուտել միայն տաճարի հատուկ, ամենասուրբ վայրում․ Հնգամատյանում այս թեմայի վերաբերյալ առկա ճշգրիտ և ամենքին հայտնի ցուցումների համատեքստում մարգարեն կարող էր նաև մասնավոր անդրադարձ չունենալ այս հարցին, սակայն նա ամեն դեպքում համառոտաբար թվարկում է այդ սրբությունները․․․ Դրանք էին՝ «առաջավորության հացը» - «minha», սլավոներենում՝ «զոհաբերություն», Վուլգաթայում՝ «oblationem» (Ղևտ․ 2:1 և այլ տեղիներ), «մեղքի համար մատուցվող զոհաբերությունը» - «hatta», որը ընծայում էին «մեղքերի թողության համար» (Ղևտ․ 4:3) և «հանցանքի համար մատուցվող զոհաբերությունը» - «vsham», որը մատուցվում էր «անգիտության պարագայում» (Ղևտ․ 5։19; 7:1): Այս զոհաբերությունների մնացորդները, որոնք ճաշակում էին քահանաները, Մովսեսի օրենքում այնքա՜ն սուրբ էին համարվում, որ միայն քահանաների արու զավակներին՝ ապագա քահանաներին էր թույլատրվում ուտել դրանք (Թվ․ 18:10): Եզեկիել մարգարեի գրքում դրանց սրբությունն էլ ավելի բարձր է դասվում կամ էլ, նվազագույնը, ակնհայտորեն ավելի պատկերավոր կերպով ընդգծվում է ա՛յն իրողության միջոցով, որ դրանք ճաշակելու համար առանձնացվում է տաճարի ամենասրբազան վայրը (Թվ․ 18:9)։ Այդպիսի սրբազան նպատակի ծառայելու «արդյունքում» սույն սենյակներն ասես էլ ավելի մեծ սրբություն են ստանում. այստեղից էլ բխում է հետևյալ հավելումը՝ «այդ տեղը սուրբ է»։ «Ամենամեծ սրբությունները պետք է ճաշակվեն սուրբ մարդկանց կողմից՝ սուրբ վայրում» (Բերթոլետ):
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Նա ասաց ինձ. «Այն պատշգամբները, որ հիւսիս են նայում, նաեւ այն պատշգամբները, որ հարաւ՝ բաց տարածութեան կողմն են նայում, - դրանք սուրբ պատշգամբներ են, ուր ուտում էին Սադոկի քահանայ որդիները, որոնք կարող են մերձենալ Տիրոջ ամենասուրբ տեղերին: Այնտեղ են դնում սրբութիւն սրբոցը, մատուցում զոհերը՝ իրենց մեղքերի ու յանցանքների համար, որովհետեւ սուրբ է այդ տեղը,
(Արարատ թարգ․) Եվ ինձ ասաց. «Հյուսիսի սենյակները և հարավի սենյակները, որոնք առանձնացված տարածքի առջևում են, սուրբ սենյակներ են, որտեղ Տիրոջը մոտեցող քահանաները պիտի ուտեն ամենասուրբ բաները, այնտեղ պիտի դնեն ամենասուրբ բաները՝ և՛ հացի ընծան, և՛ մեղքի պատարագն ու հանցանքի պատարագը, որովհետև այդ տեղը սուրբ է։
(Գրաբար) Եւ ասէ ցիս. Պատշգամք որ են ընդ հիւսւսի, և պատշգամքդ որ են ընդ հարաւ ՝ հանդէպ բացատանցն, դոքա են պատշգամք սրբութեանն ուր ուտեն քահանայքն որդիքն Սադովկայ մերձաւորք տանն զսրբութիւն սրբութեանցն. և ա՛նդ դիցեն զսրբութիւն սրբութեանցն, և զզոհսն, և զվասն մեղացն, և զվասն անգիտութեանն. քանզի սո՛ւրբ է տեղին:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: