Ա. Լոպուխին
«Բոլոր չորս կողմերից նա չափեց այն. նրա շուրջը պատ կար՝ հինգ հարյուր եղեգ երկարությամբ և հինգ հարյուր եղեգ լայնությամբ, որպեսզի սուրբ տեղն առանձնացներ անսուրբ [տեղից]»։ [20] (Սինոդական թարգ․)
Եթե սրբազան «քառակուսու» երկարությունը 500 եղեգնափայտ լիներ, ինչպես ասվում է եբրայեցերեն տեքստում, ապա այն շրջապատող «պատը» պիտի տարբերվեր Եզեկ․ 40:5-րդ համարում նկարագրված պատից, և այդ տարբերությունը կլիներ 1250 կանգուն։ Այդ դեպքում խորհրդավոր տաճարը կզբաղեցներ մի այնպիսի հսկայական տարածություն (հրապարակ), որը կարող էր «ընդգրկել ոչ միայն տաճարի լեռը, այլ նաև ամբողջ հին Երուսաղեմը» (Олесницкий, Ветх. хр. 335): Իսկ եթե, համաձայն Յոթանասնից թարգմանության, այդ սրբազան «քառակուսին» 500 կանգուն էր, ապա այստեղ հիշատակվող պատը արտաքին գավթի պատն էր, որի բարձրությունն ու հաստությունը չափվել էին դեռևս Եզեկ․ 40:5-րդ համարում։ Երկու դեպքում էլ բնութագրական է, որ տաճարից դուրս գտնվող ամեն բան, մարգարեի կարծիքով, անսուրբ է՝․․․Վուլգաթայում՝ «vulgi locum»․․․Այդ անսուրբ միջավայրը պետք է խստորեն տարբերվեր սուրբ վայրից։ Արարված որևէ բան չպետք է խառնվեր Աստվածության հետ։ «Մարգարեի ողջ հետաքրքրությունն առնչվում է տաճարին, և առանց տաճարի աշխարհը նրա համար անապատ է» (Բերթոլետ), իսկ ավելի ճիշտ՝ ոչ թե «առանց տաճարի», այլ՝ առանց Աստծո:
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Չափեց տաճարի չորս կողմերի եւ պարիսպների արանքը նոյն չափով: Տաճարը սրբավայրերից եւ պարիսպներից անջրպետելու համար թողեց մի արանք, որ հինգ հարիւր կանգուն էր դէպի արեւելք եւ ունէր հինգ հարիւր կանգուն լայնութիւն:
(Արարատ թարգ․) Չորս կողմից չափեց այն. նա շուրջանակի պատեր ուներ, երկարությունը՝ հինգ հարյուր, և լայնությունը՝ հինգ հարյուր, սուրբը և ոչ սուրբը բաժանելու համար։
(Գրաբար) Եւ զփողոցս նորա շուրջանակի 'ի չորեսին կողմանսն նովին չափով. և յօրինեաց զնա և զփողոցս նորա շուրջանակի, 'ի հինգ հարեւր կանգնոյ հանդէպ արևելից, և' ի հինգ հարեւր կանգնոյ զլայնութիւնն ՝ անջրպետել 'ի մէջ սրբութեանցն, և' ի մէջ պարսպացն յօրինուածոյ տաճարին:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: