Ա. Լոպուխին
«Երբ վիճակ գցելով երկիրը բաժանեք իբրև ժառանգություն, այդ ժամանակ Տիրոջը մի սրբազան հողակտոր առանձնացնեք՝ քսանհինգ հազար եղեգ (կանգուն) երկարությամբ և տասը հազար` լայնությամբ։ Այս վայրը թող սուրբ լինի իր ամբողջ ծավալով, շուրջբոլորը»։ [1] (Սինոդական թարգ․)
Եզեկ. 45-րդ և 46-րդ գլուխներում, նախքան կխոսվի 47-րդ և 48-րդ գլուխներում տրվող օրենքի մասին, Նոր Իսրայելի ցեղերի միջև նոր, խոստացված երկրի բաշխման վերաբերյալ նշվում է, որ այդ երկրից մի հատված` թե' հենց բուն երկրից, և թե' նրա տված արտադրանքից պետք է բաժին հասնի Տիրոջը.
ա) սրբազան և իշխանական հողակտորների տեսքով;
բ) իշխանին տրված տուրքի տեսքով, որը ժողովրդի կողմից իշխանին էր տրվում` Տիրոջը մատուցած նրա (իշխանի) զոհաբերությունների համար, ինչպես նաև ժողովուրդն ինքն էլ, որպես անմիջապես Տիրոջը տրվող տուրք, տարբեր տեսակի զոհաբերություններ էր մատուցում:
45-րդ գլխի 1-8-րդ համարներում նշվում է սրբազան հողակտորի չափսը՝ այն շրջապատող 3 հողակտորներով հանդերձ: Գրքի այս հատվածում առկա տվյալներն առավել մանրամասնորեն և առավել հանգամանալից ներկայացվում են Եզեկ. 48:8-17-րդ համարներում: Սրբազան հողակտորն իր հարակից տարածքներով՝ հյուսիսում՝ Ղևտական, իսկ հարավում՝ քաղաքային, կազմում է 25000 x 25000 կանգուն քառակուսի տարածություն՝ զբաղեցնելով նոր, խոստացված երկրի գրեթե կեսը (երկրի կենտրոնական հատվածից դեպի մի փոքր հարավ)։ Այդ տարածքի ամենասրբազան մասը, որը պետք է պատկանի քահանաներին, տաճարի հետ մեկտեղ գտնվում է կենտրոնական մասում` մյուս երկու հողակտորների հետ ընդհանուր ունենալով 25000 կանգուն երկարություն և 10000 կանգուն լայնություն: Ղևտական հողակտորը, որը գտնվում է քահանայական հողակտորի հյուսիսային կողմում, ունի միևնույն լայնությունը. քաղաքային հողակտորը դեպի հարավ 5000 կանգուն լայնություն ունի: Արևելքից և արևմուտքից ամբողջ սրբազան հողակտորը (25 հազար կանգուն լայնությամբ) հարում է իշխանական հողակտորին` երկու կողմից «գրկելով» սրբազան հողակտորը և ուղղանկյուն քառանկյունով դրա հետ մեկտեղ ձգվելով Ավետյաց երկրի ողջ լայնությամբ (Հորդանանից մինչև ծով): Սրբազան հողակտորի այսպիսի տեղագրությունը նպատակ ունի մատնացույց անելու՝
ա) որ տաճարը պետք է լինի երկրի կենտրոնը (պատմականորեն իրականությանը համապատասխանելու տեսանկյունից, այնուամենայնիվ, այն «զիջումն» է կատարվել, որ տաճարը չի գտնվում ցեղերի հենց մեջտեղում, ինչպես տեսնում ենք 48-րդ գլխում);
բ) որ այն պետք է պաշտպանված լինի անսուրբ որևէ բանի հետ ցանկացած տեսակի շփումից (այս նպատակով իսկ սրբազան հողակտորի և քաղաքի միջև պետք է լինի մի չմշակված տարածություն)։
«Երբ վիճակ գցելով երկիրը բաժանեք իբրև ժառանգություն, այդ ժամանակ Տիրոջը մի սրբազան հողակտոր առանձնացնեք՝ քսանհինգ հազար եղեգ (կանգուն) երկարությամբ և տասը հազար` լայնությամբ։ Այս վայրը թող սուրբ լինի իր ամբողջ ծավալով, շուրջբոլորը» - Քահանաների, ղևտացիների, քաղաքի և իշխանի հողակտորները: Ինչպես երկրի առաջին պտուղները, այդպես էլ հենց երկրի երախայրիքը պետք է նվիրվեր Աստծուն (Եզեկ. 44:30):
«Վիճակ գցելով» հողակտորը բաժանվում էր միայն տոհմերի և ընտանիքների միջև (Եզեկ. 47:22), իսկ ահա ցեղերին հողակտորները «հատկացվում» են մարգարեի կողմից (Եզեկ. 48-րդ գլուխ)...Երկրից Տիրոջ համար պետք է առանձնացվի «teruma»-ն (հունարենում` «aparch», սլավոներենում` «առաջին պտուղներ», ռուսերենում` «հողակտոր»)՝ ընծա (Բ Օրին. 12:11, Ելք 25:2, հմմտ. Առակ. 29:4), որը, տրամաբանորեն, պետք է երկրի հենց սրբավայրը (եբրայեցերենում`«կոդեշ», սլավոներենում` «սուրբ», ռուսերենում` «սրբազան») լիներ: Երկրի այս սուրբ վայրը, որը շրջապատում էր տաճարը («շուրջբոլորը»), պետք է լիներ 25,000 x 10,000 չափի (չափման միավորը չի նշվում. գուցե կանգուն, քանի որ Եզեկ. 40:5-րդ համարում հիշատակված «եղեգ» եզրը չի համապատասխանի ամբողջ Ավետյաց երկրի լայնությանը): Հնարավոր է, որ չափման միավորի բացակայությունը նպատակ ունի արծարծելու երկնային, անչափելի մեծությունների մասին գաղափարը: 4-րդ համարից պարզ է դառնում, որ երկրի այդ հողակտորը կազմելու է քահանաների տարածքը, որը հատկապես սրբազան է լինելու՝ տաճարին կից լինելու շնորհիվ։ Յոթանասնից թարգմանության ձեռագրերի մեծ մասում այս հողակտորի լայնությունը մեծացվում է մինչև 20000-ի` այդպիսով այդ տարածքի մեջ ներառելով նաև Ղևտական հողակտորը (5-րդ համար):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Եւ երբ ձեր մէջ հողի, իբրեւ ժառանգութեան, համար վիճակ գցէք ու բաժանէք, այդ հողից Տիրոջ համար առանձնացնելու էք սուրբ նուէրը՝ քսանհինգ հազար ձողաչափ երկարութեամբ ու տասը հազար ձողաչափ լայնութեամբ, այնպէս որ բոլոր սահմաններում չորս կողմերից էլ նուիրագործուած լինի:
(Արարատ թարգ․) Երբ վիճակ գցեք երկիրն իբրև ժառանգություն բաժանելու համար, Տիրոջը մի սրբագործված նվեր պիտի առանձնացնեք հողից. երկարությունը՝ քսանհինգ հազար կանգուն, լայնությունը՝ տասը հազար։ Սա իր բոլոր սահմաններում շուրջբոլորը սուրբ պիտի լինի։
(Գրաբար) Եւ ‘ի վիճակել ձեզ զերկիրն ‘ի ժառանգութիւն, զատուսջի՛ք պտուղ Տեառն սուրբ ‘ի յերկրէն. քսան և հինգ հազար յերկայնութիւն, և տասն հազար ‘ի լայնութիւն, նուիրեալ եղիցի յամենայն սահմանս նորա շուրջանակի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: