Մաղաքիա արք. Օրմանյան
5-10․ Եւ առաքեալները Տիրոջն ասացին. «Աւելացրո՛ւ մեր հաւատը»: Եւ Տէրն ասաց. «Եթէ մանանեխի հատիկի չափ հաւատ ունենաք եւ այս թթենուն ասէ՛ք՝ «Արմատախի՛լ եղիր եւ տնկուի՛ր ծովի մէջ», նա՛ իսկ կը հնազանդուի ձեզ»: «Իսկ ձեզնից ո՞վ, որ հողագործ կամ հովիւ ծառայ ունի, երբ սա ագարակից տուն մտնի, նրան կ՚ասի իսկոյն՝ «Անցի՛ր սեղան նստիր». այլ նրան չի՞ ասի՝ «Պատրաստի՛ր, ինչ ընթրելու եմ, եւ գօտի կապած՝ ծառայի՛ր ինձ, մինչեւ որ ուտեմ եւ խմեմ, եւ ապա կ՚ուտես եւ կը խմես դու»: Միթէ տէրը շնորհապա՞րտ կը լինի այդ ծառային, որ իր բոլոր հրամանները կատարեց: Նոյնպէս եւ դուք, երբ կատարէք այն բոլորը, որ ձեզ հրամայուած է, ասացէք, թէ՝ «Անպիտան ծառաներ ենք. ինչ որ պարտաւոր էինք անել, ա՛յն արեցինք»»:
Հիսուսի պատմած առակները և հայտնած ճշմարտությունները և առաքյալներին խոստացված վարձերը ավելի բորբոքեցին իրենց եռանդը: Հիսուսին և ավետարանին նվիրվելու իրենց փափագն ավելի սաստկացավ և դրանում հաջողության հասնելու համար ասում են Հիսուսին. «Տե՛ր, շատացրու մեր հավատքը: Սակայն հավատքը քիչ ու շատ չունի, կշռելու ու չափելու նյութ չէ, նրա ուժն իր հաստատության մեջ է: «Մանանեխի փոքրիկ սերմի չափ էլ հավատք ունենաք, - ասում է Հիսուս, - բավական է ամենից մեծ գործերն անելու համար, եթե հաստաբուն թթենուն էլ հրամայեք, որ դուրս գա տեղից և իջնի ծովի վրա, որ անմիջապես ելնի, օդով անցնի ու ծովի վրա կանգնի»: Այդ բացատրության մեջ, անշուշտ, մանանեխի հատիկի նյութական չափը և թթենու տեղից արմատախիլ լինելն ու ուրիշ տեղ գնալը փոխաբերական իմաստով պետք է հասկացվեն ու ոչ թե իրենց նյութական ու տառական իմաստով:
Հավատքի մասին բացատրություն տալուց հետո մի խրատ էլ ավելացնում է պարտքերի կատարման մասին և մի ձևով չափավորում հարյուրապատիկ փոխարինության և աթոռակից լինելու հրապուրիչ վարձերը, որը քիչ առաջ առաքյալներին էր խոստանում, որոնք ավետարանի ծառայությանն էին անցել:
Հիսուս ուզում է ասել. «Ինչ էլ որ անեք, որքան էլ արդյունավոր լինեք, շատ մեծամտանալու և շատ պահանջկոտ լինելու պետք չունեք, ձեր արածը ձեր պարտքն է. ինչ որ անեք, ձեր պարտքը կատարելուց հետո ավելին արած չեք լինի: Օրինակ՝ մի գյուղական տանուտեր, որ իր ձեռքի տակ մի հողագործ կամ հովիվ ծառա ունենա, երեկոյան միասին աշխատանքից վերադարձած ժամանակ մի՞թե ծառային կասի՝ համեցի՛ր, նստի՛ր, հանգստացի՛ր, թե՞ կասի՝ վեր կաց, կերակուրս պատրաստիր, կերակուրս տու՛ր, խմելիքս հոգա, հետո էլ տուն գնա՛, կե՛ր ու խմի՛ր: Եվ երբ որ ծառան կատարի տիրոջ ասածը, մի՞թե կարող է սպասել, որ տերը պարտավոր
լինի իրեն խորին երախտագտագիտություններ հայտնել, քանի որ նրա ասածներն արեց և կերակուր տվեց: Նույնն էլ ձեզ համար է: Երբ ինչը որ ձեր պաշտոնն է, կատարում եք և ինչ որ ձեզ հրամայվում է՝ գործադրում եք, պետք չէ, որ դուք երախտագիտության կամ շնորհակալության վարձեր սպասեք, այլ անկեղծ սրտով պետք է համոզված լինեք, որ ձեր պարտքից ավելին չեք արել և բերանով էլ պետք է հայտարարեք, թե՝ արածներս մի բան չի, մենք խոնարհ ծառաներ ենք, արածներս էլ մեր պարտականությունից ավելին չէ»:
Այս խրատը մի մտերմական հանձնարարություն է առաքյալներին և կատարյալ ընտանեկան ոճ ունի: Սակայն խրատի իմաստը տարածվում է նախապես ամբողջ ավետարանի և եկեղեցու բոլոր պաշտոնյաների վրա, և երկրորդաբար՝ բոլոր աստվածային օրենքների և հրամանների հպատակ գտնվող հավատացյալների վրա: Բոլորի համար չափավորության և համեստության կանոն է՝ համոզված լինել, թե ինչ լավության և ինչ բարության գործ որ անեն, իրենց պարտականությունից ավելին չեն անում, որովհետև ամենքս էլ Աստծու ծառաներն ենք. նա մեզնից ամեն տեսակ հնազանդություն և հրամանակատարություն պահանջելու իրավունք ունի և պետք չէ շատ մեծամտանանք կամ պահանջկոտ լինենք, երբ որ նրա օրենքներն ենք պահում ու գործածում:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: