Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 11:1

Մաղաքիա արք. Օրմանյան

1-16. Եւ մի հիւանդ կար, Ղազարոս անունով, Բեթանիայից՝ Մարիամի եւ նրա քոյր Մարթայի գիւղից: Սա այն Մարիամն էր, որ իւղով օծեց Տիրոջը եւ իր մազերով սրբեց նրա ոտքերը: Եւ սրա եղբայր Ղազարոսը հիւանդ էր: Սրա քոյրերը նրա մօտ մարդ ուղարկեցին եւ ասացին. «Տէ՛ր, ահաւասիկ նա, ում դու սիրում էիր, հիւանդացել է»: Երբ Յիսուս լսեց, ասաց. «Այդ հիւանդութիւնը մահաբեր չէ, այլ Աստծու փառքի համար է, որպէսզի դրանով Աստծու Որդին փառաւորուի»: Յիսուս սիրում էր Մարիամին, նրա քրոջը՝ Մարթային, եւ Ղազարոսին: Լսելուց յետոյ, թէ Ղազարոսը հիւանդացել է, նա տակաւին երկու օր մնաց այնտեղ, ուր գտնւում էր: Ապա դրանից յետոյ իր աշակերտներին ասաց. «Եկէ՛ք վերստին գնանք Հրէաստան»: Աշակերտները նրան ասացին. «Ռաբբի՛, հրեաները դեռ նոր էին ուզում քեզ քարկոծել, եւ նորից այնտե՞ղ ես գնում»: Յիսուս պատասխանեց. «Ցերեկը տասներկու ժամ չունի՞. եթէ մէկը ցերեկն է քայլում, չի սայթաքում, որովհետեւ այս աշխարհի լոյսը տեսնում է, իսկ եթէ մէկը գիշերն է քայլում, սայթաքում է, որովհետեւ հետը լոյս չունի»: Այս բաներն ասելուց յետոյ նորից ասաց նրանց. «Մեր բարեկամ Ղազարոսը ննջել է, սակայն ես գնում եմ, որ նրան արթնացնեմ»: Աշակերտները նրան ասացին. «Տէ՛ր, եթէ ննջել է, ապա կ՚առողջանայ»: Բայց Յիսուս նրա մահուան մասին էր ասում, մինչդեռ նրանց այնպէս թուաց, թէ նա քնով ննջելու մասին է խօսում: Այն ժամանակ Յիսուս նրանց յայտնապէս ասաց. «Ղազարոսը մեռաւ. բայց ես ուրախ եմ ձեզ համար, որ այնտեղ չէի. որպէսզի դուք ինձ հաւատաք: Արդ, եկէ՛ք գնանք նրա մօտ»: Թովմասը, որ Երկուորեակ էր կոչւում, աշակերտակիցներին ասաց. «Եկէ՛ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք»:
   
    Վերջին անգամ Հիսուս Երուսաղեմում գտնվում է Նավակատյաց տոնին, որը հռոմեական 782, մեր թվականի 29-ն է և Հիսուսի 33-րդ տարվա դեկտեմբերի 20-ին է, ինչպես բացատրեցինք (Հովհ. 10:22): Հակառակության բորբոքումը և քարկոծելու սպառնալիքը հորդորել էին Հիսուսին՝ նորից հեռանալ Երուսաղեմից և գնալ Բերեա և քարոզել Հորդանանի եզերքը՝ Բեթաբրայի մոտերը: Այդտեղ խոսված քարոզություններից և տեղի ունեցած միջադեպերից բավական մասեր պահպանել են մեր ավետարանիչները, և մենք դրանք լուսաբանեցինք (Ղուկ. 14:26-35-17:5-10): Ցույց տվեցինք, որ սրանց մի մասը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Հիսուս, Բեթաբրայից հեռանալով, Բերեայով անցել էր Հրեաստանի հյուսիսային կողմը՝ Սամարիայի սահմանագլխի վրա (Ղուկ. 17:11-19), նորից կամաց-կամաց Երուսաղեմին մոտենալու համար, որովհետև ինքն էլ ասել էր, թե «Ոչ է մարթ մարգարէի կորնչէլ արտաքոյ, քան զԵրուսաղէմ» Ղուկ. 13:33: Բայց պետք էր, որ փրկչական տնօրինությունների սահմանված ժամանակը լրանար: Երուսաղեմից մեկնելուց հետո գրեթե երկու ամիս և թերևս ավելի էր անցել, փետրվարի վերջին կամ մարտի առաջին օրերն էին, որ Հիսուս գտնվում էր Հորդանանի աջ եզերքում, Հրեաստանի կողմի գետեզերքը բարձրացող լեռնային երկրում, Երուսաղեմից երկու օրվա ճանապարհ հեռու: Այնտեղ հանկարծ մի խնդրանք է հասնում Հիսուսին: Նրա ուր գտնվելը հետազոտելուց հետո այդ մարդուն վերջապես հաջողվել էր գտնել Հիսուսին և հաղորդել իրեն հանձնված լուրը: Բեթանիացի երկու քույրեր՝ Մարթան և Մարիամը, որոնց հետ արդեն ծանոթացել էինք որպես Երուսաղեմում գտնվելու Հիսուսին հյուրընկալողներ (Ղուկ. 10:38-42), ուղարկել էին այդ խնդրակին, որպեսզի տեղեկացնեին, թե իրենց եղբայրը՝ Ղազարոսը, արդեն երկար ժամանակ է հիվանդ է, դեղերը ոչ մի օգուտ չեն տվել, ավելի է ծերացել և խնդրում էին, որ գա ու բժշկի իր սիրելի բարեկամին: Իրոք, Հիսուս մի առանձնակի սեր և բարեկամություն ուներ Բեթանիացի այդ ընտանիքի հետ, ինչպես Ղազարոսի,այնպես էլ Մարթայի ու Մարիամի հետ, որովհետև ոչ միայն աստվածավախ և առաքինի տուն էին, այլև խնամել ու գուրգուրել էին Հիսուսին և հոգում էին նրա բոլոր կարիքները:
    Ղազարոսի մասին Ավետարանում այլ տեղեկություն չունենք. իսկ անվան նմանությամբ այդ Ղազարոսին՝ աղքատ Ղազարոսի հետ նույնացնելը, ինչպես ոմանք մտածում են, բոլորովին անտեղի է: Աղքատը վիրավոր և անտուն մի խեղճ էր, մինչ բեթանիացին Հիսուսին և առաքյալներին հյուրասիրելու և կերակրելու կարող տանուտեր էր: Աղքատն ըստ առակի վաղուց պետք է մեռած լիներ, այնինչ՝ բեթանիացին դեռ կենդանի էր, թեպետ հիվանդ: Որպես Հիսուսի սիրելի, նրան հավատացող մեկն էր, բայց Յոթանասուներկուսից չէր, քանի որ նրանք հավանաբար բոլորն էլ գալիլիացիներ էին, իսկ Ղազարոսը Հրեաստանից էր, նաև Ղազարոսը Հիսուսի հրամանով չէր գնացել քարոզության, այլ ապրում էր Հրեաստանում, Երուսաղեմի մոտ գտնվող Բեթանիա գյուղում, իսկ նրա հյուրընկալության մասին արդեն պատմեցինք (Ղուկ. 10:38-42):
Ավետարանը Մարիամի մասին ավելացնում է, թե սա էր, որ Հիսուսի ոտքերն օծեց անուշ յուղով և մազերով չորացրեց: Սովորաբար, քանի որ նախընթաց պարագա կարող է տրված լինել որպես ծանոթացնելու նշան, շատերը կարծեցին, թե այս բեթանիացի Մարիամը այն նույն մեղավոր կինն է, որ Կափառնայումում արցունքով լվանում էր Հիսուսի ոտքերը, մազերով սրբում և անուշ յուղով օծում (Ղուկ. 7:36-50 - 8:1-3): Սակայն մենք այնտեղ էլ բացատրեցինք, որ այդ մեղավոր կինը ո՛չ բեթանիացի Մարիամն է և ո՛չ էլ Մագդաղենացի Մարիամը, այլ բոլորովին ուրիշ մի կին, որին Հիսուս երբեք չպահեց իր մոտ, այլ հեռացրեց և արձակեց՝ ասելով «Երթ ի խաղաղութիւն» Ղուկ. 7:50: Իսկ ավետարանչի տված նշանը, ոչ թե վաղուց, այլ ավելի ուշ կատարված մի օծման է պատկանում, որ տեղի ունեցավ Հիսուսի վերջին օրերի ընթացքում, ինչպես պետք է պատմենք, և որի համար առաքյալները մեղադրեցին կնոջը, բայց Հիսուս գովեց և հանձնարարեց, որ ուր Ավետարանը քարոզվի, այդ կնոջ անունն էլ հիշվի Մարկ. 14:9, Մատթ. 26:13: Ավետարանչի նպատակը ոչ թե պատմական կարգով խոսելն է, այլ իր ընթերցողներին հիշեցնել, որ այդ Մարիամը Հիսուսի հրամանով հռչակված կինն է: Իրոք այս ձևով Ավետարանիչը Բեթանիացի Մարիամին ծանոթացնում է կանխավ կատարված մի իրողությամբ, բայց ոչ թե Ղազարոսի հիվանդությունից առաջ, այլ իր ավետարանի գրելուց առաջ կատարված իրողությամբ:
    Երբ Հիսուս լսում է եկող մարդուց, որ Ղազարոսը ծանր հիվանդ է, հանդարտորեն պատասխանում է. «Դա մահացու հիվանդություն չէ, հոգ անելու բան չէ, այդ առթիվ Աստծու փառքը պիտի հայտնվի և Աստծու Որդին պիտի փառավորվի, ամենևին էլ շտապելու կարիք չկա»: Այս ասելով՝ ճանապարհում է խնդրանքը բերող մարդուն: Թեպետ այդ մարդը, որ տեսել էր Ղազարոսի ծանր վիճակը, ամեն կերպ ջանում էր համոզել Հիսուսին անմիջապես ճամփա դուրս գալ, բայց առաքյալները, որ հիշում էին սպառնալիքների պատճառով իրենց վերջին անգամ Երուսաղեմից մեկնելը, գոհ էին, որ Հիսուս նորից Երուսաղեմ վերադառնալու միտք չունի և ամենևին էլ վրա չէին տալիս խնդրակին և չէին օգնում նրա ստիպումներին: Խնդրակը վերադարձավ և Հիսուս երկու օր էլ մնաց նույն տեղում, առանց ուղևորվելու ցանկություն հայտնելու: Բայց իսկական իրողությունն այլ էր. Ղազարոսն արդեն մեռած էր այդ նույն օրը, երբ խնդրակը հասել էր Հիսուսին և երբ Հիսուս պնդում էր, որ նրա հիվանդությունը մահացու չէ: Հիսուսից բացի եղելության մասին իմացող չկար և նա էլ այդպես էր խոսում, որովհետև Ղազարոսը վերջնականապես մեռած չէր լինելու:
    Երրորդ օրն առավոտյան, երբ առաքյալները գոհ էին, որ ազատ էին Երուսաղեմի վտանգից, հանկարծ Հիսուս ճամփորդության եկնելու ձայն է տալիս. «Վե՛ր կացեք, գնանք Երուսաղեմ»: Առաքյալները շվարում են. «Վարդապե՛տ, - ասում են, - հազիվ քարկոծումից ազատ, այս կողմերում ապահով տեղ ես գտնվում, մենք էլ քեզ հետ նեղություններից և երկյուղից զերծ ենք մնում, ինչու՞ ես նորից ուզում Երուսաղեմ վերադառնալ և նորից ինքդ քեզ ու մեզ էլ վտանգի ենթարկել»: «Վտանգը, - պատասխանում է Հիսուս, - գիշերը՝ մթնով քայլողին է հանդիպում, ցերեկվա տասներկու ժամերին քայլողի համար վտանգ չկա, քանի որ գիտի ուր է գնում և տեսնում է կոխած տեղը: Մենք էլ գիտենք և տեսնում ենք, թե ուր ենք գնում, և կոխած տեղերը տեսնում ենք, տեղերն ու հանգամանքները գիտենք, կարող ենք վտանգից ազատ մնալ: Մյուս կողմից մեր գնալը պարտադիր է, մեր բարեկամն ու մեզ հյուրընկալող Ղազարոսը ննջել է, պետք է գնամ, նրան արթնացնեմ»: «Եթեց քնել է, - պատասխանում են առաքյլաները, - ինքն իրեն էլ կարթնանա, արթնացողի կարիք չունի, մենք էլ վտանգին դեմ գնալու հարկ չունենք»: Առաքյալները «ննջելը» քնել էին հասկանում, բայց Հիսուս մեռնելու իմաստով էր ասում և տեսնելով, որ առաքյալները այս հասարակ փոխաբերությունն էլ չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ, ստիպված է լինում բացահայտ կերպով կրկնել. «Ղազարոսը մեռավ, բայց մի՛ այլայլվեք, մի՛ հուսահատվեք, գործի վերջին սպասեցեք. լավ եղավ, որ ես այնտեղ չէի և չբժշկեցի նրան, քանի դեռ նա մահացած չէր, որովհետև այս ձևով ավելի նշանավոր հրաշքի առիթ ստեղծվեց, և երբ դուք նրան տեսնեք, իմ մասին ունեցած ձեր բոլոր կասկածները պետք է փարատվեն և պետք է կատարելապես հավատաք ինձ ու իմ վարդապետություններին, ինչը որ ինձ մեծ ուրախություն կպատճառի: Ուրեմն, բնավ վարանելու տեղ չկա. վե՛ր կացեք, ճամփա ընկնենք և գնանք Բեթանիա, Ղազարոսի տունը»: Երբ առաքյալները, դեռևս վարանելով դանդաղում էին ճամփա դուրս գալ և կրկնում են Երուսաղեմի վտանգների մասին, նրանց միջից Թովմասը քաջալերում է ընկերներին. «Եղբայրնե՛ր, վարանելու ժամանակը չէ, վարդապետը մտադրվել է գնալ, և մենք չենք կարող նրա միտքը փոխել. ուրեմն եկեք միասին գնանք, եթե վտանգի հանդիպի, կօգնենք, եթե մենք էլ վտանգի հանդիպենք, հոգ չէ, եթե մեռնելն էլ կա՝ միասին կմեռնենք, վարդապետին մենակ չենք կարող թողնել»: Այս խոսքերի վրա անմիջապես վեր են կենում իրենց տեղերից և Երուսաղեմի ճամփան բռնում:
    Ուշադրության է արժանի Հիսուսի ասածը, թե ցերեկը միշտ տասներկու ժամ է, ինչ որ մեր այժմյան ժամացույցով ճիշտ չէ, քանի որ օրը քսանչորս հավասար մասերի ենք բաժանում. այնինչ հին ժամանակներում տարբերում էին մութն ոև լույսը, գիշերն ու ցերեկը առանձին-առանձին էին վերցնում, և յուրաքանչյուրը, թե՛ երկար և թե՛ կարճ եղած ժամանակ միշտ տասներկու մասի էին բաժանում և ամռան ու ձմեռվա ժամերը հավասար չէին՝ ինչպես ուրիշ տեղում էլ բացատրեցինք (Մատթ. 14:24-34): Թովմաս առաքյալի համար էլ պետք է ասենք, որ նրա բուն անունը Հուդա էր, իսկ Թովմասը մականունն էր, որ նշանակում է երկվորյակ և հունարեն լինում է Դիդիմոս, ինչպես հիշեցինք (Մատթ. 10:2-4): Ավելացնենք նաև, որ Թովմասի մասին ասված թերահավատություններն ամենևին րի հաստատվում, այլ հաստատվում է, որ այս դեպքում բոլորից անձնվեր և արիասիրտ առաքյալն էր: