Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 11:45

Մաղաքիա արք. Օրմանյան

45-53. Հրեաներից շատերը, որոնք եկել էին Մարիամենց մօտ, երբ տեսան, ինչ որ Յիսուս արեց, հաւատացին նրան:  Իսկ նրանցից ոմանք գնացին փարիսեցիների մօտ եւ պատմեցին նրանց, ինչ որ Յիսուս արեց: Քահանայապետներն ու փարիսեցիները ատեան գումարեցին եւ ասացին. «Ի՞նչ անենք, քանի որ այդ մարդը բազում նշաններ է անում: Եթէ նրան այնպէս թողնենք, ամէնքը կը հաւատան նրան, եւ հռոմէացիները կը գան ու կը վերացնեն մեր ազգն ու մեր սրբավայրը»: Նրանցից մէկը՝ Կայիափա անունով, որ այդ տարուայ քահանայապետն էր, նրանց ասաց. «Դուք ոչինչ չգիտէք, ոչ իսկ խորհել էք, թէ մեզ համար աւելի լաւ է, որ մէկ մարդ մեռնի ժողովրդի համար, քան թէ ամբողջ ազգը կորչի»: Այս բանը նա ինքն իրենից չասաց, այլ, քանի որ այդ տարուայ քահանայապետն էր, մարգարէացաւ, որ Յիսուս մեռնելու էր ազգի համար: Եւ ոչ միայն ազգի համար, այլ՝ որպէսզի նաեւ Աստծու ցրուած որդիներին ի մի հաւաքի: Ապա այն օրուանից խորհուրդ արեցին, որ նրան սպանեն:
   
    Ղազարոսի հարությունը տարբեր սպավորություններ գործեց այն բազմության վրա, որ հավաքվել էր Մարթային և Մարիամին ցավակցելու համար և երկու քույրերի հետ գերեզման էր եկել: Նշանավոր դեպքը, Հիսուսի հասնելը, քույրերին դիմավորելը և գերեզման գնալը անշուշտ շատ բեթանիացիների առիթ էր տվել հետևել այցելուներին: Եվ երբ Ղազարոսը գերեզմանից ողջ-առողջ ելավ, ուր չորս օր թաղված էր մնացել, բազմաթիվ ժողովուրդ ներկա և ականատես վկա էր եղել այդ մեծ հրաշագործությանը: Նրանք, ովքեր չունեին կանխակալ կարծիքներ և տոգորված չէին հակառակության ոգով, հրաշքի ազդեցության տակ՝ նրա ակնհայտ ճշմարտության առջև պարտավորվեցին խոստովանել, որ Հիսուսի վրա աստվածային զորություն կա, որ նա
սահմանված է Աստվածային գործ կատարելու, նրա քարոզած վարդապետությունը նույնպես աստվածային է, և սկսեցին համարձակորեն հայտարարել, թե Հիսուս ակնկալված Մեսիան է:
    Բայց ներկաներից ոչ բոլորն այդ զգացումն ունեին: Նրանց մեջ կային և անտարբեր մարդիկ, թե՛ կանխակալ հակառակորդներ, որոնք մնացին շվարած՝ չկարողանալով ո՛չ ուրանալ հրաշքը, ո՛չ էլ հավատալ Հիսուսին, շտապեցին Երուսաղեմ՝ տեսածը փարիսեցիներին պատմելու և տեղեկացնելու, որ ժողովրդի մեջ մեծ հուզումներ են տեղի ունեցել, Հիսուսին համակրողները զորացել են, և նորից ու նորից շատերն են հավատացել Հիսուսին և անցել նրա կողմը: Փարիսեցիներն իրար անցան, հրապարակավ և բազմության առջև մեռածի հարությունը ծանուցելը հեշտությամբ ուրանալու և այլ կերպ մեկնելու բան չէր: Անհրաժեշտ էր ավելի ազդեցիկ և գործնական միջոցներ գտնել՝ Հիսուսի հետզհետե տարածվող ազդեցությունը ջնջելու:
    Սինեդրիոնը ստիպողական և բացառիկ ժողով գումարեց. քահանայապետերից, փարիսեցիներից և սադուկեցիներից եղող ժողովի անդամները սկսեցին խորհրդակցել. «Ի՞նչ անենք, ի՞նչ միջոցի դիմենք, որ Հիսուսի ունեցած հաջողությունների դիմացն առնենք: Նրա սովորեցրած վարդապետությունը համաձայն չէ մեր ուղղությանը, որը մեր տեսանկյունից ուղիղ էլ չէ, սակայն վարդապետության սրբությունը և ճշմարտությունն ինքն իրեն է հայտնվում և, ավելին, հրաշքներով է հաստատվում: Մինչև հիմա մեր ջանքերը ապարդյուն են անցել, չենք կարողացել մի հիմնավոր մեղադրանք առաջ քաշել վարդապետության դեմ, ոչ էլ գտնել հրաշքների իսկությունը խախտելու եղանակը: Մեր բուռն ջանքերին հակառակ՝ նրա կողմը զորանում է, ժողովուրդը նրա ետևից է գնում, Մեսիա և Փրկիչ հռչակելով նրան: Չէ՞ որ այս պարագաները կարող են հռոմեացնիների կասկածը արթնացնել և բոլորիս վտանգել: Հետևաբար, չի կարելի անտարբեր մնալ, պետք է վտանգը կանխելու համար հիմնավոր որոշում կայացնել»:
    Այս խոսքերը վիճաբանության տեղիք տվեցին, բոլորը սկսեցին տեսակ-տեսակ կարծիքներ հայտնել: Իհարկե, նպաստավոր խոսողներ էլ գտնվեցին, քանի որ Հիսուսի համակիրներից գոնե երեքը՝ Նիկոդիմեոս Փարիսեցին, Հովսեփ Արեմաթացին և Գամաղիել օրենուսույցը ծանոթ են մեզ: Ուրիշներն էլ եղած պիտի լինեն, որովհետև, ըստ Ավետարանչի. «յիշխանաց անտի բազումք հաւատացին ի նա» Հովհ. 12:42: Սակայն համակրողները փոքրամասնություն էին կազմում և հակառակորդների ձայները գերիշխում էին: Վիճաբանությունը վերջ դնելու նպատակով խոսեց ինքը՝ սինեդրիոնի նախագահ Հովսեփ Կայիափա քահանայապետը. «Դուք իզուր եք վիճում՝ խնդրի ծանրությունը հաշվի չառնելով: Ինձ համար պարզ է, որ դուք լիովին չեք պատկերացնում, թե ինչ է կատարվում և տրամաբանորեն մտածելու ունակ չեք: Խոսքը ոչ թե մեկի անհատական շահի մասին է, այլ՝ ընդհանուր շահի: Մեզ ի՞նչ, թե ինչպես է գործում Հիսուս և ինչ զորությամբ: Երբ տեսնում ենք, որ Հիսուսի անձը և ընթացքը վտանգավոր է դառնում հանրությանը, մեր նպատակը պիտի լինի Հիսուսին մեջտեղից վերացնելը»:
    Կայիափայի խոսքերը իր ազդեցությունն ունեցավ: Մեծամասնությունն ամենայն եռանդով իր հավանությունն ու համաձայնությունը տվեց, իսկ խոհականության կողմնակիցները չկարողացան որևէ բան անել և լռեցին, իսկ ժողովը որոշեց, որ պետք է որոնել Հիսուսին սպանելու մի հարմար առիթ, աշխատելով չխախտել օրինականությունը և խուսափել անհատական պատասխանատվությունից:
    Այդ օրվանից Հիսուսի սպանությունը որոշված էր: Ճիշտ օրը հաշվարկել դժվար է, բայց, ինչպես արդեն հիշեցինք, Ղազարոսի հարությունը և Հիսուսի սպանության որոշումը պետք է եղած լինի փետրվարի վերջում կամ մարտի առաջին օրերին:
    Կայիափայի կողմից արված առաջարկը Հովհաննես ավետարանչին առիթ է տալիս բացատրել Հիսուսի մահվան փրկագործ խորհուրդը. «Իսկապես, Կայիափայի ասածը ճշմարիտ էր: Հիսուս մեռնելու էր ժողովրդին փրկելու համար, բայց ոչ միայն հրեա, այլ ողջ աշխարհի ժողովուրդներին: Բայց խոսքը վերաբերվում է ոչ թե Կայիափայի նկատի ունեցած մարմնավոր փրկությանը, այլ աստվածային խորհրդով նախասահմանված հոգևոր փրկությանը, որովհետև Հիսուսի մահվամբ բոլոր մարդիկ հոգևոր փրկությամբ իրար պիտի մերձենային: Նրանք, ովքեր Աստծու որդիները լինելով, հեռացած ու ցրված են Աստծու տնից, նորից Աստծու տուն պիտի վերադառնային և հավաքվեին իրենց Երկնավոր Հոր հովանու ներքո»: Հրեաների համար քահանայապետական աստիճանը նվիրական և աստվածամերձ մի վիճակ էր, քահանայապետը, եթե արժանավոր մարդ էլ չլիներ, ճշմարտության պատգամախոս էր, ինչը Հիսուս մեկ ուրիշ տեղ ասել էր, թե արածներին մի նայեք, բայց ասածները հարգեցեք Մատթ. 23:3: Հովհաննեսը գրեթե նույն ըմբռնումով է խոսում, երբ նկատում է, թե թեպետ Կայիափան ուղիղ մտքով չասաց, բայց իր քահանայապետական աստիճանի զորությամբ ճիծտը խոսեց և առանց իմանալու մարգարեացավ, երբ ասաց, թե՝ պետք է Հիսուս մեռնի ի վերայ ժողովրդեան, քանի որ Հիսուս ժողովրդի հոգևոր փրկության համար էր մեռնելու:
    Իսկ Կայիափայի մասին գրվածը, թե «քահանայապետ էր տարւոյ այնոսիկ» ոմանք այնպես են մեկնել, թե այն ժամանակ քահանայապետությունը տարեկան պաշտոն էր և յուրաքանչյուր տարի փոխվում էր: Իսկ հովհաննես Մկրտչի քարոզության թվականի մասին Ղուկասի ասածը, թե «ի քահանայապետութեան Աննայի եւ Կայիափայ» Ղուկ. 3:2, այնպես են մեկնում, թե Աննան և Կայիափան իրենց պաշտոնը վարում էին մեկական տարի: Ըստ ստույգ տեղեկությունների Կայիափայից առաջ Հռոմի 768, 769, 770 և մեր թվարկության 15, 16, 17 թվականներին մեկական տարով քահանայապետի պաշտոնը զբաղեցրել են Իսմայելը, Եղիազարն ու Սիմեոնը (Մատթ. 3:1-3), բայց Հովսեփ Կայիափան, որ Աննայի փեսան էր, պաշտոնի անցավ Վաղերիոս Գրատոս դատավորի իշխանության օրոք, Հռոմի 771 և մեր 18 թվականին, և իր պաշտոնին մնաց մինչև Հռոմի 789թ. և մեր 36 թվականը, Վիտեղիոս դատավորի օրը և 18 տարի շարունակ պաշտոնավարեց, բայց տարեկան քահանայապետ չեղավ: Ոմանք կարծեցին, թե Կայիափան շարունակ վերահաստատելով մնաց այդ պաշտոնին, սակայն ասյդ մասին բացահայտ հիշատակություն չկա: Մյուս կողմից Ավետարանչի այն խոսքը, թե «Քահանայապետ էր տարւոյն այնորիկ» տեղիք չի տալիս ընդունելու մեզ տարեկան քահանայապետության իմաստով, այլ պարզապես ցույց է տալիս, թե նա էր քահանայապետը Հիսուսի չարչարանքի և մահվան նշանավոր թվականին:
    Իսկ Աննայի քահանայապետության մասին, որ հիշված է թե՛ Հովհաննես Մկրտչի քարոզության թվականին Ղուկ. 3:2 և թե՛ Հիսուսի չարչարանքների առիթով Հովհ.18:13, պետք է նշել, որ Աննան կամ Աննասը կան Անանոսը՝ որդի Սեթի, իրոք քահանայապետ եղավ Հռոմի 759-ից մինչև 768 թվականը կամ մեր 6-ից մինչև 15 թվականները, Կուիրինոս դատավորի իշխանությամբ: Երբ նա դուրս եկավ քահանայապետությունից՝ պահեց քահանայապետ տիտղոսը, իր հմտությամբ և ձիրքերով պատկառանք ներշնչելով և իր որդիներին ու փեսային քահանայապետ տեսնելու բախտն ունեցավ և բոլորի կողմից ակնածելի անձ համարվեց, հետևաբար, բոլորովին զարմանալի չէ, որ նա հիշատակվում է որպես քահանայապետ: