Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 12:23

Մաղաքիա արք. Օրմանյան

23-28. Եւ Յիսուս նրանց պատասխանեց ու ասաց. «Հասաւ ժամը, որ փառաւորուի մարդու Որդին: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ ցորենի հատիկը հողի մէջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կը մնայ, իսկ եթէ մեռնի, բազում արդիւնք կը տայ: Ով սիրում է իր անձը, կը կորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կը պահի յաւիտենական կեանքի համար: Եթէ մէկն ինձ ծառայի, իմ յետեւից կը գայ. եւ ուր ես եմ, այնտեղ կը լինի եւ իմ ծառան. եթէ մէկը ինձ ծառայի, նրան կը պատուի իմ Հայրը: Բայց այժմ հոգիս խռովուած է. եւ ի՞նչ ասեմ. Հա՛յր, փրկի՛ր ինձ այս ժամից: Բայց ես հէնց այս բանի համար եմ եկել այս ժամին: Հա՛յր, փառաւորի՛ր քո անունը»: Երկնքից մի ձայն եկաւ. «Ե՛ւ փառաւորեցի, եւ դարձեա՛լ պիտի փառաւորեմ»:
   
    Ավետարանիչը այստեղ մեջբերում է մի գեղեցիկ հատված և սրտառուչ զգացումների արտահայտություն, առիթ ունենալով հեթանոս ուխտավորների հայտնած փափագը և Ավետարանի քարոզության ստացած ընդլայնումը: Հիսուսի խոսքերն ուղղված են Իր աշակերտներին և զգացնում են նրանց Ավետարանի քարոզության հաջողությունը: Երբ ավետարանիչը գրում է «Յիսուս պատասխանի ետ նոցա եւ ասէ», նկատի ունի ոչ միայն առաջարկ անող երկու առաքյալներին, այլ ամբողջ առաքելական խմբին:
«Այդ լուրը,- ասում է Հիսուս,- ձեր ներկայացրած խնդրանքը պիտի որ ձեզ էլ համոզի, թե Երկնքի Արքայության լրանալու և Մարդու որդու փառավորվելու ժամանակը հասել է: Բայց երբ ձեզ եմ խոսում իմ փառավորության մասին, չլինի թե տարբեր միտք ունենաք և աշխարհային կերպով հասկանաք: Իմ փառավորությունս ցորենի հատի փառավորություն է, որ մեկ հատիկից շատանում է, ծլում է, ծաղկում, հասկ կապում ու շատ արդյունք պտղաբերում:Սակայն այս փառավորման համար պետք է, որ ցորենի հատիկը հողի մեջ թաղվի ու մեռնի. իր փառավորումն իր իսկ վերջանալով և կորստյամբ է կատարվում: Այդպես է և ինձ համար, և ամեն մարդու համար: Մինչև մարդն իր անձը չկորցնի, այն չի շահի ու չի փառավորվի: Եթե մեռնի և կորստյան մատնվի այս աշխարհում, հավիտենական աշխարհում այն պահած կլինի: Այս է իմ փառավորությունը, որ այժմ կատարվում է: Ես մեռնելու եմ գնում և կարծես կորստյան եմ մատնվում, բայց իմ մահվան արդյունքը իմ փառավորությունն է: Ինչպես ես եմ, այնպես էլ ինձ հետևողները կլինեն: Ով կընդունի իմ Ավետարանը և ինձ կհետևի ինձ կնմանվի: Եթե այս աշխարհում իր անձը կորցնի, հավիտենական աշխարհում ինձ հետ փառավորություն կստանա: Որովհետև ես ու ինձ հետևողները միասին պետք է լինենք, ուր և ինչպես ես կլինեմ, նույն տեղում և նույնպես կլինի հավատարմությամբ ինձ հետևողը և իմ ավետարանի պաշտոնյան: Ինձ սիրող Երկնավոր Հայրս սիրում է և իմ ավետարանի պաշտոնյային, ինչպես ինձ է պատվում ու փառավորում, նույնպես պատվում ու փառավորում է իմ ավետարանի պաշտոնյային: Սակայն, որչափ հոգեկան տեսությամբ այդ փառավորթյունը ընդունելի է, նույնչափ ծանր է մարմնավոր զգայությամբ. Մարմնին հեշտ չէ կրել չարչարանք ու մահ: Այդ պատճառով ես էլ այս պահին դժվար պայքար եմ զգում. Միտքս ու սիրտս շփոթված են, տեսնում եմ արդյունքն ու փառավորությունը, բայց զգում եմ վիշտ ու նեղություն: Բայց ինչ անեմ, ինչ ասեմ: Մի թե խնդրեմ Երկնավոր Հորից, որ ինձ ազատի դժվարին վիճակից, խնայի ինձ այս նոր տեսակ փառավորթյունից, հեռացնի ինձնից սպասվող չարչարանքներն ու մահը: Բայց չէ որ այս նպատակներով եմ աշխարհ եկել, այդ նպատակի համար աշխատել եմ մինչև հիմա, այդ նպատակի լրման համար էր, որ այսօր, այս ժամին այստեղ եմ գտնվում»:
    Հիսուս մի պահ լռում է` այս սրտառուչ խոսքերից հետո, մի պահ աչքի առաջ է գալիս այդ երկյուղալի ճանապարհը, այդ տաժանակիր փառավորությունը, այդ փառավոր նեղությունը: Եվ կարծես, երկար վարանումից սթափվողի պես, աչքերը դեպի վեր է բարձրացնում, ձեռքերը պարզում դեպի երկինք և ամուր ու հաստատուն ձայնով գոչում. «Հայր, փառաւորեա զանուն քո. Հայր Երկնավոր, փառավորիր քո անունը, թող քո փառքը հաղթանակի, իմ չարչարանքն ու մահն էլ թող լինի իմ փառավորումը, որ է ավետարանի քարոզությունը և քարոզության տարածումը»: