Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 1:18

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Հիսուս Քրիստոսի ծնունդն այսպես եղավ. Նրա մայր Մարիամի` Հովսեփի հետ նշանադրությունից հետո, նախքան նրանց՝ միմյանց մերձենալը, պարզվեց, որ նա հղի է Սուրբ Հոգուց»։
   

    Որպեսզի չլինի թե դու, լսելով Մարիամի ամուսնու մասին, մտածես, որ Հիսուս ծնվել է ամենքի համար գործող բնության օրենքի համաձայն, տե´ս, թե ավետարանիչն ինչպես է այդ միտքը վանում իր հետագա խոսքերով: Լսել ես, - ասում է, - ամուսնու մասին, լսել ես մոր մասին, լսել ես Մանկանը տրված անվան մասին, այժմ էլ լսի´ր, թե Նա ինչպես է ծնվել: «Հիսուս Քրիստոսի ծնունդն այսպես եղավ»: Ասա´ ինձ, դու ի՞նչ ծննդյան մասին ես խոսում։ Դու ինձ արդեն իսկ պատմել ես Նրա նախնիների մասին։
    Ես ուզում եմ խոսել նաև Մանկան ծննդյան կերպի մասին, - ասում է ավետարանիչը։ Տեսնու՞մ ես, թե նա ինչպես է գրավում ունկնդրի ուշադրությունը։ Ասես մտադրվում է մի նոր բան ասելու, խոստանում է բացատրել Փրկչի Ծննդյան պատկերը։ Եվ տե´ս, թե ինչպիսի հիանալի կարգավորվածություն կա այս պատումի մեջ։ Ավետարանիչը հանկարծակիորեն չի սկսում խոսել Հիսուսի Ծննդյան մասին, այլ նախևառաջ (ըստ սերունդների հաջորդականության) մեզ հիշեցնում է, թե ով էր Քրիստոս, Որը սերում էր Աբրահամից, սերում էր Դավթից և Ում նախնիները գալիս էին Բաբելոնյան գերության ժամանակաշրջանից: Եվ այդպիսով ավետարանիչն իր ունկնդիրներին խրախուսում է մանրակրկիտ ուսումնասիրել տվյալ ժամանակաշրջանը` կամենալով ցույց տալ, որ Հիսուս հենց այն Քրիստոս է, Ում մասին կանխագուշակել էին մարգարեները: Իսկապես, երբ հաշվում ես սերունդները և ժամանակի ընթացքում իմանում ես, որ Հիսուս ճիշտ Ինքը` Քրիստոս է, այդժամ առանց դժվարության սկսում ես հավատալ ա´յն հրաշքին, որը տեղի էր ունեցել Հիսուսի Ծննդյան ժամանակ:
    Քանի որ ավետարանիչը պետք է խոսեր Հիսուսի` Կույսից ծնվելու մեծագույն խնդրի մասին, ուստի սկզբնապես, առանց ժամանակը որոշարկելու, միտումնավոր մթագնում է իր խոսքը՝ հիշատակելով Մարիամի ամուսնուն, ու նույնիսկ ընդհատում է Ծննդյան մասին պատմությունը: Իսկ այնուհետև արդեն ավետարանիչը սկսում է հաշվել տարիները՝ ունկնդրին հիշեցնելով, որ Ծնվածը նույնն Ինքն է, Ում մասին Հակոբ նահապետն ասում էր, որ Նա հայտնվելու է Հուդայի իշխանների նվազելուց հետո, և Ում մասին Դանիել մարգարեն կանխագուշակում էր, որ Նա գալու է շատ յոթնյակներ անցնելուց հետո: Եվ եթե որևէ մեկը ձեռնամուխ լինի հաշվարկել այն տարիները, որոնք հրեշտակը Դանիելին հայտնել էր յոթնյակների թվի տեսքով` քաղաքի կառուցումից սկսած մինչև Հիսուսի Ծնունդը, ապա կարող է համոզվել, որ Փրկչի Ծննդյան ժամանակը համընկնում է հիշյալ կանխասացության հետ։
    Ուրեմն, ասա´, Հիսուս ինչպե՞ս ծնվեց. «Նրա մայր Մարիամի…նշանադրությունից հետո»: Ավետարանիչը չի ասում` «Կույսի», այլ պարզապես՝ «Նրա մայր Մարիամի», որպեսզի խոսքն ավելի հասկանալի լինի։ Սակայն նախևառաջ ունկնդրին տրամադրելով մի սովորական լուր լսելուն և պահելով նրան այդ սպասումի մեջ` ավետարանիչը հանկարծ ապշեցնում է իր ունկնդրին՝ մի արտասովոր տեղեկություն հավելելով ու ասելով. «Նախքան նրանց՝ միմյանց մերձենալը, պարզվեց, որ նա հղի է Սուրբ Հոգուց»: Ավետարանիչը չի ասում` «նախքան Մարիամի` փեսայի տուն բերվելը, նա (Մարիամը) արդեն իսկ բնակվում էր նրա (Հովսեփի) տանը, քանի որ հնում այդպիսի սովորություն կար նշանված օրիորդին ավելի շատ ժամանակ պահել սեփական տանը, ինչի օրինակներն այսօր նույնպես կարելի է տեսնել։ Ղովտի փեսաները ևս բնակվում էին Ղովտի տանը։ Եվ այսպես, Մարիամը նույնպես Հովսեփի հետ ապրում էր միևնույն տան մեջ։
    Սակայն այդ դեպքում Մարիամն ինչո՞ւ չհղիացավ նախքան նշանադրությունը։ Որպեսզի, ինչպես ես սկզբում էլ ասացի, նրա հղիությունը որոշ ժամանակ գաղտնի մնար, իսկ Կույսը խուսափեր ամեն տեսակի չար կասկածանքից։ Նա, ով իրավասու էր բոլորից ավելի շատ խանդել (խոսքը Հովսեփի մասին է), ոչ միայն իր մոտից չի վտարում ու չի անարգում Մարիամին, այլ ընդունում է նրան և հոգ է տանում Աստվածածնի մասին նրա հղիության ընթացքում։ Անշուշտ, պարզից էլ պարզ է, որ եթե Հովսեփը հաստատապես համոզված չլիներ, որ Կույսի հղիությունը տեղի էր ունեցել Սուրբ Հոգու միջնորդությամբ, նա Մարիամին իր մոտ չէր պահի և ըստ ամենայնի չէր սպասավորի նրա կարիքներին:
    Դեռ ավելին, ավետարանիչը շատ արտահայտիչ կերպով ասում է. «Պարզվեց, որ նա հղի է»: Սովորաբար այդպես արտահայտվում են այնպիսի առանձնահատուկ ու անսպասելի իրադարձությունների վերաբերյալ, որոնք գերազանցում են բոլոր տեսակի ակնկալիքները: Ուրեմն, մի´ ձգտիր ավելի հեռուն գնալու, ասվածից ավելին մի´ պահանջիր և մի´ հարցրու, թե ինչպե՞ս Սուրբ Հոգին Կույսի որովայնում հղացավ Մանկանը: Եթե նույնիսկ բնական հղիությունն անհնար է խոսքով բացատրել, ապա ինչպե՞ս կարելի է բացատրել ա´յն հղիությունը, որը տեղի է ունեցել Սուրբ Հոգու հրաշագործ ներգործությամբ: Որպեսզի դու ավետարանչին չանհանգստացնես ու նեղություն չպատճառես նրան այդ մասին հաճախակի հարցեր տալով` ավետարանիչն ինքն իրեն ազատագրում է ամեն տեսակի հարցադրումից՝ տեղի ունեցածը «հրաշք» համարելով։ Ավել ոչինչ չգիտեմ, - ասում է նա, - այլ միայն գիտեմ, որ այդ իրադարձությունը տեղի է ունեցել Սուրբ Հոգու զորությամբ։
    Թող ամոթահար լինեն նրանք, ովքեր փորձում են ձեռնահաս լինել այս գերբնական Ծննդյանը: Եթե որևէ մեկը չի կարող բացատրել այս Ծնունդը, որն ունի հազարավոր վկաներ, որն այդքան դարեր շարունակ կանխագուշակվել էր, որը տեսանելի ու շոշափելի էր դարձել, ապա որչա՞փ անմիտ կարող են լինել նրա´նք, ովքեր խորին հետաքրքրությամբ զննում և ամենայն ուշադրությամբ փորձում են ըմբռնել այս անճառելի Ծնունդը։ Ո՛չ Գաբրիելը, ո՛չ էլ Մատթեոսը չէին կարող ասել ավելին, քան այն, որ Ծնվածը Սուրբ Հոգուց էր: Իսկ թե ինչպես և ինչ ձևով էր Նա ծնվել Սուրբ Հոգուց` նրանցից ոչ ոք այդ մասին բացատրություն չտվեց, որովհետև դա բացատրելն անհնար էր:
    Դարձյալ, մի´ կարծիր, թե դու ամեն ինչ գիտես, երբ լսում ես, որ Քրիստոս ծնվել է Սուրբ Հոգուց: Այդ մասին իմանալով հանդերձ էլ՝ մենք դեռ շատ բան չենք իմանում. օրինակ՝ Անպարփակելին ինչպե՞ս կարող է տեղավորվել արգանդում: Իր մեջ ամենայն ինչ Բովանդակողն ինչպե՞ս է բնակվում կնոջ որովայնում: Ինչպե՞ս է Կույսը ծննդաբերում և այդուհետ Կույս մնում:
    Ասա´ ինձ, Սուրբ Հոգին ինչպե՞ս կառուցեց այս Տաճարը: Այդ ինչպե՞ս եղավ, որ Սուրբ Հոգին, ոչ թե ամբողջ մարմինը, այլ միայն այդ մարմնի մի մասը արգանդից վերցնելով, այնուհետ աճեցրեց այն ու ձևավորեց: Իսկ այն, որ Քրիստոսի մարմինն իսկապես կազմավորվել է Կույսի մարմնից, ավետարանիչը հստակորեն մատնացույց է անում իր հետևյալ խոսքերով` «ումից ծնվեց»: Իսկ Պողոսն ասում է՝ «Որը ծնվեց կնոջից» (Գաղ. 4:4): «Կնոջից», - ասում է առաքյալը` փակելով նրա´նց բերանները, ովքեր պնդում են, թե Քրիստոս Մարիամի «միջով» անցել է, ինչպես կանցներ մի խողովակի միջով։ Սակայն եթե դա այդպես լիներ, ապա ուրեմն ինչո՞ւ էր անհրաժեշտ կուսական արգանդը: Եթե դա այդպես լիներ, ապա Քրիստոս մեզ հետ ոչ մի ընդհանուր բան չէր ունենա, այլ, ընդհակառակը, Նրա մարմինը լիովին տարբեր կլիներ մեր մարմնից ու կազմված կլիներ մեկ այլ «նյութից»: Այդ դեպքում, ուրեմն, ինչպե՞ս կարող էինք Նրան անվանել «Հեսսեի արմատից սերող գավազան» կամ «Մարդու Որդի»։ Ինչպե՞ս կարող էինք Մարիամին Նրա «մայրը» համարել: Ինչպե՞ս կարող էինք ասել, թե Քրիստոս սերում է Դավթի սերնդից: Այդ դեպքում Քրիստոս ինչպե՞ս կարող էր ծառայի կերպարանք ընդունել։ Կամ ինչպե՞ս կարող էինք ասել, թե «Խոսքը մարմին դարձավ»: Ինչո՞ւ պիտի Պողոսը հռոմեացիներին ասեր. «Նրանցից է նաև Քրիստոս` ըստ մարմնի, Որը և Աստված է բոլորի վրա» (Հռոմ. 9:5):
    Այս խոսքերից և Սուրբ Գրքի շատ այլ տեղիներից ակնհայտ է դառնում, որ Քրիստոս սերում էր մեզանից, մեր իսկ բնությունից, կուսական արգանդից: Իսկ թե այդ ի՞նչ եղանակով էր տեղի ունեցել` դա հայտնի չէ: Այսպիսով, դու նույնպես մի´ փնտրիր, այլ հավատա´ այն ամենին, ինչը բացահայտ է, և մի´ փորձիր ըմբռնել այն, ինչի մասին ամենքը լռում են:

   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

Յիսուս Քրիստոսի ծնունդը այսպէս եղաւ. նրա մայրը՝ Մարիամը, որ Յովսէփի նշանածն էր, նախքան նրանց՝ իրար մօտենալը, Սուրբ Հոգուց յղիացած գտնուեց:

   
   Հիսուս Քրիստոսի ծնունդն այսպես եղավ:
   Քանի որ [ավետարանիչը] նախապես ասել էր, որ Հակոբը ծնել է Մարիամի այր Հովսեփին, ուստի որպեսզի չկարծես, թե [Հիսուսը] բնության օրենքով է ծնվել Հովսեփից, կամենում է այժմ պատմել Նրա ծննդյան կերպը: Ուշադրությո՛ւն դարձրու այս պատմության գեղեցիկ կարգին, որ [Մատթեոսը] Նրա ծննդյան մասին չի պատմում հենց սկզբից, այլ նախ ցույց է տալիս, թե Նա քանիերորդն էր Աբրահամից, Դավթից և Բաբելոնյան գերությունից հետո, որպեսզի սրանով ցույց տա, որ Նա է այն Օծյալը, Ով քարոզվեց մարգարեների միջոցով, և Նրա մասին էր, որ ասաց նահապետ Հակոբը, թե գալու էր, երբ Հուդայի իշխանները սպառվեին 31: Նրա գալստյան մասին նաև Դանիել մարգարեն էր գուշակել [յոթանասուն] յոթնյակով 32. եթե մեկը [Գաբրիել] հրեշտակի կողմից Դանիելին ասված յոթնյակների տարիների թիվը հաշվի, [Երուսաղեմ] քաղաքի կառուցումից մինչև Քրիստոսի ծնունդը [եղած տարիների թիվը] ճիշտ և ճիշտ դրան համապատասխան կգտնի:

   Այս բաները հայտնելուց հետո [ավետարանիչը] սկսում է [Հիսուս Քրիստոսի] ծննդյան պատմությունը: Ասում է.

   Նրա մայր Մարիամին նշանել էին Հովսեփի հետ: Չի ասում «Կույսին», այլ միայն՝ «մորը», որպեսզի խոսքը դյուրընկալելի կերպով մատուցի: Բայց հետո զարմացնում է այն չքնաղ իրողությամբ, որի մասին ասում է.

   Նախքան նրանց՝ միմյանց մոտ գալը՝ պարզվեց, որ [Մարիամը] հղիացել է Սուրբ Հոգուց: Չի ասում. «Նախքան կույսին փեսայի տուն բերելը», որովհետև արդեն [նրա] տանն էր. հնում սովորություն ունեին նշանածին արդեն [փեսայի կամ հարսի] տանը պահելու, ինչպես որ Ղովտի փեսաներն էլ նրա տանն էին 33:

   Իսկ ինչո՞ւ հղիանալու ավետիսը չեղավ նախքան նշանվելը: Որպեսզի Կույսն ամեն տեսակ չար կասկածից զերծ մնա. որովհետև Իսրայելում նախատինք էր կնոջ՝ առանց ամուսնու մնալը, ինչպես հայտնում է Եսային. «Յոթ կին կբռնեն մի տղամարդուց և կասեն. «....Վերացրո՛ւ մեր նախատինքը»» (Ես. 4:1): Որովհետև երբ անամուսին կնոջն ինչոր վնասի պատճառ էին համարում, անողորմաբար սպանում էին, իսկ տեր ունեցողի գործերն ուրիշ ոչ ոք իրավունք չուներ քննելու, նրա ամուսնուց բացի:

   Այլև՝ անհրաժեշտ էր, որ իրականանային մարգարեների խոսքերն այն մասին, որ [Քրիստոսը] ծնվելու էր Բեթղեհեմում, գալու էր Տաճար, գնալու Եգիպտոս 34: Այս բոլոր վայրերում ինչպե՞ս կարող էր Կույսն անտեր շրջել:

   Կա նաև մեկ այլ պատճառ. Հովսեփը Կույս Մարիամի ամուսինը կոչվեց չարին խոչընդոտելու համար. որովհետև այն ժամանակից ի վեր, որ չարը լսեց մարգարեից. «Ահա կույսը հղիանալու և ծնելու է» (Ես. 7:14), բոլոր կույսերին որսում էր՝ մեղքի մեջ գցելու համար: Սրանով չարը կուրացավ և չհասկացավ, որ Մարիամը կուսությամբ է հղիացել՝ ըստ Հոբի. «Անգղի աչքը չի տեսնի նրան» (Հոբ 28:7), և ըստ Սողոմոնի. «Չի իմացվի օձի հետքը քարի վրա» (Առակ. 30․19):

   Այլև՝ [սա կատարվեց հոգևոր] խորհրդով: Ինչպես որ դրախտում Ադամն ու Եվան մերկ էին և չէին ամաչում, քանի որ անմեղ էին, այդպես էլ Հովսեփն ու Մարիամը Եկեղեցու դրախտում մեղքերից մերկ էին և խղճմտանքից ծնված ամոթ չունեին:

   Իսկ որ [ավետարանիչն] ասում է. «Պարզվեց, որ հղիացել է Սուրբ Հոգուց», թող ոչ ոք չկարծի, թե [Սուրբ] Հոգին նախ ստեղծել է [Աստծո] Խոսքի (Բանի) մարմինը, և ապա Խոսքը եկել և բնակվել է այդ մարմնի մեջ՝ ըստ որոշ չարափառների, այլ [Սուրբ] Հոգին մաքրեց Կույսին բոլոր մարմնական կրքերից և նրան մաքուր տաճար դարձրեց Իր Էակցի բնակության համար, և Խոսք Աստված, մտնելով այնտեղ և վերցնելով Կույսի արյունից, միացրեց Իր աննյութ բնությանը՝ անշփոթ խառնմամբ և անբաժանելի միավորմամբ: Եվ ապականացուն անապական դարձրեց՝ խառնելով Աստծո անապական բնությանը, և այս խառնման և միավորման կերպն անհասանելի է արարածներին: Նաև քանի որ ոմանք հանդգնեցին ասել, թե [Խոսք Աստված] մարմին չառավ սուրբ Կույսի բնությունից, այլ ասես խողովակի միջով անցավ նրանով՝ միայն [մարդկայինի] նմանությունն առնելով, այսպիսիներին կշտամբում է ավետարանիչը «հղիանալ» բառով, որովհետև եթե [Քրիստոսի] մարմինն ուրիշ տեղից էր և ոչ թե Մարիամից, ապա ի՞նչ հաղորդություն կունենար մեր բնության հետ, և ինչպե՞ս կիրականանար մարգարեությունը «գավազանի՝ Հեսսեի արմատից բխելու» 35 վերաբերյալ: Կամ [ինչպե՞ս կբացատրվեր] Պողոսի [խոսքը Քրիստոսի]՝ «կնոջից լինելու» մասին, Հովհաննեսինը՝ «Խոսքի մարմնանալու» 36, կամ էլ հենց Ի՛ր՝ [Քրիստոսի] անվանելն Իրեն «Աստծո Որդի» և «Դավթի զավակից»  37 և սրանց նման շատ [ուրիշ] խոսքեր [Սուրբ] Գրքում, որոնցով ապացուցվում է, որ [Աստծո Խոսքը] ճշմարտապե՛ս դարձավ մարդ և ո՛չ թե երևութապես: Հետևաբար, որ Կույսից մարմին առավ և ծնվեց, սա շատ բաներից է հայտնի, բայց ծննդյան եղանակը բնավ հայտնի չէ. ընդունիր դու հայտնին, իսկ ինչի մասին լռել են՝ մի՛ քննիր:
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Հիսուս Քրիստոսի ծնունդն այսպես եղավ. Նրա մայր Մարիամի` Հովսեփի հետ նշանադրությունից հետո, նախքան նրանց՝ միմյանց մերձենալը, պարզվեց, որ նա (Մարիամը) հղի է Սուրբ Հոգուց»։ (Սինոդական թարգ․)[18]
   
    (Հմմտ. Ղուկ. 2:1-2): Այս համարի սկզբում ավետարանիչը գործածում է այն նույն բառը, որը կիրառվել է նաև առաջին համարի սկզբում.генезис: Ռուսերենում և սլավոներենում այս բառն այժմ թարգմանվում է «Ծնունդ» բառով, ինչը, սակայն, լիովին չի արտահայտում բնագրի համապատասխան իմաստը։ Իմաստային առումով ավելի լավ կլիներ այս խոսքը թարգմանել հետևյալ կերպ. «Հիսուս Քրիստոսի ծագումը (Կույս Մարիամից) այսպես եղավ»։
Հրեաների հարսանեկան ծիսակատարությունները որոշակիորեն նման էին մեր ծեսերին ու տեղի էին ունենում հարսի և փեսայի օրհնությամբ. կնքվում էր, այսպես կոչված, նշանադրության համաձայնագիր, կամ էլ վկաների ներկայությամբ հանդիսավոր բանավոր խոստում էր տրվում այն մասին, որ այսինչ տղամարդն ամուսնանալու է այսինչ կնոջ (հարսի) հետ։ Նշանադրության խորհրդով հարսը համարվում էր իր փեսայի կողմից նշանադրված կինը: Նրանց միությունը կարող էր լուծարվել միայն կանոնական ամուսնալուծությամբ: Սակայն ինչպես մեր ավանդույթում է ընդունված, հրեաների համար նույնպես նշանադրության և ամուսնության միջև ժամանակահատվածը երբեմն կարող էին տևել ամբողջ ամիսներ (Բ Օրին. 20:7):
    «Մարիամ»-ը հունարեն բառ է և այդ լեզվով հնչում է այսպես` «Մարիա», արամեերենում՝ «Մարիամ», իսկ եբրայերենում` «Miryam» կամ «Miriam»: Այս բառը ծագել է եբրայերեն «meri» - «համառություն, հաստատակամություն», կամ էլ «otrum» - «լինել բարձրացված, վեհ», բառից: Հերոնիմոս Երանելու վկայության համաձայն՝ այս անունն ունի «domina» - «գերիշխող» նշանակությունը։ Այնուամենայնիվ, վերոհիշյալ բոլոր տարբերականերն էլ միանշանակ չեն:
    «Պարզվեց» - շրջապատի մարդկանց համար նկատելի դարձավ:
    «Սուրբ Հոգուց» - իրենց հրաշագործ բնույթով աչքի ընկնող այսօրինակ բոլոր հանգամանքները, որոնց մասին խոսում է ավետարանիչը, անըմբռնելի են [մարդկային մտքի] համար (հմմտ. Ղուկ. 3:22, Գործք 1:16, Եփես. 4:30):

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

18-25․ Յիսուս Քրիստոսի ծնունդը այսպէս եղաւ. նրա մայրը՝ Մարիամը, որ Յովսէփի նշանածն էր, նախքան նրանց՝ իրար մօտենալը, Սուրբ Հոգուց յղիացած գտնուեց։ Եւ Յովսէփը՝ նրա մարդը, քանի որ արդար էր եւ չէր կամենում նրան խայտառակել, մտածեց առանց աղմուկի արձակել նրան։ Եւ մինչ նա այս բանի մասին էր մտածում, ահա Տիրոջ հրեշտակը երազի մէջ երեւաց նրան եւ ասաց. «Յովսէ՛փ, Դաւթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մօտ առնելու Մարիամին՝ քո կնոջը, որովհետեւ նրա մէջ ծնուածը Սուրբ Հոգուց է։ Նա մի որդի պիտի ծնի, եւ նրա անունը Յիսուս պիտի դնես, քանի որ նա պիտի փրկի իր ժողովրդին՝ իր մեղքերից»։ Սակայն այս ամէնը եղաւ, որպէսզի կատարուի, ինչ որ Տիրոջ կողմից ասուել էր Եսայի մարգարէի բերանով. «Ահա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որ նշանակում է Աստուած մեզ հետ»։ Եւ Յովսէփը քնից արթնանալով՝ արեց, ինչպէս հրամայել էր իրեն Տիրոջ հրեշտակը, եւ իր կնոջն առաւ իր մօտ։ Բայց նրա հետ չյարաբերուեց, մինչեւ Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն եւ նրա անունը դրեց Յիսուս։ 
   

   Մարիամը միայն ավետման ժամանակ է կոչվել Հովսեփի խոսեցյալը (նշանած) Ղուկ․ 1։27, իսկ Հիսուսի ծնունդից առաջ կոչվել է Հովսեփի կինը Մատթ․ 1։20, որը ցույց է տալիս, թե նույն ժամանակահատվածում է տեղի ունեցել Հովսեփի ու Մարիամի օրինական ամուսնությունը: Մարիամն ավետումից անմիջապես հետո գնաց Քեբրոն, իսկ Նազարեթ վերադառնալուց մինչև Հիսուսի ծնունդը ևս վեց ամիս տևեց, և պետք է ճիշտ այս ժամանակամիջոցում էլ դնել ամուսնության օրինական արարողությունը: Մարիամի Քեբրոնից վերադառնալուց և ամուսնության օրհնությունից հետո այլևս նրա հղի լինելը պետք է երևար, ինչը որ Հովսեփի մտքի շփոթման պատճառ հանդիսացավ: Բայց Հովսեփը ուղղամիտ մարդ էր. իր համար դժվար էր կնոջ պատվին դիպչելը և լավագույնն էր առանց ձայնի ու աղմուկի բաժանվել նրանից:
Ավետարանիչը արձակել զնա բացատրությունն է օգտագործում, որը օրինավոր կնոջը ապահարզան տալ է նշանակում, քան թե պարզ մի նշանվածի բաժանումը: Եվ այս հիմք ընդունելով էր, որ ասացինք, թե նախ օրինավոր ամուսնությունը կատարվեց, ապա Հովսեփն իմացավ Մարիամի հղի վիճակի մասին: Անշուշտ հրաշքով հղության բացատրության մասին խոսվեց այդ երկուսի միջև, և իհարկե այդ պարագան Մարիամի ծնողներից գաղտնի չէր կարող մնալ, բայց Հովսեփը դեռևս մտմտուքից զերծ չէր:

   Աստվածային այցելությունը ցանկացավ բարի և արդար Հովսեփին այդ մտային տագնապից փրկել: Եվ հրեշտակը, անշուշտ նորից Գաբրիելը, այս անգամ Հովսեփին հայտնվեց, Մարիամին պատահած հայտնությունները նաև Հովսեփին հաղորդեց, բացատրեց սքանչելակերպ հղությունը, ծնվող որդու ով լինելը և մարդկության փրկագործության խորհուրդը: Հովսեփի միտքը լուսավորվեց և սիրտը հանդարտվեց, կնոջն արձակելու մտածումը իրենից հեռացրեց, Մարիամին պահեց որպես օրինավոր կին, բայց նրա կուսությունը հարգեց և կույս մոր ու կուսածին որդու պաշտպանը եղավ, իսկ մարդկանց կողմից որպես Մարիամի ամուսին և Հիսուսի հայր ճանաչվեց: Ավետարանում Հիսուսի մասին Մարիամի անդրանիկը կոչվելուց Մատթ․ 1։25 եզրակացնողներ եղան, որ Հիսուսի ծնունդից հետո Հովսեփից ու Մարիամից ուրիշ զավակներ էլ ծնվեցին, և թե սրանք Տեառնեղբայր կոչված չորս եղբայրներն են՝ Հակոբը, Հովսեսը, Սիմոնը և Հուդան Մատթ․ 13։55։ Բայց սա ընդունելի կարծիք չէ և տեառնեղբայրների մասին իր տեղում պիտի խոսենք: Մոր առաջնեկը կոչվելու համար, սկզբից ևեթ ուրիշ զավակ չունեցած լինելը բավական է և անհրաժեշտ չէ երկրորդ զավակի ծնվելուն սպասել:
   Մատթեոսն իր սովորության համաձայն, երբ ուզում է ապացուցել բոլոր մեսիական մարգարեությունների Քրիստոսի վերաբերյալ կատարված լինելը, այդ դեպքում հիշատակում է «Ահա կոյսը յղասցի եւ ծնցի որդի» մարգարեությունը Ես․ 7։ 14 Մենք բավարարվում ենք մարգարեությունները հիշել, իսկ դրանք մեկնելու և հաստատելու գործը Ավետարանի մեկնիչներին է պատկանում:

--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Յիսուս Քրիստոսի ծնունդը այսպէս եղաւ. նրա մայրը՝ Մարիամը, որ Յովսէփի նշանածն էր, նախքան նրանց՝ իրար մօտենալը, Սուրբ Հոգուց յղիացած գտնուեց:
(Արարատ թարգ․) Հիսուս Քրիստոսի ծնունդն այսպես եղավ։ Նրա մայրը՝ Մարիամը, Հովսեփի հետ նշանված էր։ Նախքան նրանց՝ միմյանց մերձենալը Մարիամը հղիացավ Սուրբ Հոգուց։
(Գրաբար) Եւ Յիսուսի Քրիստոսի ծնունդն էր այսպէս: Խաւսեալ զմայր նորա Մարիամ Յովսեփու, մինչեւ եկեալ առ միմեանս՝ գտաւ յղացեալ ի Հոգւոյն Սրբոյ: