Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Ասվել է նաև, որ եթե մեկն արձակի իր կնոջը թող նրան արձակման թուղթ տա»։
Փրկիչն անցում է կատարում նոր թեմայի միայն այն բանից հետո, երբ ամբողջությամբ բացահայտում է նախորդը։ Այս դեպքում նույնպես Նա ցույց է տալիս մեզ շնության մեկ այլ տեսակ։ Ինչպիսի՞ն է դա։ Հին Կտակարանում կար մի օրենք, որը որևէ մեկին չէր արգելում ինչ-ինչ պատճառներով իր կնոջը չսիրելու դեպքում բաժանվել նրանից և ամուսնանալ մեկ ուրիշի հետ։ Միայն թե օրենքը հրամայում էր դա անել ոչ թե պարզապես, այլ պահանջում էր կնոջը տալ ամուսնալուծության գիր, որպեսզի նա (կինը) այլևս չկարողանար կրկին վերադառնալ իր ամուսնու մոտ, և այս օրենքն էլ, իր հերթին, ծառայում էր առնվազն գոնե ամուսնական կապի ձևաչափը պահպանելուն։ Եթե օրենքում նման հրաման չլիներ, և թույլատրվեր մի կնոջը բաց թողնել ու մեկ ուրիշին կին առնել, իսկ հետո նորից վերադարձնել առաջինին, ապա այդ դեպքում մեծ խառնաշփոթ կառաջանար. այդժամ բոլորն անդադար կին կառնեին միմյանց կանանց, իսկ դա էլ արդեն բացահայտ շնություն կլիներ։
Օրենսդիրը մեծ զիջում էր արել՝ թույլ տալով ամուսնալուծության գիր տալ, սակայն դա արվել էր մեկ այլ, ավելի մեծ չարիքից խուսափելու համար։ Իրոք, եթե օրենքը ստիպեր պահել նաև ատելի կնոջը, ապա նրան ատող ամուսինը հեշտությամբ կարող էր սպանել կնոջը։ Իսկ հրեա ժողովուրդն ընդունակ էր դրան։ Եթե հրեաները չէին խնայում իրենց երեխաներին, սպանում էին մարգարեներին և արյուն էին թափում` ջրի պես, ապա առավել ևս չէին խնայի իրենց կանանց։ Ահա թե ինչու Օրինադիրը թույլ տվեց ավելի փոքր չարիքը, որպեսզի այդպիսով կանխի ավելի մեծը։ Իսկ որ այս օրենքը սկզբնապես նախասահմանված օրենքների թվին չէր դասվում, վկայում է Քրիստոսի խոսքը, որ լսի´ր, թե ինչ է ասում դրա մասին. «Մովսեսը ձեր կարծրասրտության պատճառով» գրեց դա (Մատթ. 19:8), այսինքն՝ «որպեսզի դուք, ձեր կանանց պահելով, չսպանեք նրանց, այլ գեթ բաժանվեք նրանցից (նրանց հեռացնեք ձեզանից)»։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Արդարեւ ասուել է. «Ով որ արձակի իր կնոջը, թող նրան արձակման թուղթը տայ»:
Արդարև ասվեց. «Ով արձակում է իր կնոջը, թող նրան արձակման [թուղթ] տա»:
Աստված ի սկզբանե մարդկանց արու և էգ ստեղծեց և մեկ մարդուն մեկ կողակից սահմանեց՝ ծառայելու միմյանց, որպեսզի նրանց միջոցով մեր մահկանացու բնությունը հարատևի: Իսկ հրեա ժողովուրդը ժպիրհ ու խստասիրտ էր և ատելության պատճառով կանանց սպանում էին: Ուստի, որպեսզի այսպես չլիներ, այս փոքր հանցանքով՝ [կնոջն] արձակել հրամայելով, ինչպես կա «Օրենքի Երկրորդման» մեջ (Բ Օր. 24:1-4), խափանեց ավելի մեծ [հանցանքը], այսինքն՝ սպանությունը: Որովհետև եթե ատելի կնոջը տանը հարկադրաբար պահել հրամայվեր, ինչպե՞ս կխնայեին կնոջ կյանքը նրանք, ովքեր [անգամ իրենց] որդիներին ու մարգարեներին էին խողխողում: Այս պատճառով էլ Օրենքը հրամայեց [կնոջն] արձակել, բայց ո՛չ առանց ապահարզանի թղթի, որն [այստեղ] «արձակման» [թուղթ] է կոչվում: Ինչո՞ւ: Որովհետև սա կնոջ համար մխիթարություն էր. նաև՝ որպեսզի իրավունք չունենար վերադառնալու այն նույն ամուսնու մոտ, ով արհամարհանքով թուղթ տվեց ու արձակեց նրան: Այլև եթե սա չհրամայվեր, անխտրաբար կհափշտակեին միմյանց կանանց և բացահայտ շնություն կգործեին. ուստի որպեսզի սա չլիներ, [կնոջ արձակումը] գրով կնքվեց:
Կամ էլ՝ «թող նրան արձակման [թուղթ տա]» խոսքով ցույց է տրվում կնոջ բաժինը և անարգանքի տուգանքը, ինչպես որ Աբիմելեքն Աբրահամի կին Սառային հազար սատեր տվեց՝ նրան ի պատիվ, քանի որ անարգել էր նրան (Ծննդ. 20): [Այս օրենքն] ասես [հուշում է]. եթե [ամուսինը] կնոջն արձակելուց վատ չի զգում, [գոնե] իր ունեցվածքն ափսոսալո՛վ կնոջը թող տանը պահի և ատելության մի փոքր պատճառով իր կողակցին չարձակի:
Իսկ այլաբանորեն՝ [այստեղ] «տղամարդ» է միտքը՝ ասես զգայական [մարմնի] մեջ սերմանող, և «կին» է կոչվում զգայական [մարմինը]՝ ընդունող լինելու պատճառով: Ուրեմն՝ ով իր մարմինն արձակում է ինքնասպանությամբ և իր վրա ձեռք բարձրացնելով, դատաստանը [նրան] մարդասպանի [թուղթ] կտա, ասում է: Այդպես էլ մարդասպանների շարքում կդասվի ժողովրդի գլխին կարգված այն առաջնորդը, ով արհամարհում է [ժողովրդի] փրկությունը՝ ըստ այսմ. «Նրանց արյունը քո ձեռքից եմ պահանջելու» (Եզեկ. 3:18):
Կարելի է հասկանալ նաև այսպես 1. «Ով իր կնոջն արձակում է առանց պոռնկության պատճառի»: Պոռնիկ է կոչում նրան, ով երկու կին ունի, որովհետև այլ է շնությունը, և այլ՝ պոռնկությունը: Պոռնկությունը [կատարվում է] երկու չամուսնացածների կամ ամուսնացածի ու չամուսնացածի միջև, իսկ շնությունը՝ ամուսնացածների կամ չամուսնացածի ու ամուսնացածի միջև: Հետևաբար, ով կին ունի, բայց ուրիշին է առնում, պետք է, ասում է, արձակի [վերջինին], իսկ եթե մի կին ունի և նրան արձակում է, հենց ինքն է նրա շնանալու պատճառը դառնում, որովհետև սա՛ է շնությունը, ինչպես ասացինք՝ ամուսնացածի՛ հետ խառնակվելը: Ուրեմն՝ եթե մեկն ամուսնացած է քեզ հետ և նրան մի ուրիշն է առնում [քո] արձակելու հետևանքով, շնացող է [դառնում], ինչպես դու՝ քո արձակելով: Կամ էլ՝ [Տերն] ասում է. ով, դատավոր լինելով, արձակման հրամանն է տալիս, նա ևս շնացող է, որովհետև օրենքը խախտեց, և ոչ միայն շնացող է, այլև սպանող, ինչպես ասում է Սիրաքը. «Իր ընկերոջը սպանող է նա, ով [նրանից] բաժանում է նրա կնոջը» (Սիր. 34:26):
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Արդարեւ ասուել է. «Ով որ արձակի իր կնոջը, թող նրան արձակման թուղթը տայ»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:17
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: