Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
22-23. «Մարմնի ճրագն աչքն է: Արդ, եթե քո աչքը պարզ լինի, ամբողջ մարմինդ էլ լուսավոր կլինի»։ «Բայց եթե քո աչքը չար է, քո ամբողջ մարմինը խավար կլինի։ Արդ, եթե քո մեջ եղած լույսը խավար է, ապա որքա՜ն առավել կլինի խավարը»։
Այսպիսով, Փրկիչն Իր խոսքում անդրադառնում է ակնհայտ օրինակների։ Քանի որ նախորդիվ Նա նշել էր մտքի ստրկացման և գերության մասին, ինչը շատերի համար դժվար ընկալելի իրողություն էր, ուստի այստեղ արդեն Հիսուս Իր ուսմունքը բացատրելու համար գործածում է արտաքնապես տեսանելի և աչքի առաջ գտնվող օրինակներ, որպեսզի դրանց միջոցով կարողանա Իր ունկնդիրների համար հասկանալի դարձնել, թե միտքն ինչի´ն է ենթակա դառնում։ Փրկիչը կարծես ասում է հետևյալը. «Եթե չգիտես, թե ինչ է նշանակում մտքի խեղաթյուրումը, ապա դա ուսանի´ր մարմնական իրերի զննությամբ»։ Ինչպես որ աչքն է մարմնի համար, այնպես էլ միտքն է հոգու համար։ Իհարկե, դու բնավ չէիր ցանկանա զարդարվել ոսկով, մետաքսե հագուստներ հագնել, բայց և միաժամանակ կույր լինել, այլ, միանշանակ, աչքերի առողջությունը կգերադասեիր այդ ամբողջ շքեղությունից։ Չէ՞ որ, եթե զրկվես տեսողությունից, ապա կյանքում քեզ համար ոչ մի հաճույք այլևս ցանկալի չի լինի։ Ինչպես աչքերի կուրության դեպքում մարմնի մյուս անդամները, այլևս լույսի բերկրանքը չվայելելով, շատ են թուլանում իրենց գործունեության մեջ, այդ նույն կերպ նաև` մտքի ապականման դեպքում քո կյանքն ամբողջովին հեղվում է անթիվ չարիքներով։ Ուստի, ինչպես մարմնի մասին հոգ տանելիս մենք առավելագույն ջանքեր ենք գործադրում, որպեսզի աչքերն առողջ լինեն, այնպես էլ հոգու մասին հոգալիս պետք է առաջնահերթ խնամք տածել մտքի´ առողջության համար։ Եթե կուրացնենք մեր միտքը, որն ի զորու է լուսավորելու մեր մարմնի մյուս կարողությունները, ապա այդժամ ինչպե՞ս պետք է նայենք մեր շուրջբոլորրը։ Փակի´ր աղբյուրը, և գետը ևս կչորանա. նմանապես նաև, ով մթագնում է մտքի աղբյուրը, այդպիսով ներկա կյանքում խոչընդոտում է նրանից «բխող» բոլոր գործողություններին։ Ահա թե ինչու է Փրկիչն ասում. «Եթե քո մեջ եղած լույսը խավար է, ապա որքա՜ն առավել կլինի խավարը»։ Երբ նավապետը զոհ է գնում ալիքներին, երբ ճրագը մարում է, երբ առաջնորդը գերի է ընկնում, ապա այդժամ ի՞նչ հույս կարող է մնալ հպատակների համար։
Այդ իսկ պատճառով էլ Հիսուս այժմ այլևս չի հիշատակում հարստությունից ծագող զրպարտությունների, վիճաբանությունների և դատական գործերի մասին (դրանց մասին Նա արդեն իսկ նշել էր վերևում` ասելով. «Որպեսզի հակառակորդը քեզ չհանձնի դատավորին, իսկ դատավորը՝ դահճին» (Մատթ. 5:25)), այլ այստեղ առաջ է քաշում անխուսափելի ու ավելի ծանր պատուհաս՝ այդպիսով մեզ հեռու պահելով ագահության չար կրքից։ Սեփական միտքն այդ հիվանդության ստրուկը դարձնելը շատ ավելի ծանր պատիժ է, քան բանտ նետվելը։ Դեռ ավելին, բանտ նետվելը միշտ չէ, որ պատուհասում է մարդուն, մինչդեռ հարստության հանդեպ կախվածությանն անպայմանորեն հետևում է մտքի ստրկացումը։ Ուստի Քրիստոս, այդ չարիքի մասին հիշատակելուց հետո, նշում է նաև այս չարիքը՝ որպես ավելի ծանր ու անխուսափելիորեն պատուհասող պատիժ: «Աստված, - ասում է Նա, - մեզ միտք է տվել, որպեսզի մենք ցրենք տգիտության խավարը, ճիշտ պատկերացում ունենանք իրերի մասին և, միտքը որպես գործիք ու լույս գործածելով ընդդեմ տխուր և վնասակար ամեն բանի, մնանք ապահովության մեջ»։ Մինչդեռ մենք այդ թանկարժեք պարգևը փոխանակում ենք ավելորդ և անօգուտ իրերի հետ։ Ի՞նչ օգուտ կա ոսկիներով զարդարված զինվորից` այն դեպքում, երբ զորավարը գերի է ընկած։ Ի՞նչ օգուտ կա շքեղ զարդարված նավից, երբ նավապետը զոհ է դարձել ալիքներին։ Ի՞նչ օգուտ կա գեղեցկատեսիլ մարմնից, երբ այդ մարմնի աչքերը զրկվել են տեսողությունից։ Բժիշկն ինքը պետք է առողջ լինի, որպեսզի բուժի մյուսների հիվանդությունները. սակայն եթե այդ բժիշկն ինքը հիվանդանա և պառկի ոսկեզօծ սենյակում` արծաթե մահճակալի վրա, ապա նրանից ի՞նչ օգուտ կարող է լինել հիվանդների համար։ Նույն կերպ նաև, եթե դու վնասես կրքերը զսպելուն ընդունակ քո միտքը և այն շղթայես երկրային գանձերին, ապա այդժամ դու ոչ միայն որևէ օգուտ չես ստանա, այլև, ընդհակառակը, շատ ավելին կկորցնես և մեծ վնաս կհասցնես քո հոգուն։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
22-23. Մարմնի ճրագը աչքն է. եթէ քո աչքը պարզ է, քո ամբողջ մարմինը լուսաւոր կը լինի: Իսկ եթէ քո աչքը պղտոր է, քո ամբողջ մարմինը խաւար կը լինի: Եւ արդ, եթէ քո մէջ եղած լոյսը խաւար է, ապա խաւարը՝ որչա՜փ եւս աւելի»:
Մարմնի ճրագը աչքն է. եթե աչքդ հստակ է, ամբողջ մարմինդ լուսավոր կլինի:
Իսկ եթե աչքդ պղտոր է, ամբողջ մարմինդ խավար կլինի:
Մարմնի հետ առնչվող այս խոսքի իմաստը սա է: [Նախ]՝ ճրագի օրինակով՝ աչքն է ամբողջ մարմնի լուսատուն: Որովհետև ինչպես որ ճրագն է, աշտանակի վրա լինելով, ամբողջ տունը լուսավորում, այդպես էլ աչքն է, մարմնի բարձրագույն գահի վրա բազմած լինելով, մարմնի բոլոր շարժումներն առավել հստակ դարձնում, սակայն ներհակաբար. ճրագը տան ներսն է լուսավորում ու տեսնել տալիս, իսկ աչքն արտաքին երեսն է լուսավորում ու տեսնում, թեպետ թե՛ ճրագը, թե՛ աչքը [սա կատարում] են մի կողմից՝ ուղիղ գծով: Բայց երբ [աչքը] հստակ է լինում, այսինքն՝ սրատես ու հստակ տեսնող, այդ ժամանակ ամբողջ մարմինն է աչք դառնում: Իսկ «պղտոր» է [Տերը] կոչում նախ բլշակնությունը, երբ [մեկը] կամ ի ծնե է վատ տեսողություն ունենում, կամ ինչ-որ դժբախտ դեպքի բերումով [աչքը] վնասած լինում. [այդ ժամանակ] մարմնի բոլոր գործողությունները խավարով են պատվում և ինչպես գիշեր ժամանակ, [մարդը] դժվարանում է ձեռքերով բռնել և ոտքերով շարժվել:
[Երկրորդ՝ Տերն այս խոսքով] նաև ասում է, որ քանի դեռ [մարդը] մարմնով ողջ է, այս կյանքի խավարում է շրջում. սրանով ցույց է տալիս, որ այս մարմնավոր կյանքից հետո մեր մարմնի անդամներին վնաս հասցնող դեպքեր չեն պատահում:
Եվ երրորդ՝ այստեղից մի չքնաղ օրենք ենք սովորում. այն, որ էությամբ, առանձին բնությամբ, չար ոչինչ չկա ոչ մի տեղ, այլ չար է պետք համարել կյանքի պատահմունքներն ու մեր մարմնի կրքերը, որոնք նույնպես, եթե ստուգությամբ տեղեկանանք, շատերի համար իբրև բարիք են ծառայել, ինչպես Հոբի փորձությունները, Իսահակի աչքերի Կուրությունը (Ծննդ. 27։1), որ նրա խնդությունը [դարձավ], և կամ այն, ինչն Աստծո Որդու փառքի պատճառը դարձավ 1:
Ուրեմն՝ եթե քո մեջ եղած լույսը խավար է, ապա խավա՛րն ինչքան կլինի:
Այսինքն՝ եթե աչքերիդ տեսողությունը մարել է, աչքերիդ, որ լույսի տեղ են և հոգու տեսնող գործիքը, ինչպես օդը կամ ապակին, ապա որքա՛ն ավելի կմեծանա թանձր մարմնիդ շոշափելի խավարը, որի վրա չի կարող ազդել ներգործող լույսի զորությունը, քանի որ [մարմինդ] ասես վեմի պես կարծրացած ու անշարժացած է: Բայց տեսնենք [այս խոսքի] նաև այլաբանական [իմաստը]. քանի որ [Տերն] ասում է. «Մարմնի ճրագը աչքն է», ապա ինչպես որ աչքն է մարմնում, այդպես էլ միտքը՝ հոգում, և ինչպես որ աչքը նյութականն է ընտրում, այդպես էլ միտքը հոգևորն է զանազանում: Ուրեմն՝ եթե [միտքդ] հստակ է, ասում է, այսինքն՝ լուսավորված է Աստծո գիտությամբ՝ ըստ առաքյալի. «Տերը լուսավորի ձեր սրտի աչքերը՝ իմանալու, թե ինչ է ձեր կոչման հույսը և ինչ է սրբերի հետ ձեր ժառանգության վիճակը» (հմմտ. Եփես. 1։18), և զարդարված է խոհական իմաստությամբ և կույսերի շնորհի համահասակ դուստրերով, այդ ժամանակ լուսավորվում է նաև մարմինը առաքինությունների պեսպես զարդերով՝ պահքով, աղոթքով, խիստ ժուժկալությամբ, խոսքի պարկեշտությամբ և բոլոր զգայարանների համեստությամբ: Իսկ եթե [միտքն] անմտության խավարով պղտորվել է և զարգացել նաև ընդդիմակաց այլ մասերով, բյուրավոր չարիքներով աղջամղջելով ապականում է մարմնի կյանքը, որովհետև ինչպես երբ մեկն աղբյուրի ակունքը փակում է, զանազան ծաղիկները չորացնում է, այդպես էլ ով միտքն է խանգարում, փչացնում է իր ամբողջ կյանքի բույսերը:
Հետևաբար, որպեսզի այս լույսից չզրկվենք, թեկուզ ամբողջ աշխարհն էլ շահենք (ինչպես մեկը, ով թագավորություն ժառանգելու համար աչքերը փորել չի տալիս), [Տերը] խրատում է, որ երբ միտքդ լուսավոր ես պահում, ամբողջ հոգիդ ու մարմինդ, տեսականով լցվելով և գործնականի կատարմամբ, լուսավորվում են, իսկ երբ միտքդ մեղանչական ես դարձնում, ամբողջ հոգիդ ու մարմինդ մեղքի խավարի մեջ են հածում: Ուստի ավելացնում է. «Եթե քո մեջ եղած լույսը խավար է, ապա խավա՛րն ինչքան կլինի»: Եթե լուսավոր մտքիդ թեթև բնությունն ախտից ծանրացել է, և խավարասեր մարմինդ՝ չարության կեղծիքով նսեմացել, չարանալուց հետո կույր մնալով և առաքինության անապական ու լուսավոր գործերից ամուլ լինելով՝ որքա՛ն կդատարկվի այն, որը բնությամբ վայրաքարշ է և մեղսասեր:
[Տերը] սա ասում է նաև ողորմության վերաբերյալ: Ինչպես որ լապտերի պայծառությունը, ասում է, յուղի առատությունից է, այդպես էլ մտքի լուսավորությունը առատ ողորմությունից է՝ ըստ այսմ. «Աստված զվարթությամբ տրվածն է սիրում» (Բ Կոր. 9։7), որովհետև ողորմությունը ոչ միայն հոգին, այլև մարմինը կարող է արդարացնել՝ ըստ այսմ. «Մարդու փրկանքը նրա հարստությունն է» (Առակ. 13։8): Իսկ եթե ժլատությամբ չարացած է [մարդը ողորմություն] տալիս, ինչպես այստեղ՝ «Դու չարանո՞ւմ ես, որ ես առատաձեռն եմ» (հմմտ. Մատթ. 20։15), կամ էլ մարդահաճությամբ, նրա ամբողջ մարմինը՝ հոգով ու մտքով հանդերձ, արտաքին խավարը կժառանգի, և նրա բաժինը կեղծավորների հետ կսահմանվի, ինչպես հիմար կույսերինը, ովքեր իրենց հոգին պայծառացնող ողորմության յուղը չունեին, նրանց լապտերները հանգան, և նրանք երկնային առագաստը մտնելուց զրկվեցին (Մատթ. 25։1-13): Այդ պատճառով էլ [Տերն] ասում է. «Եթե մեջդ եղած լույսը խավար է, ապա խավա՛րն ինչքան կլինի»: Այսինքն՝ եթե ողորմություն տալիս ես մեղանչում, երբ այն լուսատու է և արդարացնող, որքա՛ն ավելի [կմեղանչես բուն] մեղքերով, որոնք խավարեցնող են. որովհետև նախ՝ մեղքը ողորմությունն էլ է մեղք դարձնում, և երկրորդ՝ [եթե ողորմությունն] Աստծո փառքի համար է եղել, արդարացնում է [տվողին], իսկ եթե մարդահաճությամբ է տրվել, կուրացնում է:
«Մարմնի ճրագը աչքն է»: Հայտնապես Եկեղեցու առաջնորդներին է «ճրագ» անվանում՝ ըստ այսմ. «Դուք եք աշխարհի լույսը: Ճրագը չեն վառում ու դնում» երկչոտության «ամանի տակ», այլ համարձակության «աշտանակի վրա» (հմմտ. Մատթ. 5։14-15): Իսկ մարմինը սուրբ Եկեղեսցին է՝ ըստ առաքյալի. «Մարմին՝ Նրա մարմնից և ոսկոր՝ Նրա ոսկրերից» (հմմտ. Եփես. 5։30): Արդ՝ [Աստծո] Խոսքը կամենում է, որ սրանք Աստծո օրենքով հստակված լինեն, քանի որ «Տիրոջ պատվիրանները լույս են և լույս են տալիս» մտքի «աչքերին» (Սաղմ. 18։9), և՝ «Քահանայի շուրթերը թող հետամուտ լինեն գիտության, քանի որ օրենք են պահանջելու նրանից» (հմմտ. Մաղ. 2։7), և «Օրենքն իմանալը հստակ մտքին է հատուկ»,- ասում է Սողոմոնը (Առակ. 9։10): Ուստի [հոգևոր առաջնորդը] պիտի օրուգիշեր [Տիրոջ] օրենքի շուրջ մտածի (Սաղմ. 1:2) և իմաստունների դռներին մնա (Առակ. 24։7), որով լուսավորելով կպայծառացնի ընդհանրական սուրբ Եկեղեցին, որը Քրիստոսի մարմինն է՝ ժողովրդի զգայարանները կրթելով, որ լույսի պես ընտրություն կատարեն բարու և չարի միջև՝ սեփական անձը միշտ իբրև օրինակ ծառայեցնելով հավատացյալներին՝ խոսքով և վարքով՝ ուսուցանելով և կատարելով: Եվ երբ նրանք՝ իբրև լույսի որդիներ, կյանքի խոսքը միշտ իրենց մեջ ունենան, [առաջնորդը] Դատաստանի օրը նրանց ջահավորված և իբրև պարծանքի պսակ կընդունի՝ ըստ այսմ. «Մեր պարծանքը դուք եք ի Տեր» (հմմտ.Բ Կոր. 1։14), և՝ «Ահա ես և իմ մանուկները, որոնց Աստված տվեց ինձ» (Ես. 8։18):
«Իսկ եթե պղտոր է,- ասում է,- ամբողջ մարմինդ [խավար կլինի]»: Հիրավի՛. որովհետև եթե [առաջնորդը] տգետ ու անմիտ է և գիտի միայն կոտրել և ո՛չ բժկել, փափուկ կյանք ապրել և չարածեցնել, ապա, խավարելով շռայլ կյանքով, ինչպես այժմ շատ ու անթիվ [առաջնորդներ], Եկեղեցու ամբողջ մարմինը չարիքների մեջ է գցում: Ուստի հոտը, գազանակուր լինելով, խավարասեր իշխանին է հետևում՝ նրա կամքը կատարելով, և գահավիժելով ցրվում է՝ ծառայելու տարատեսակ մեղքերի, ինչպես գիշերամարտի ժամանակ: Ուստի [Տերն] ասում է. «Եթե քո մեջ եղած լույսը խավար է, ապա խավարն ինչքա՛ն կլինի»: Որովհետև երբ նավապետը քնած է, ճրագը՝ մարած, զորավարը՝ գերեվարված, շինականն ի՞նչ հույս կունենա խավարում հողմից ալեկոծվելիս, քանի որ մարդուն հատուկ է բազմաթիվ բարի օրինակներից սակավը վերցնել և սակավաթիվ չարից շատն աճեցնել: Եվ իրավացիորեն է [Տերը] ժողովրդին «խավար» կոչում. որովհետև օրենքին քաջատեղյակ չեն և աստվածպաշտության հանգամանքների մեջ տգետ, ուստի անասունի նման ինչ որ սովորում են, սովորում են՝ նայելով նախատիպին, իսկ «երբ կույրն է առաջնորդում կույրին, երկուսն էլ փոսն են ընկնում» (Մատթ. 15։14): Ուստի պետք է զգույշ լինենք, որ ուրիշների կորստյան պատճառ չդառնանք և կրկնակի տանջանքով հատուցում չստանանք՝ մեզ և ուրիշների համար, այստեղ և հանդերձյալում:
Ստեփանոս Սյունեցի (†735)
Մարմնի ճրագը աչքն է. եթէ քո աչքը պարզ է, քո ամբողջ մարմինը լուսաւոր կը լինի:
«Մարմնի ճրագը աչքն է. եթե քո աչքը պարզ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի»:
Դժվարին է այս տեսանելի աչքի վերաբերյալ հասկանալ. արդյոք ինչո՞ւ եթե մարմնի աչքը պարզ լինի, այսինքն՝ քաջատես, ամբողջ մարմինը լուսավոր կլինի: Եվ կամ ծերության ժամանակ, երբ զրկվի տեսողությունից, ինչպես Իսահակի մասին պատմվեց, թե նա ծերության ժամանակ աչքի տկարություն ուներ, պետք է իմանալ թերևս, որ ամբողջ մարմինը խավարեց: Եվ դարձյալ, ովքեր ծննդյան [օրվանից] իսկ զրկված են երևելի տեսողությունից, ինչպե՞ս կարող է դրանից ամբողջ մարմինը խավարած լինել: Բայց նաև նրանք, ովքեր զորավոր են տեսանելի աչքերով, մարմնի առաջի մասը տեսնում են, իսկ քողարկված մասը չեն տեսնում: Եթե ասվածը ճշմարտապես տեսանելի աչքի մասին է, պետք է կարծել, որ մարմնի առաջի մասը լուսավորված է, իսկ քողարկված մասը` խավար:
Արդ, եթե այդ դժվարիմաց է, ապա, ուրեմն, մարմնի ճրագ [ասելով]՝ հոգու աչքը պետք է հասկանալ, քանզի եթե հոգին խավարած է, կխավարի նաև մարմինն անշիջանելի կրակների մեջ, իսկ եթե հոգին լուսավոր է առաքինի գործերով և ողորմածությամբ, կլուսավորվի նաև մարմինը երկնքի արքայությունում:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Մարմնի ճրագը աչքն է. եթէ քո աչքը պարզ է, քո ամբողջ մարմինը լուսաւոր կը լինի:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 6:19
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: