Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 7:11

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Արդ, եթե դուք, որ չար եք, գիտեք ձեր զավակներին բարիքներ տալ, ապա որքա՜ն առավել ձեր երկնավոր Հայրը բարիքներ կտա նրանց, ովքեր խնդրում են Իրենից»:
   
    Քրիստոս սա չի ասում մարդկային բնությանը նախատելու կամ մարդկային ցեղը դատապարտելու համար, բնա´վ, այլ այստեղ Նա հայրական սերը «չարություն» է անվանում՝ Իր «բարությունից» տարբերակելու համար (առ ի համեմատություն): Ահա թե որքան մեծ է Աստծու մարդասիրությունը:
    Տեսնո՞ւմ ես այս անճառելի միտքը, որն անգամ ամենահուսահատ վիճակում կարող է բարի հույսեր արթնացնել մարդու մեջ: Այստեղ Փրկիչը, որպես Իր բարության ապացույց, մատնանշում է հայրերի օրինակը, իսկ ավելի վերևում էլ մատնացույց է տալիս Իր մեծագույն պարգևները՝ հոգին և մարմինը: Բայց Քրիստոս ոչ մի տեղում դեռևս չի հիշատակում ամենակարևոր բարիքի մասին. Նա ոչ մի տեղում չի մատնանշում Իր գալուստը: Հայր Աստված, Որը բարեհաճեց Իր Որդուն տալ որպես զոհաբերություն, մի՞թե մեզ ամեն ինչ չի տա: Այն ժամանակ, սակայն, այդ զոհաբերությունը դեռևս չէր կատարվել: Մինչդեռ Պողոսն արդեն իսկ մատնանշում է դա՝ ասելով. « Նա, որ իր Որդուն իսկ չխնայեց...էլ ինչպե՞ս մեզ չի շնորհելու ամենայն ինչ նրա հետ մեկտեղ» (Հռոմ. 8:32):
    Իսկ Ինքը` Քրիստոս, Իր ունկնդիրների հետ զրույցում դեռևս առաջարկում է ոչ արտասովոր ապացույցներ: Այնուհետև, ցույց տալով, որ նրանք, ովքեր անփույթ են իրենք իրենց նկատմամբ, չպետք է հույս դնեն միայն աղոթքի վրա: Նույն կերպ նաև` նրանք, ովքեր ջանում են միայն իրենց սեփական ուժերով (առանց Աստծու օգնականության) հասնել ամեն ինչի, չպետք է հույսը դնեն միայն սեփական ջանքերի վրա, այլ պետք է ի վերուստ օգնություն խնդրեն և դրա հետ մեկտեղ օգտագործեն սեփական ջանքերը. Հիսուս անդադար ներշնչում է թե´ մեկը, և թե´ մյուսը: Իրոք որ, Իր բազմաթիվ հորդորներից հետո ևս Նա ուսուցանում է աղոթել: Աղոթել սովորեցնելուց հետո դարձյալ ուսուցանում է, թե ինչ պետք է անել: Հաջորդիվ նույնպես Քրիստոս կրկին սովորեցնում է, որ պետք է անդադար աղոթել՝ ասելով. «Խնդրե´ք, փնտրե´ք, բախե´ք» (տե՛ս Մատթ. 7:7), իսկ այստեղից Նա կրկին անցնում է նրան, որ մենք պետք է ջանասեր լինենք այս հարցում...
    Տեսնո՞ւմ ես, թե որքան մեծ է Փրկչի բարությունը, որ, Նրա հետ համեմատությամբ, մեր բարությունը խորամանկություն է թվում: Եթե մեր Տերն այսպիսին է, ապա ուրեմն մշտապես դիմե´նք Նրան և միայն Նրա´ն օգնության կանչենք, ու այդժամ կտեսնենք, որ Նա միշտ պատրաստ է մեզ փրկելու:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Արդ, եթէ դուք, որ չար էք, գիտէք ձեր որդիներին բարի պարգեւներ տալ, որքա՜ն եւս առաւել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կը տայ նրանց, որ նրանից ուզում են»:
   
    Ուրեմն՝ եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, որքա՛ն առավել ձեր երկնավոր Հայրը բարիքներ կտա նրանց, ովքեր խնդրում են Նրան:

    Իր բարության առավելությունն է ցույց տալիս և ոչ թե մարդկային բնությունը խոտան համարում, որովհետև մահկանացու հորը չար է անվանում Անեղ Հոր հետ համեմատությամբ: [Եթե] դուք, ասում է, շատ բաներից գոյացածներդ, ունեք այս ընտրողությունը, որ ձեր մարմնական ծնունդներին, որոնց ծնել եք մահվան համար, շնորհում եք բարի պարգևներ, որպեսզի զարգանալով աճեն օգուտի և ոչ թե վնասի համար, ապա որքա՛ն ավելի երկնավոր Հայրը, որ բնությամբ է բարի, միակ և անհամեմատելի, որ անվրեպ, առանց փորձելու գիտի բարին, հոգևոր ու իմանալի պարգևներ կտա շնորհով որդիացածներին, որոնց ծնեց կենդանի հույսի համար՝ ըստ այսմ. «Բոլոր բարի տուրքերն ու կատարյալ պարգևներն ի վերուստ են իջած՝ լույսի Հորից» (Հակ. 1։17), որպեսզի դրանով [մարդկանց] ժողովի պարզ միության և աստվածարար մաքրության մեջ, միայն թե առանց երկմտության խնդրեն Նրանից:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Արդ, եթէ դուք, որ չար էք, գիտէք ձեր որդիներին բարի պարգեւներ տալ, որքա՜ն եւս առաւել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կը տայ նրանց, որ նրանից ուզում են»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 7:1