Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
28-29. «Եվ երբ Հիսուս այս խոսքերն ավարտեց, ժողովուրդը զարմացած էր Նրա ուսուցման վրա»: «Որովհետև Նա նրանց ուսուցանում էր իշխանություն ունեցողի պես, և ոչ թե՝ ինչպես դպիրներն ու փարիսեցիները»։
Նկատի առնելով առաջարկված պատվիրանների ծանրությունը և հրամանների վսեմությունը` ժողովուրդը պետք է տրտմեր և ընկներ հուսահատության մեջ, սակայն Վարդապետի զորությունն այնպիսին էր, որ Նա շատերին գերեց և մեծագույն հիացմունք առաջացրեց նրանց մեջ, ու Իր խոսքերի քաղցրությամբ համոզեց Իրենից չհեռանալ նույնիսկ այն ժամանակ, երբ Ինքը դադարել էր խոսել: Նույնիսկ այն ժամանակ, երբ Հիսուս արդեն իջել էր լեռից, Նրա ունկնդիրները դեռևս չէին հեռանում, այլ բոլորը հետևում էին Նրան. ահա թե որքան մեծ սեր էր Հիսուս ներշնչել Իր խոսքերի հանդեպ:
Բայց մարդիկ առավելապես զարմանում էին Քրիստոսի իշխանության վրա, քանի որ Նա Իր խոսքն ասում էր ոչ թե մեկ ուրիշի անունից, ինչպես Մովսես մարգարեն, այլ ամենուր ցույց էր տալիս, որ Ինքն Իրենով իշխանություն ունի: Այսպես, օրենքներ սահմանելով, Հիսուս անընդհատ ավելացնում էր. «Իսկ Ես ձեզ ասում եմ…»: Եվ, վերջին օրվա մասին հիշատակելով, Իրեն ներկայացնում էր որպես Դատավոր՝ և՛ պատիժների, և՛ պարգևների հատուցման առումով: Այս ամենը, կարծես թե, պետք է խռովության մեջ գցեր Իր ունկնդիրներին: Իսկապես որ, եթե դպիրները քարեր էին նետում Հիսուս Քրիստոսի վրա և վտարում էին Նրան, երբ Նա արդեն իսկ Իր գործերով ապացուցում էր Իր իշխանությունը, ապա ժողովուրդն ինչպե՞ս չէր գայթակղվի այժմ, երբ Նա միայն Իր խոսքերով էր ապացուցում այդ իշխանությունը` հատկապես, երբ այդ խոսքերն ասվել էին հենց սկզբում, նախքան Հիսուս գործնականում ցույց կտար Իր զորությունը: Եվ, այսուամենայնիվ, ժողովրդի հետ նման բան չպատահեց: Այսպիսով, երբ սիրտն ու միտքը բարի տրամադրվածություն ունեն, այդժամ դյուրությամբ են համոզվում ճշմարտության խոսքերին: Ահա թե ինչու դպիրները գայթակղվում էին նույնիսկ այն ժամանակ, երբ նշանները վկայում էին Փրկչի զորության մասին, իսկ ահա ներկայիս ունկնդիրները միայն Քրիստոսի ուսմունքին հառելով իրենց ուշադրությունը` հնազանդվում և հետևում էին Նրան: Սա է ցույց տալիս նաև ավետարանիչն իր այս խոսքերով. «Նրա հետևից շատ ժողովուրդ գնաց» (Մատթ. 8:1), այսինքն՝ Նրան հետևեց ոչ թե որևէ մեկը` ժողովրդի առաջնորդներից կամ օրենսգետներից, այլ միայն նրանք, ովքեր զերծ էին խորամանկությունից և ունեին անկեղծ նպատակադրվածություն: Ամբողջ Ավետարանում կարելի է տեսնել, որ միայն վերջիններս էին «կառչում» Հիսուսից:
Այսպիսով, երբ Քրիստոս խոսում էր, ժողովուրդը լուռ լսում էր և ոչինչ չէր ավելացնում Նրա խոսքերին. մարդիկ չէին ընդհատում, չէին փորձում Նրան և առիթ չէին փնտրում Նրան բռնելու համար, ինչպես դա անում էին փարիսեցիները: Իսկ ահա Փրկչի քարոզության ավարտից հետո էլ ամենքն էլ հիացմունքով հետևում էին Նրան: Ուշադրությո´ւն դարձրու Տիրոջ իմաստությանը, թե ինչպիսի բազմազանությամբ է Նա վեր հանում ներկաների օգուտը, երբ անցնում է հրաշքներից` խոսքերի, ապա խոսքերից՝ հրաշքների: Նախքան լեռը բարձրանալը Հիսուս շատերին բժշկեց՝ դրանով իսկ ճանապարհ հարթելով իր քարոզության համար, և այս երկարաշունչ խոսքն ավարտելուց հետո էլ Նա կրկին վերադառնում է հրաշքներին, որպեսզի գործով հաստատի Իր ասած խոսքերը:
Քանի որ Հիսուս ուսուցանում էր որպես իշխանություն ունեցող մեկը, ուստի, որպեսզի Նրա ուսուցման այդ ձևը հպարտությամբ և գոռոզությամբ լեցուն քարոզություն չհամարվեր, Փրկիչը նույնը հաստատում է նաև գործերով և, որպես իշխանություն ունեցող մեկը, բժշկում է հիվանդությունները, որպեսզի նրանք, ովքեր տեսել էին Նրան այդպիսի զորությամբ ուսուցանողի կերպարում, այլևս չխռովվեին` տեսնելով, թե Նա ինչպես է Իր այդ նույն իշխանությամբ հրաշքներ գործում:
Հովհաննես Ծործորեցի (†1338)
28-29. Երբ Յիսուս այս բոլոր խօսքերն աւարտեց, ժողովուրդը զարմանում էր նրա վարդապետութեան վրայ. որովհետեւ ուսուցանում էր ինչպէս մէկը, որ հեղինակութիւն ունի եւ ոչ թէ՝ ինչպէս օրէնսգէտները:
Երբ Հիսուսն ավարտեց այս բոլոր խոսքերը, ժողովուրդը զարմացավ Նրա վարդապետության վրա, որովհետև ասես իշխանությամբ էր սովորեցնում և ոչ թե ինչպես օրենսգետները:
Թեպետ պետք էր, որ ձանձրանային այդ ծանր խոսքերից ու բարձր հրամաններից, սակայն ահա հրճվելով զարմանում էին և բնավ չէին կամենում, որ Նա լռեր, որովհետև իսկապես, ըստ մարգարեի, «Տիրոջ ձայնը զորավոր ձայն է»(հմմտ. Սաղմ. 28։4), որով զորանալով՝ նրանց միտքը կատարելագործվեց Նրա ուսմունքով, ուստի նաև հեռանալ չէին կամենում: Սա է հայտնում «Երբ Հիսուսն ավարտեց այս բոլոր խոսքերը, ժողովուրդը զարմացավ [Նրա վարդապետության վրա]» [խոսքը]: Նախ՝ կատարյալ և իմաստուն խոսքերի պատճառով: Երկրորդ՝ իշխանությամբ խոսելու, որովհետև խոսքը մի ուրիշին չէր վերագրում, ինչպես Մովսեսը և այլ մարգարեներն ու օրենսգետները, այլ Օրենքը ներկայացնելիս հաճախ ասում էր. «Ե՛ս ասում եմ» (Մատթ. 4։22), և թե՝ «Շատերը Դատաստանի օրը կասեն Ի՛նձ» (հմմտ. Մատթ. 7։22): Պետք էր, որ նրանք խռովվեին, սակայն հավանելով զարմանում էին ճշմարտությունը [Նրա] խոսելու պատճառով: Եվ երրորդ՝ որովհետև ինչ որ ասում էր, կատարում էր, և ոչ թե ինչպես [հրեա] օրենսգետները, որ ասում էին ու չէին կատարում, ուստի վերջիններիս խոսքը ծանրատաղտուկ էր թվում, իսկ [Հիսուսինը]՝ զարմանալի:
Այլաբանորեն՝ երբ Հիսուսն Իր մարդեղության խորհուրդը երկրում ավարտին հասցրեց՝ իրականացնելով մարգարեների բոլոր խոսքերը, և բարձրանում էր երկինք, վերին Սիոնի դասերն ու երկնքի ճշմարիտ ժողովուրդը զարմացած հարցնում էին. «Այս ո՞վ է, որ դիմել գալիս է Եդոմից» (Ես. 63։1), և միմյանց ասում. «Բարձրացրե՛ք, իշխաննե՛ր, ձեր դռները» (Սաղմ. 23։7): Իսկ Նա իշխանությամբ սովորեցնում էր տեղի ունեցածի խորհուրդը. «Ես արդարության մասին եմ խոսում և փրկության իրավունքի մասին պատմում» (Ես. 63։1), և սրանց մինչ այդ անտեղյակ էին երկնային իմաստության օրենսգետները:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
28-29. Երբ Յիսուս այս բոլոր խօսքերն աւարտեց, ժողովուրդը զարմանում էր նրա վարդապետութեան վրայ. որովհետեւ ուսուցանում էր ինչպէս մէկը, որ հեղինակութիւն ունի եւ ոչ թէ՝ ինչպէս օրէնսգէտները:
Լեռան քարոզը մեծ տպավորություն թողեց ունկնդիրների վրա «Զարմանային ժողովուրդքն ընդ վարդապետութիւն նորա» ասում է Մատթեոսը, և այստեղ հաստատվում է այն, ինչ որ արդեն քննեցինք (Մատթ․ 5։1-2), որ քարոզությունն հավասարապես ուղղված էր և’ աշակերտներին, և’ ժողովրդին: Նաև կարող ենք ասել, որ միգուցե Հիսուս բոլորը մեկ անգամից և մեկ օրվա ընթացքում չխոսեց, այլ լեռան վրա մի քանի օր առանձնացած մնաց, և ժողովուրդն էլ մասամբ հեռացավ և մասամբ էլ փոխվեց և այս օրերի տարբերությունն էլ պատճառ է եղել տարբեր նյութերի:
Ժողովրդի զարմանքն ավելի էր մեծանում այն բանից, որ Հիսուս այնպիսի շեշտ ու ոճ էր խառնում իր քարոզին, որն ամենևին չէր նմանվում դպիրների քարոզներին, այսինքն սովորաբար Շաբաթ օրերին ժողովարաններում Ս. Գիրքը մեկնողների խոսքերին: Հիսուս իշխանությամբ էր ուսուցանում, իր հեղինակությամբ կետեր էր ավելացնում, միանգամից վճռաբար բացատրում էր գրվածքի իմաստը, դյուրաբար հերքում էր ընդդիմախոսների կարծիքները, ապօրինի գործերն ու կեղծ ընթացքները համարձակորեն պախարակում էր: Նույնիսկ ավետարանիչների մեզ հասցված ամփոփումը շատ պարզ ու որոշակի կերպով հայտնում է սույն հանգամանքները: Հետևաբար ժողովուրդը Հիսուսի մասին մեծ գաղափար կազմելու, նրան իբրև մեծ և արտասովոր վարդապետ ընդունելու իրավունքն ուներ, մանավանդ, որ միայն խոսքով չէր հայտնում իր մեծությունը, այլ գործով էր հաստատում, մի կողմից անբասիր և բոլորովին աստվածահաճո կյանք, մյուս կողմից` բժշկություններ ու հրաշքներ:
Երբ Կափառնայումում Հիսուսի դեմ դպիրների հակառակությունը զորացել էր ու դավադիր խոսքեր էին պտտվում (Մատթ․ 12։15-21), նա արդեն հեռացել էր այնտեղից: Այն օրից բավական ժամանակ էր անցել, զրույցները մարել էին, իսկ լեռան վրա կատարված բժշկություններն ու հրաշքները, ընտրություններն ու քարոզությունները բազմապատկել էին ժողովրդի եռանդը, և հետևաբար սկսեց լեռից վայր իջնել, ժողովուրդն էլ խառն բազմությամբ հետևեց նրան: Այդպես անցավ ծովեզերքը, ու եկավ նորից Կափառնայում մտավ, իր սովորական բնակարանը, ինչպես արդեն տեսանք (Մատթ․ 4։13-16), այնտեղ էր նաև իր մայրը:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: