Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 8:1

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

1-3. «Երբ Նա իջավ լեռան վրայից, Նրա հետևից ժողովրդի մեծ բազմություն գնաց»։ «Եվ ահա մոտեցավ մի բորոտ և, երկրպագելով Նրան, ասաց. «Տե՛ր, եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել»։ «Հիսուս, ձեռքը մեկնելով, դիպավ նրան ու ասաց. «Կամենում եմ, մաքրվի՛ր»։ Եվ նա իսկույն մաքրվեց բորոտությունից»։
   
    Մոտեցող բորոտը մեծ խելամտություն ու հավատք ուներ: Նա չընդհատեց Քրիստոսի քարոզությունը, չփորձեց խառնվել ժողովրդի մեջ, այլ սպասեց հարմար ժամանակի և մոտեցավ միայն այն ժամանակ, երբ Քրիստոս լեռից: Ու ոչ թե պարզապես մոտեցավ, այլ Փրկչին դիմեց մեծ ջերմեռանդությամբ, և, ինչպես ասում է ավետարանիչներից մյուսը, ծնկի իջավ Հիսուսի առջև (տե´ս Մարկ. 1:40): Այս բորոտը դիմեց Փրկչին ու Նրան խնդրեց անկեղծ հավատով և Նրա մասին ունեցած վսեմ պատկերացումներով: Իրոք որ, բորոտը չասաց՝ «եթե խնդրես Աստծուն», կամ՝ «եթե աղոթես Նրան», այլ՝ «եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել»: Դարձյալ, բորոտը չասաց՝ «Տե՛ր, մաքրի՛ր», այլ ամենը հանձնեց Հիսուսի տնօրինությանը` բուժումը թողնելով Նրա կամքին և վկայելով Նրա գերագույն իշխանության մասին: Իսկ եթե ոմանք ասեն, թե բորոտի պատկերացումը սխալ էր: Այդ դեպքում Քրիստոս պետք է հերքեր նրան, մեղադրեր և շտկեր: Բայց Հիսուս արե՞ց դա: Ո´չ, ընդհակառակը, Նա ամրապնդում և հաստատում է բորոտի բոլոր խոսքերը: Այս իսկ պատճառով էլ Քրիստոս չասաց՝ «մաքրվի՛ր», այլ՝ «կամենում եմ, մաքրվի՛ր»: Այնպես որ Քրիստոսի զորության մասին բորոտի ունեցած պատկերացումն այլևս միայն բորոտի տեսակետը չէր, այլև հենց Իր` Քրիստոսի´ մտածումը: Առաքյալներն այդ կերպ չէին խոսում: Ահավասիկ, երբ ամբողջ ժողովուրդը զարմանում էր, նրանք ասում էին. «Ինչո՞ւ եք մեզ նայում այնպես, կարծես մենք մեր սեփական զորությամբ կամ բարեպաշտությամբ ստիպեցինք նրան քայլել» (հմմտ. Գործք 3:12): Մինչդեռ Տերը, թեև հաճախ համեստությամբ էր խոսում և ասում էր շատ խոսքեր, որոնք Իր փառքից ավելի «ցածր» էին, այստեղ, սակայն, Իր զորության վերաբերյալ գաղափարն ամրապնդելու նպատակով Իր գործածած իշխանությունից զարմացած ունկնդիրներին ասում է. «Կամենում եմ, մաքրվի՛ր»: Թեև Հիսուս նախկինում էլ բազմաթիվ և մեծամեծ հրաշքներ էր գործել, բայց, ինչպես հայտնի է, այս կերպ երբեք չէր խոսել:

    Այստեղ, սակայն, որպեսզի հաստատեր Իր իշխանության վերաբերյալ թե՛ բորոտի, և թե՛ ամբողջ ժողովրդի կարծիքը, Քրիստոս ասում է՝ «կամենում եմ», - և Իր խոսքն անկատար չի թողնում, այլ այն հաստատում է անմիջապես հաջորդող գործով: Եթե Հիսուս անարդարացիորեն խոսեր և հայհոյախոսություն արտասաներ, ապա գործը պետք է խափանվեր: Մինչդեռ այդժամ բնությունը, հրամանը ստանալով, հնազանդվում է, և հնազանդվում է ըստ ամենայնի` նույնիսկ ավելի մեծ արագությամբ, քան ավետարանիչն է նշում:

    «Իսկույն» բառը չի արտահայտում այն արագությունը, որով կատարվեց հրաշքը: Ավելին, Փրկիչը պարզապես չասաց՝ «կամենում եմ, մաքրվիր», այլ, «ձեռքը մեկնելով, դիպավ նրան»: Այս վերջին հավելումը հատկապես արժանի է ուսումնասիրության: Ինչո՞ւ է որ Փրկիչը, բորոտին Իր կամքով և խոսքով մաքրելով հանդերձ, նաև ձեռքով էլ դիպավ նրան: Ինձ թվում է՝ ոչ այլ պատճառով, բացի նրանից, որ այդ եղանակով ցույց տար Իր` օրենքից վեր, ու ոչ թե` օրենքին ենթակա լինելը, ինչպես նաև ա´յն, որ մաքուրի համար ոչինչ անմաքուր չէ:

    Այդ նույն կերպ նաև Եղիսե մարգարեն նույնիսկ չնայեց Նեեմանին, - և նույնիսկ այնժամ, երբ իմացավ, որ ինքը, Նեեմանին մոտ չգնալով և նրան չդիպչելով, դրանով իսկ վերջինիս գայթակղության մեջ է գցել, նույնիսկ այդ ժամանակ, խստորեն պահելով օրենքը, ինքը մնաց տանը, իսկ Նեեմանին էլ ուղարկեց Հորդանանում լվացվելու: Բայց Տերը, ի ցույց այն ամենի, որ Ինքը բուժում է ոչ թե որպես ծառա, այլ որպես Տեր, դիպչում է բորոտին: Քրիստոսի ձեռքը, բորոտությանը դիպչելով, անմաքուր չդարձավ, մինչդեռ բորոտ մարմինը սուրբ ձեռքին հաղորդակցվելու շնորհիվ մաքուր դարձավ: Քրիստոս եկավ բուժելու ոչ միայն մարմինները, այլև` ճշմարիտ իմաստության բարձրացնելու հոգիները:

    Ինչպես որ կերակուրների միջև զանազանություն չմտցնելու մասին վսեմ օրենքը ներմուծելով` Քրիստոս այլևս չէր արգելում ուտել չլվացված ձեռքերով, այնպես էլ այստեղ, ի միջի այլոց, սովորեցնում է, որ պետք է հոգ տանել հոգո´ւ մասին և, թողնելով արտաքին մաքրությանը վերաբերող հարցերը, անհրաժեշտ է հոգի´ն մաքրել և վախենալ միայն հոգևո´ր բորոտությունից, որն է մեղքը: Մարմնական բորոտությունը բնավ չի խանգարում առաքինությանը: Հիսուս Ինքն է առաջինը դիպչում բորոտին, և ոչ ոք Նրան չի մեղադրում դրա համար:

    Դատաստանը անաչառ էր, և դիտորդները զերծ էին նախանձից: Ուստի նրանք ոչ միայն չնսեմացրին հրաշքը, այլև հիացմունքով ընդունեցին այն որպես ճշմարիտ հրաշագործություն՝ լցվելով Փրկչի անհաղթելի զորության` թե´ Նրա ուսմունքի, և թե´ Նրա գործերի հանդեպ պատկառանքով:

    «Հիսուս, ձեռքը մեկնելով, դիպավ նրան ու ասաց. «Կամենում եմ, մաքրվի՛ր»։ Եվ նա իսկույն մաքրվեց բորոտությունից» - Ինչո՞ւ դիպավ: Որպեսզի այդպիսով քեզ ցույց տար, որ Ինքը ծառա չէ` հպատակ օրենքին, այլ Տեր է` օրենքից վեր կանգնած: Ինչո՞վ Նա կատարեց օրենքը: Նրանով, որ ասաց՝ «կամենում եմ, մաքրվի՛ր», և ոչ թե նախ` բորոտին դիպչելով: Խոսքը նախորդեց գործին. Հիսուս վանեց հիվանդությունը, և ապա դիպավ անմաքուրին ու ասաց՝ «կամենում եմ, մաքրվի՛ր»: Եվ, ահավասիկ, «նա իսկույն մաքրվեց բորոտությունից»: Ավետարանիչն այլ արտահայտչամիջոց չգտավ, - որովհետև «իսկույն» բառը չի արտահայտում այդքան արագ կատարվող գործողությունը, - չգտավ այնպիսի մի արտահայտչամիջոց, որը լիովին կհամապատասխաներ գործողության արագությանը: «Իսկույն», այսինքն՝ ինչպե՞ս: Այսինքն` հենց ա´յն պահին, երբ խոսքն արտասանվեց, հիվանդությունը վերացավ, բորոտությունը անցավ, և բորոտը դարձավ մաքուր:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Երբ Յիսուս իջաւ լեռից, նրա յետեւից շատ ժողովուրդ գնաց:
   
    Երբ իջավ լեռից, Նրա հետևից բազմաքանակ ժողովուրդ գնաց:

    Երբ այս վարդապետությունը սկսում էր, բարձրացավ լեռ երեք պատճառով: Առաջին՝ որպեսզի լսողների ականջներն աղմուկից հեռու լինեին, և նրանք մտքի մեջ դյուրավ դրոշմեին ուսուցանվող խոսքերը: Երկրորդ՝ որպեսզի իմանային, որ Նա այն նույնն է, Ով Սինա լեռան վրա Օրենքը տվեց՝ գրված Նրա մատով՝ քարե տախտակների վրա (Ելք 24), և Ով այժմ Նոր կտակարանը խոսքով գրում է նրանց սրտի մեջ: Եվ երրորդ՝ լեռան բարձրությամբ ցույց է տալիս [ուսուցանվող] խորհուրդների բարձրությունը, որոնցով նրանց միտքը դեպի երկինք է ուղղում:

    Իսկ այժմ իջնելով՝ նրանց հանգիստ է տալիս, որովհետև միտքը չի կարող միշտ աստվածային խոսքերն ընդունել՝ լծված լինելով հողեղեն մարմնին, ուստի հոգու օգտակարության համար [Տերը] թույլ է տալիս սովորածը խոկմամբ որոճալ:

    Նրանով, որ [ավետարանիչն] ասում է. «Նրա հետևից բազմաքանակ ժողովուրդ գնաց», [նկատի] չունի օրենսգետներին և փարիսեցիներին, այլ նրանց, ովքեր անսացին ճշմարիտ վարդապետությանը և մտքի հավանությամբ վառվեցին Նրա խոսքերի հանդեպ սիրով, որպեսզի կրկնակի օգուտ ունենան՝ կա՛մ [Նրա] խոսքերից, կա՛մ հրաշքներից:

    Այլաբանորեն՝ «լեռ» ենք հասկանում երկինքը՝ բարձր և անվանելի լինելու պատճառով, որտեղից Հոր Խոսքն իջավ Կույսի արգանդը՝ մարմին առնելով՝ ըստ այսմ. «Ոչ ոք չելավ երկինք, բացի երկնքից իջած Մարդու Որդուց» (Հովհ. 3։13), ո՛չ տեղի փոփոխմամբ, այլ բարձրությունից նվաստության [իջնելով]՝ ըստ առաքյալի. «Հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինելը, այլ Իրեն դատարկեց» (Փիլպ. 2։6-7): Սա՛ է «իջավ»-ի [իմաստը]:

    Եվ Նրա հետևից բազմաքանակ ժողովուրդ գնաց: Նախ՝ երկնային ժողովուրդը՝ Նրա ծննդյան ժամանակ, ովքեր «Փա՜ռք բարձունքներում» էին երգում և իջան սպասավորելու Նրա տնօրենությանը (Ղուկ. 2։13-14), և ապա՝ նրանք, ովքեր Նրա հարությունից հետո դժոխքից ու գերեզմաններից հարություն առան, երբ իջավ երկրի ներքին կողմը, ինչպես նաև է՛լ ավելի շատեր, ովքեր գնացին ու գնում են այժմ Նրա հետևից՝ հավատով, հույսով ու սիրով խաչակից լինելով Փրկչին: Այս բազմությանը տեսավ Հովհաննեսը հայտնության մեջ. նրանք կանգնած էին Աստծո և Նրա Գառան առաջ՝ հագած սպիտակ պատմուճաններ և եկած մեծ վշտերից (Հայտ. 7։14):
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

1-2․ Երբ Յիսուս իջաւ լեռից, նրա յետեւից շատ ժողովուրդ գնաց: Եւ ահա մի բորոտ մօտենալով՝ նրան երկրպագում էր ու ասում. «Տէ՛ր, եթէ կամենաս, կարող ես ինձ մաքրել»:
   
    «Երբ Հիսուս իջավ լեռից, Նրա ետևից շատ ժողովուրդ գնաց: Եվ ահա մի բորոտ, մոտենալով Նրան, երկրպագում էր ու ասում. «Տե՛ր, եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել»:

    «Բորոտ» պետք է իմանալ ոչ միայն մարմնով, այլև հոգով: Դրա համար էլ չէր կարողանում բարձրանալ լեռը և լսել վեհագույն վարդապետությունը: Իսկ Հիսուսի լեռից իջնելիս, այսինքն՝ բարձր վարդապետության դադարից հետո մոտենալով սրբվեց հոգու բորոտությունից, հավատալով, որ եթե կամենա, կարող է իրեն մաքրել ապա Աստծու Խոսքով սրբվեց մարմնի բորոտությունից:

    Եվ արդյոք ինչո՞ւ էր հրամայված ոչ ոքի չասել, այլ իրեն ցույց տալ քահանային [միայն]: Կարծում եմ [այսպես] է պատվիրել, որպեսզի Նրա համբավը չտարածվի Հրեաստանում, թե Աստված է, քանզի խոսքով բորոտին սրբելը Աստծու և աստվածային զորության գործ է: Իսկ Հիսուս դեռևս չէր կամենում Իրեն հայտնել, թե Աստծու Որդի է և մարդացավ:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Երբ Յիսուս իջաւ լեռից, նրա յետեւից շատ ժողովուրդ գնաց:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 7։28