Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 8:21

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

21-22. «Նրա աշակերտներից մեկն էլ ասաց Նրան. «Տե՛ր, թո՛ւյլ տուր ինձ՝ գնամ և նախ հորս թաղեմ»։  «Բայց Հիսուս նրան ասաց. «Արի՛ իմ հետևից և թո՛ղ մեռածներին, որ իրենք թաղեն իրենց մեռելներին»»։
   
    Եվ, ինչպես շարունակում է ավետարանիչը, մեկ ուրիշն էլ Հիսուսին ասում է. «Տե՛ր, թո՛ւյլ տուր ինձ՝ գնամ և նախ հորս թաղեմ»: Տեսնո՞ւմ ես տարբերությունը: Այն մեկն անամոթաբար ասում էր. «Ես Քո հետևից կգամ, ո՛ւր էլ որ Դու գնաս» (Մատթ. 8:19), իսկ սա, նույնիսկ մի բարեպաշտ գործի համար թույլտվություն խնդրելով, ասում է. «Թո´ւյլ տուր ինձ»: Այնուամենայնիվ, Քրիստոս չի թույլատրում, այլ ասում է. «Արի՛ իմ հետևից և թո՛ղ մեռածներին, որ իրենք թաղեն իրենց մեռելներին»:

    Փրկիչն ամենուր ուշադրություն էր դարձնում մարդու մտադրությանը: Բայց ինչո՞ւ, -գուցե հարցնի մեկը, - Նա չընդառաջեց սեփական հորը հուղարկավորելու երիտասարդի այս խնդրանքին: Որովհետև առանց Հիսուսին դիմած այս մարդու էլ կային այնպիսիք, ովքեր կարող էին կատարել այդ գործը, և մահացածը, անշուշտ, առանց հուղարկավորության չէր մնա: Մինչդեռ աշակերտը չպետք է հեռանար առավել անհրաժեշտ առաքելությունից: Ասելով՝ «իրենց մեռելներին», Հիսուս ցույց է տալիս, որ մահացածն Իրեն չէր պատկանում: Մահացածը, իմ կարծիքով, անհավատներից մեկն էր:

    Եթե դու հիանում ես այս երիտասարդի պահվածքով ա´յն բանի համար, որ նա Հիսուսին խնդրանքով դիմեց այսպիսի մի անհրաժեշտ գործի համար և ինքնակամ չգնաց իր այդ պարտավորությունն իրականացնելու, ապա ավելի շատ հիացի՛ր այն իրողությամբ, որ երիտասարդը շարունակեց Հիսուսի կողքին մնալ նույնիսկ այն ժամանակ, երբ մերժում ստացավ Փրկչից: Բայց գուցե մեկն ասի, թե սեփական հոր թաղմանը ներկա չլինելը, հավանաբար, խորը երախտամոռության նշան կարող էր դիտվել: Եթե այս երիտասարդը դա արած լիներ իր ծուլության պատճառով, ապա այն կդիտվեր որպես անշնորհակալության դրսևորում, բայց քանի նա այսպես վարվեց` չընդհատելու համար ամենաանհրաժեշտ այդ գործը (ասել է թե` Քրիստոսին հետևելու իր առաքելությունը), ուստի այս պարագայում Փրկչից հեռանա´լը կլիներ մեծագույն անխոհեմության նշան:

    Իհարկե, Հիսուս արգելեց նրան ոչ թե այն պատճառով, քանի որ ընդունելի չէր համարում ծնողներին պատիվ մատուցելը, այլ որպեսզի ցույց տար, որ ոչինչ մեզ համար ավելի կարևոր չպետք է լինի, քան երկնայինը, և որ մեծ խնամքով պետք է ձգտել երկնային բարիքներին ու չպետք է մոռանալ դրանց մասին նույնիսկ ամենակարճ մի ժամանակով, չնայած այն հանգամանքին, որ մեզ կարող են շեղել ամենաանհրաժեշտ և անխուսափելի թվացող զբաղումները: Իրոք որ, ի՞նչը կարող էր ավելի անհրաժեշտ լինել, քան սեփական հորը թաղելու գործը, և ի՞նչը կարող էր դրանից ավելի «հեշտ» լինել: Դրա համար պահանջվում էր ընդամենը մի փոքր ժամանակ: Եթե նույնիսկ այդքան չնչին ժամանակով, որն անհրաժեշտ էր հոր թաղման համար, չի կարելի (հոգևոր առումով անվտանգ չէ) թողնել հոգևոր գործերը, ապա պատկերացրո´ւ, թե մենք ինչի՞ ենք արժանի, երբ մշտապես հետին պլան ենք մղում քրիստոնեական գործերը և ամենաաննշան զբաղումն իսկ գերադասում ենք անհրաժեշտից, ու նույնիսկ առանց որևէ հիմնավոր պատճառ ունենալու ենք անփութության մատնվում:

    Ավելին, Փրկչի ուսուցման իմաստությամբ պետք է հիանալ նաև ա´յն պատճառով, որ Հիսուս միայն Իր խոսքով խորապես գրավեց երիտասարդին և, միաժամանակ, ազատեց նրան անթիվ չարիքներից, ինչպիսիք են՝ ողբը, լացը և այդ ամենից բխող հետևանքները: Իրոք որ, թաղումից հետո պետք էր քննել կտակները, զբաղվել ժառանգության բաժանմամբ և այն ամենով, ինչ տեղի է ունենում նման դեպքերում, ու այդպիսով, այդ փոթորիկը, ալիք առ ալիք նրան ավելի ու ավելի հեռու տանելով, մեծապես կհեռացներ ճշմարտության նավահանգստից:

    Այս իսկ պատճառով էլ Քրիստոս Իր կողմն է գրավում և ասես «շղթայում» է այդ երիտասարդին: Եթե դու դեռ զարմանում և խռովվում ես, քանի որ նրան չթույլատրվեց ներկա լինել սեփական հոր թաղմանը, ապա պատկերացրո´ւ, որ շատերը թույլ սիրտ ունեցող մարդկանց թույլ չեն տալիս իմանալ իրենց մերձավորների մահվան մասին և չեն թույլատրում մոտենալ դագաղին, եթե անգամ հանգուցյալը տվյալ մարդու հայրը, մայրը, որդին կամ մի այլ հարազատ է լինում: Այս դեպքում մենք, միանգամայն արդարացիորեն, այդպես վարվողներին չենք մեղադրում դաժանության ու անմարդկայնության մեջ: Ընդհակառակը, թույլ սիրտ ունեցող մարդկանց ողբի կապանքներին մատնվելու թույլատրություն տալը կլիներ դաժանության դրսևորում:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ իր աշակերտներից մէկն ասաց. «Տէ՛ր, ինձ թո՛յլ տուր, որ գնամ նախ իմ հօրը թաղեմ»:
   

    Նրա աշակերտներից մեկն ասաց Նրան. «Տե՛ր, թո՛ւյլ տուր ինձ, որ գնամ նախ հորս թաղեմ»:

    Տե՛ս հնազանդ աշակերտի խոնարհությունը, ով երկու բանի հնազանդվեց. մեկը՝ որ առանց հարցնելու չգնաց, և մյուսը՝ երբ [Հիսուսն] արգելեց, անսաց և Նրա խոսքն իր հոր մահից նախապատիվ համարեց: Իսկ ասելը. «Նախ հորս թաղեմ», ինձ թվում է, փորձություն էր այս աշակերտի համար, որովհետև երբ աշակերտելու եկավ, հոր մահը պատահեց, որպեսզի նրա մահվան գույժով և թաղմամբ հեռանար ու զրկվեր աշակերտությունից, ինչի մասին փորձությունը վանող Տերն իմանալով՝ [աշակերտին] դեպի Իրեն ձգեց: Որովհետև ինչպես պատմում է Ղուկասը (Ղուկ. 9։59), օրենսգետին մերժելուց հետո սրան կանչեց, որպեսզի չկարծվեր, թե շատերին արհամարհում է և ոչ ոքի չի շահում փրկության համար: Նրան, ով ախտով էր գալիս, մերժեց, իսկ սրան, ով պարզամիտ էր, Իր մոտ վերցրեց, որպեսզի սրանով Իր գիտությունը, ինչպես նաև զորությունը հայտնի դարձներ, որ ո՛չ միայն կանչեց [վերջինին], այլև հորը թաղելուց հեռու պահեց և նրա կամքի ցանկությունն Իր սիրուն բևեռեց:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

21-22. «Եվ Իր աշակերտներից մեկն ասաց. «Տե՛ր, ինձ թո՛ւյլ տուր, որ գնամ նախ իմ հորը թաղեմ: Հիսուս նրան ասաց. «Դու իմ ետև՛ից արի և թո՛ւյլ տուր, որ մեռյալները թաղեն իրենց մեռելներին» :
   
    Ովքեր չարությունից առաքինության են փոխվում, սրանց չարության հայրը՝ սատանան, մեռնում է, իսկ Քրիստոս կենդանանում է նրանցում, ինչպես ասում է երանելի Պողոսը. «Քրիստոս կենդանի է ինձանում» (Գործք 25։19): Իսկ ովքեր չարության մեջ են մնում և կամ առաքինությունից չարության են փոխվում, նրանց մեջ կենդանի է իրենց հայրը՝ սատանան, իսկ իրենք՝ մեղքերով մեռած են:
    Եվ դրա համար Հիսուս ասաց դպիրին, թե քո մեջ ինձ համար բնակության տեղ չկա, քանզի քո հայրը կենդանի է քեզանում, իսկ աշակերտին, ում չարության հայրը մեռած էր, ասաց, թե իմ ետևից արի, քանզի քեզանում եմ բնակվելու, իսկ ովքեր մեղքերով և անիրավությամբ մեռած են, թո՛ւյլ տուր նրանց թաղել իրենց մեռելներին (Մատթ. 8։19-21):
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ իր աշակերտներից մէկն ասաց. «Տէ՛ր, ինձ թո՛յլ տուր, որ գնամ նախ իմ հօրը թաղեմ»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 8:19