Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
18-19. «Երբ Նա այս բաներն էր խոսում նրանց հետ, ահա մի իշխան մոտեցավ Նրան և, Նրա առաջ խոնարհվելով, ասաց. «Աղջիկս մահամերձ է, բայց արի՛, ձեռքդ նրա վրա՛ դիր, և նա կկենդանանա»»։ «Եվ, վեր կենալով, Հիսուս նրա հետևից գնաց, և Նրա աշակերտները ևս»։
Խոսքերին անմիջապես հետևեց նաև գործը, որպեսզի այդպիսով էլ առավել ամուր փակի փարիսեցիների բերանը: Քրիստոսի մոտ եկած մարդը ժողովարանի ղեկավարն էր, և նրա վիշտն ամենածանրն էր։ Այս իշխանն ընդամենը մեկ դուստր ուներ՝ տասներկու տարեկան, որ գտնվում էր իր երիտասարդության ծաղկման մեջ: Այդ պատճառով էլ Քրիստոս անմիջապես հարություն տվեց նրան:
Եթե Ղուկաս ավետարանիչն ասում է, որ ժողովարանի ղեկավարի տնից եկած մի քանիսը վերջինիս տեղեկացրին, թե «Քո դուստրը մեռավ, մի՛ անհանգստացրու Վարդապետին» (հմմտ․ Ղուկ. 8:49), ապա մենք պետք է ասենք, որ ժողովարանի իշխանն իր դստերն անվանել է մեռած՝ կա՛մ ճանապարհի երկարությունից ելնելով, կա՛մ ցանկանալով չափազանցեցնել իր դժբախտությունը: Իրոք որ, օգնություն խնդրող մարդիկ սովորություն ունեն մեծացնելու և ավելի սարսափազդու ձևով ներկայացնելու իրենց դժբախտությունները, որպեսզի ավելի հեշտությամբ արժանանան նրա՛նց ողորմությանը, ումից խնդրում են: Ուշադրություն դարձրեք ժողովարանի այս ղեկավարի կոպտությանը: Նա Քրիստոսին առաջարկում է երկու խնդրանք՝ որպեսզի գնա և որպեսզի Իր ձեռքը դնի նրա վրա: Սա ցույց էր տալիս, որ իշխանն իր դստերն այդ ժամանակ դեռևս շնչող վիճակում էր թողել:
Նույնն էր պահանջում մարգարեից նաև Նեեման Ասորին. «Ես էլ կարծում էի, — ասում է վերջինս, — թե գուցե կգա, կկանգնի ինձ մոտ…իր ձեռքը կդնի հիվանդ տեղի վրա» (Դ Թագ. 5:11): Այդպիսի կոպիտ մարդիկ կարիք ունեն տեսանելի և զգացական «ապացույցների»: Մարկոս Ավետարանիչն ասում է, որ Քրիստոս Իր հետ վերցրեց երեք աշակերտներին (Մարկ. 5:37)։ Նույնն է ասում նաև Ղուկասը (Ղուկ. 8:51), բայց Մատթեոսն աշակերտների թիվը չի նշում:
Ինչո՞ւ Տերն Իր հետ չվերցրեց Մատթեոսին, որը նոր էր միացել Իրեն: Ա՛յն պատճառով, որպեսզի նրա մեջ ավելի մեծ փափագ առաջացներ, և որովհետև Մատթեոսը դեռևս անկատար էր: Քրիստոս ոմանց գերադասում է մյուսներից, որպեսզի վերջիններս ջանան նմանվել առաջիններին: Իսկ ահա Մատթեոսի համար բավական էր նաև այն, որ նա տեսավ արյունահոսող կնոջ բժշկությունը և արժանացավ Քրիստոսի հետ միևնույն սեղանի շուրջ լինելու և միասնաբար կերակուր ճաշակելու վայելքին:
Երբ Հիսուս վեր կացավ, շատերը հետևեցին Նրան՝ թե՛ մի մեծ հրաշք տեսնելու համար, և թե՛ Հիսուսի մոտ եկած իշխանի անձնական արժանավորության պատճառով, ինչպես նաև ա՛յն պատճառով, որ մարդիկ իրենց խստասրտությամբ այնքան չէին փնտրում հոգիների առողջացում, որքան մարմնի բժշկություն: Այսպիսով, մի ամբողջ բազմություն հավաքվեց. ոմանք՝ սեփական հիվանդություններից մղված, մյուսները՝ ցանկանալով տեսնել ուրիշների բժշկությունը, իսկ ահա զուտ Քրիստոսի խոսքերն ու ուսուցումը լսելու համար շատ քչերն էին եկել: Այնուամենայնիվ, Տերն ամենքին թույլ չտվեց տուն մտնել, այլ վերցրեց միայն Իր աշակերտներին, և այն էլ՝ ոչ բոլորին՝ այդպիսով ևս, ինչպես միշտ, մեզ սովորեցնելով խուսափել մարդկային փառքից:
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Մինչ Յիսուս նրանց այս բաներն էր ասում, ահա մի իշխանաւոր, մօտենալով, երկրպագեց նրան ու ասաց. «Իմ դուստրը հէնց նոր մեռաւ, սակայն գայիր եւ քո ձեռքը նրա վրայ դնէիր, եւ նա կը կենդանանար»:
Երբ Նա սա խոսում էր նրանց հետ, ահա մի իշխան մոտեցավ, երկրպագեց Նրան և ասաց. «Դուստրս հենց նոր վախճանվեց. բայց ե՛կ, ձեռքդ դի՛ր նրա վրա, և կկենդանանա»:
Խոսքերի արդյունքը դարձյալ ժամանեց նախապես ասվածները հաստատելու համար: Այս իշխանը ժողովրդապետերից էր, Հայրոս անունով, և մոտեցավ ու երկրպագությամբ աղերսեց, որով Տեր և Աստված Նրան ցույց տվեց, քանի որ Օրենքում գրված էր. «Միայն քո Տեր Աստծուն կերկրպագես» (հմմտ. Բ Օր. 6։13): Նա մի տասներկուամյա, հույժ գեղեցիկ միամոր զավակ ուներ: [Իսկ նրանում, որ Մատթեոսն] ասում է. «Հենց նոր վախճանվեց», իսկ Ղուկասը՝ «Ոմանք եկան և ասում են. «Նրան նեղություն մի՛ տուր, որովհետև երեխան մեռավ» (հմմտ. Ղուկ. 8։49), Մարկոսն էլ թե՝ «[Դուստրս] մահամերձ է» (Մարկ. 5։23), հակասություն չկա, այլ երբ հայրը եկավ, [դուստրը] մահամերձ էր, և ժամանակի ձգվելու և երկար ճանապարհի պատճառով կարծեց, թե [արդեն] մեռած կլինի, և այս կարծիքն էլ ոմանք եկան հաստատեցին:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
18-19. Մինչ Յիսուս նրանց այս բաներն էր ասում, ահա մի իշխանաւոր, մօտենալով, երկրպագեց նրան ու ասաց. «Իմ դուստրը հէնց նոր մեռաւ, սակայն գայիր եւ քո ձեռքը նրա վրայ դնէիր, եւ նա կը կենդանանար»: Յիսուս վեր կացաւ եւ իր աշակերտների հետ միասին գնաց նրա յետեւից:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9:1
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: