Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
24-25. «Աշակերտն ուսուցչից առավել չէ, ոչ էլ ծառան՝ իր տիրոջից»։ «Աշակերտին բավական է, որ իր ուսուցչի նման լինի, և ծառային՝ իր տիրոջ նման։ Եթե տանտիրոջը «Բեեղզեբուղ» կոչեցին, ապա որքա՜ն ավելի՝ նրա ընտանիքի անդամներին»։
Տե՛ս, թե Քրիստոս ինչպես է Ինքն Իրեն բացահայտում որպես տիեզերքի Տեր, Աստված և Արարիչ։ Ի՞նչ է նշանակում՝ «Աշակերտն ուսուցչից առավել չէ, ոչ էլ ծառան՝ իր տիրոջից»։ Քանի դեռ մեկն աշակերտ է կամ ծառա, նա ի բնե իրեն ընձեռնված պատիվ չունի։ Այստեղ ինձ մի՛ ասա հազվադեպ [բացառությունների] մասին, այլ հասկացի՛ր ասվածը մեծամասնության [օրինակով]։ Եվ Քրիստոս չի ասում՝ «որքա՜ն ավելի՝ նրա ծառաներին», այլ՝ «որքա՜ն ավելի՝ նրա ընտանիքի անդամներին», որպեսզի ցույց տա Իր մտերմագույն մերձավորությունն աշակերտների հետ։ Այդպես նաև մեկ այլ տեղում Հիսուս ասում էր. «Ես այլևս ձեզ ծառա չեմ կոչում. դուք Իմ բարեկամներն եք» (Հովհ. 15:15, 14)։ Եվ այստեղ էլ չի ասում՝ «Եթե տան տիրոջը նախատեցին ու չարախոսեցին», այլ մատնանշում է հենց նախատինքի տեսակը՝ ասելով, որ Իրեն իսկ կոչեցին «Բեեղզեբուղ»։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
24-25. Աշակերտը աւելին չէ, քան վարդապետը, եւ ոչ էլ ծառան՝ քան իր տէրը: Աշակերտին հերիք է, եթէ լինի իր վարդապետի նման, եւ ծառային՝ իր տիրոջ նման. եթէ տանտիրոջը Բէեղզեբուղ կոչեցին, որչա՜փ եւս առաւել՝ նրա ընտանիքը:
Աշակերտն առավել չէ, քան ուսուցիչը, և ոչ ծառան՝ քան իր տերը: Աշակերտին բավական է, որ իր ուսուցչի նման լինի, և ծառային՝ իր տիրոջ նման:
Նախ այն է հայտնում, որ անհնար է, որ ով դեռևս աշակերտ է, իր ուսուցչից լավը լինի, և կամ ծառայության մեջ գտնվող ծառան լինի իր տիրոջ պես, և եթե երբեմն սա պատահում է, զարմանք է պատճառում՝ ըստ Սողոմոնի. «Ծառան, եթե թագավորի, և աղախինը, եթե տիկնոջ տեղը գրավի...» (հմմտ. Առակ. 30:22-23): Իսկ այստեղ [Տերը] բոլորի մասին է խոսում և ավելացնում է. «Աշակերտին բավական է, որ իր ուսուցչի նման լինի, և ծառային՝ իր տիրոջ նման», այսինքն՝ ձեր հալածանքներով ու չարչարանքներով Ինձ՝ Ուսուցչիս ու Տիրոջս նմանվելը բավական է ձեզ իբրև մխիթարություն, քանի որ դուք ավելի լավը չեք, քան Ես: Նաև սա ասելով՝ Իրեն քարոզում է իբրև ամենքի Տերը, Արարիչը և Ուսուցիչը և այսպիսով հնազանդություն պահանջում նրանցից: Այլև խոնարհություն է սովորեցնում, որպեսզի [չարչարանքների մեջ] տոկունություն ցուցաբերելուց հետո չհպարտանան, այլ վշտերն այդպես համբերությամբ տանեն և չափի մեջ պահեն իրենց, որով Ուսուցչին կնմանվեն՝ ըստ Ղուկասի. «Աշակերտի համար կատարելություն կլինի, երբ իր ուսուցչի նման դառնա» (հմմտ. Ղուկ. 6:40), և մեկ այլ տեղ էլ Տերն [ասում է]. «Երբ ամեն ինչ կատարեք, ասեք՝ անպիտան ծառա ենք» (Ղուկ. 17:10):
Եթե տանտերին Բեեղզեբուղ կոչեցին, որքա՛ն ավելի Նրա ընտանիքի անդամներին:
Չի ասում՝ «թշնամանեցին», այլ թշնամանքի գլուխը կոչեցին, և այդպես [կոչեցին] այս աշխարհի տան և [Երուսաղեմի] տաճարի Տիրոջը: Ուրեմն որքա՛ն ավելի [Նրա] ընտանիքի անդամներին [այդպես կկոչեն]: [Տերն առաքյալներին] ընտանիքի անդամներ է կոչում ազգակցության և սիրո պատճառով՝ ըստ այսմ. «Դուք Իմ բարեկամներն եք» (Հովհ. 15:14): Եթե Ինձ այսպես չարախոսեցին, ապա եթե ձեզ էլ «կախարդ» ու «մոլորեցուցիչ» անվանեն, դրանից մի՛ նեղվեք, որովհետև դրանք միայն բառեր են, ուրիշ ոչինչ: [Այս խոսքով Տերը] նաև Իր անոխակալ բարքն է ցույց տալիս, որ ներեց այդքան հանցավորների, որպեսզի սովորեցնի սեփական անձի համար վրեժխնդիր չլինել, այլ Տիրոջ և Նրա օրենքի:
Ստեփանոս Սյունեցի (†735)
Աշակերտը աւելին չէ, քան վարդապետը, եւ ոչ էլ ծառան՝ քան իր տէրը:
«Աշակերտը ավելին չէ, քան ուսուցիչը, և ոչ էլ՝ ծառան, քան տերը»:
Աշակերտը քանի դեռ աշակերտության մեջ է, անհնարին է, որ ավելի լավը լինի քան վարդապետը, և ծառան, երբ ծառայության մեջ է, առավել լինի, քան տերը: Սակայն այս ասված է Իր և առաքյալների համար, քանի որ ասաց. «Եթե ձեզ հալածեն այս քաղաքից, կփախչեք դեպի մեկ ուրիշը, և եթե ձեզ դրանից էլ հալածեն, կփախչեք դեպի այն մյուսը» (Մատթ. 10:23):
Այժմ էլ, կարծես նրանց մխիթարելով փախուստի համար, ասաց. «Մի՛ տրտմեցեք, եթե ձեզ փախուստի մատնեն, քանի որ դո՛ւք, ծառաներդ և աշակերտներդ, ավելի լավը չեք, քան ձեր Տերը և ուսուցիչը»: Արդ, եթե ինձ՝ աշխարհի և տան Տիրոջը, բեղզեբուղ անվանեցին, որչափ ևս առավել ձեզ՝ Իմ ընտանիքի անդամներին (Մատթ. 10:24-25):
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Աշակերտը աւելին չէ, քան վարդապետը, եւ ոչ էլ ծառան՝ քան իր տէրը:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:17
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: