Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 12:17

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

17-21. «Որպեսզի կատարվեր Եսայի մարգարեի միջոցով ասված խոսքը, որ ասում է»։ «Ահա, Իմ Ծառան, Որին Ես ընտրեցի, Իմ սիրելին, Որի նկատմամբ բարեհաճ եղավ Իմ հոգին։ Իմ Հոգին կդնեմ Նրա վրա, և Նա ժողովուրդներին կհայտնի դատաստանի մասին»։ «Նա չի հակառակվի, չի աղաղակի, և ոչ ոք փողոցներում չի լսի Նրա ձայնը»։ «Ջախջախված եղեգը չի փշրի և առկայծող պատրույգը չի հանգցնի, մինչև որ դատաստանը հաղթանակի հասցնի»։ «Եվ Նրա անվան վրա հույս կդնեն ժողովուրդները» (Ես. 42:1-4
   
    Այնուհետև, որպեսզի դու չզարմանաս, լսելով կատարվածի և նրանց ծայրահեղ կատաղության մասին, ավետարանիչը մեջբերում է այդ մասին մարգարեի կանխագուշակությունը։ Մարգարեները Քրիստոսի մասին այնքա՜ն մանրամասնորեն կանխագուշակեցին ամեն ինչ, որ նույնիսկ սա չանտեսեցին, այլ նկարագրեցին Հիսուսի բոլոր ճանապարհները և անցումները, նույնիսկ այն մտադրությունը, որով Նա դա անում էր, որպեսզի դու իմանաս, որ նրանք ամենքը խոսել են Սուրբ Հոգու ոգեշնչմամբ։ Եթե անհնար է իմանալ մարդկային գաղտնիքները, ապա առավել ևս անհնար էր հասկանալ Քրիստոսի նպատակները՝ առանց Սուրբ Հոգու բացահայտման։ Այսպիսով՝ ավետարանիչն այստեղ իր խոսքին միացնում է մարգարեի խոսքը՝ ասելով. «Որպեսզի կատարվեր Եսայի մարգարեի միջոցով ասված խոսքը, որ ասում է։ Ահա, Իմ Ծառան, Որին Ես ընտրեցի, Իմ սիրելին, Որի նկատմամբ բարեհաճ եղավ Իմ հոգին։ Իմ Հոգին կդնեմ Նրա վրա, և Նա ժողովուրդներին կհայտնի դատաստանի մասին։ Նա չի հակառակվի, չի աղաղակի, և ոչ ոք փողոցներում չի լսի Նրա ձայնը։ Ջախջախված եղեգը չի փշրի և առկայծող պատրույգը չի հանգցնի, մինչև որ դատաստանը հաղթանակի հասցնի։ Եվ Նրա անվան վրա հույս կդնեն ժողովուրդները» (Մատթ. 12:17-21

    Մարգարեն փառավորում է Քրիստոսի հեզությունը և անասելի զորությունը, մեծ և լայն դուռ է բացում հեթանոսների համար, կանխագուշակում է հրեաներին սպասվող աղետները և ցույց է տալիս Քրիստոսի միակամությունը Հոր հետ։ «Ահա, - ասում է նա, - Իմ Ծառան, Որին Ես ընտրեցի, Իմ սիրելին, Որի նկատմամբ բարեհաճ եղավ Իմ հոգին»։ Եթե Քրիստոս ընտրվել է Աստծու կողմից, ապա ուրեմն օրենքը խախտում է ոչ թե որպես հակառակորդ կամ Օրենսդրի թշնամի, այլ որպես Նրա (Օրենսդրի՝ Հայր Աստծու) հետ համամիտ և համաձայնաբար գործող մեկը։ Ապա, խոսելով Քրիստոսի հեզության մասին, մարգարեն ասում է. «Նա չի հակառակվի, չի աղաղակի»։ Քրիստոս կամենում էր բժշկել հրեաների միջի հիվանդներին, բայց երբ նրանք մերժեցին Փրկչին, Նա այս հարցում նույնպես չհակառակվեց նրանց։ Այնուհետև, ցույց տալով Հիսուսի զորությունը և հրեաների տկարությունը, ասում է. «Ջախջախված եղեգը չի փշրի», բայց սա այն դեպքում, որ Քրիստոսին հեշտ էր նրանց բոլորին փշրել, ինչպես եղեգ՝ այն էլ արդեն ջախջախված եղեգ։

    «Եվ առկայծող պատրույգը չի հանգցնի»։ Այստեղ մարգարեն նկարագրում է հրեաների բորբոքված բարկությունը և Քրիստոսի զորությունը, որ կարող էր մեղմացնել նրանց այդ բարկությունը և շատ հեշտությամբ մարել այն։ Իսկ սա էլ մատնացույց է անում Քրիստոսի մեծ հեզությունը։

    Ի՞նչ է։ Մի՞թե միշտ այդպես է լինելու։ Եվ Նա մինչև վերջ հանդուրժելո՞ւ է չարախոհներին և Իր դեմ դավադրություններ գործողներին։ Ո՛չ։ Երբ Քրիստոս կատարի-ավարտի Իր առաքելությունը, այդ ժամանակ կսկսի պատժել։ Հենց սա էլ արտահայտվում է «մինչև որ դատաստանը հաղթանակի հասցնի» խոսքերով։ «Եվ Նրա անվան վրա հույս կդնեն ժողովուրդները»։ Նմանապես նաև Պողոսն է ասում. «Պատրաստ ենք վրեժխնդիր լինելու ամեն անհնազանդության համար, որպեսզի ձեր հնազանդությունն էլ կատարյալ լինի» (Բ Կորնթ. 10:6

    Ուրեմն ի՞նչ է նշանակում «մինչև որ դատաստանը հաղթանակի հասցնի» խոսքը։ Երբ Հիսուս կատարի Իր բոլոր գործերը, այդ ժամանակ վրեժխնդիր կլինի, և վրեժխնդրությունը լիակատար է լինելու։ Այն ժամանակ նրանք կենթարկվեն աղետների, երբ Փրկիչը վեր կբարձրացնի փայլուն հաղթավարը։ Երբ Նրա արդարությունը կհաղթի նրանց և անամոթ հակառակության որևէ պատրվակ անգամ չի թողնի նրանց։ Սուրբ Գիրքը սովորաբար արդարությունը կոչում է «դատաստան»։ Բայց աստվածային տնօրինության գործերը չեն սահմանափակվի միայն անհավատներին պատժելով։ Ընդհակառակը, Տերը դեռ դեպի Իրեն է գրավելու ամբողջ աշխարհը, այդ իսկ պատճառով էլ ավելացվում է. «Եվ Նրա անվան վրա հույս կդնեն ժողովուրդները»։ Բայց որպեսզի դու իմանաս, որ սա նույնպես համապատասխանում է Հոր կամքին, մարգարեն հենց սկզբում՝ նախորդի հետ մեկտեղ, հաստատում է նաև սա՝ իր հետևյալ խոսքերով․ «Իմ սիրելին, Որի նկատմամբ բարեհաճ եղավ Իմ հոգին»։ Այդ Սիրելին, ակնհայտորեն, այս ամենը նույնպես անում է Սիրողի կամքի համաձայն։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

17-18. որպէսզի կատարուի այն, ինչ որ ասուեց Եսայի մարգարէի բերանով.««Ահա իմ ծառան, որին ընտրեցի, եւ իմ սիրելին, որին հոգիս հաւանեց. նրա վրայ իմ հոգին պիտի դնեմ, եւ նա հեթանոսներին դատաստան պիտի յայտարարի.»
   

    Որպեսզի կատարվեր Եսայի մարգարեի միջոցով ասվածը . «Ահա Իմ մանու կը, ում ընտրեցի, և Իմ սիրելին, ում հավանեց Իմ հոգին:

    Ավետարանիչը սա այն պատճառով է մեջբերում, որ չխռովվես [փարիսեցիների] գործերի պատճառով՝ [կարծելով, թե դա] նոր կատաղություն էր: Ասում է, որ այդ ամենը մարգարեի խոսքով (Ես. 42:1-4)։ անցյալում կանխատեսվել է, այն, որ [Հիսուսը] հակառակ չէ Հորը կամ Օրենքին, ինչպես նրանք էին կարծում, այլ [Հայրը] խիստ հավանում ու ախորժում է Նրա գործերը, կամ որ վկայվել է ոչ միայն որպես Ծնողի «Մանուկ»՝ բյուրավորների միջից ընտրված, այլև «Սիրելի», և ոչ միայն սիրելի [է վկայվել], այլև [Հայրն] անձամբ է հավանել Նրա գործերը՝ ըստ այսմ. «Դա է Իմ հարազատ ու սիրելի Որդին, Ում հավանեցի» (հմմտ. Մատթ. 3։17):

    Կդնեմ Հոգիս Նրա վրա, և հեթանոսներին իրավունքի մասին կպատմի:

    Այն, ինչ բնությամբ ուներ (ըստ այսմ. «Որովհետև Աստված չափո՛վ չի տալիս Հոգին» (Հովհ. 3։34) Որդուն, քանի որ չի տալիս ու չափում), Հորից տնօրենությամբ ընդունեց Հորդանանում՝ աղավնակերպ իջման միջոցով՝ ըստ այսմ. «Աստված՝ քո Աստվածը, ուրախության յուղով օծեց քեզ առավել, քան քո ընկերներին» (Սաղմ. 44։8): Եվ սրանով իրավունքի մասին պատմեց հեթանոսներին՝ մարգարեի միջոցով հավատքի կանչելով, և արդարացրեց Իր իրավունքի պարգևով՝ [Սուրբ] Հոգու շնորհը հեղելով մեր մեջ, որովհետև խաբվելով էինք մեղանչում և ոչ թե բնությամբ:

    [Մարգարեն] «հեթանոսներ» է կոչում նաև դևերին, որոնց դատաստանի իրավունքի մասին պատմեց [Հիսուսը՝ ասելով]. «Այս աշխարհի իշխանը դատապարտված է և դուրս է գցվելու» (հմմտ. Հովհ. 12։31), և՝ «Ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16։33): Այլև հրեաների համար սահմանած Օրենքի մարմնավոր իրավունքը [Տերը] վերցրեց նրանցից, երբ նրանք [դրան] անարժան դարձան, և Հոգու օրենքի մասին պատմեց հեթանոսներին: Նաև հայտնեց հեթանոսներին ապագա Դատաստանի իրավունքի մասին, որը չգիտեին, և դրանով՝ ասես սանձով, նվաճեց մեր միտքը:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

որպէսզի կատարուի այն, ինչ որ ասուեց Եսայի մարգարէի բերանով.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:15