Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 12:42

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

42-45. «Հարավի թագուհին դատաստանին վեր կկենա այս սերնդի հետ և կդատապարտի նրան, որովհետև նա երկրի մյուս ծայրից եկավ՝ լսելու Սողոմոնի իմաստությունը և, ահա, այստեղ Սողոմոնից ավելի մեծը կա»։ «Երբ պիղծ ոգին դուրս է ելնում մարդու միջից, շրջում է անջրդի վայրերում՝ հանգիստ որոնելով, բայց չի գտնում»։ «Այդ ժամանակ ասում է. «Վերադառնամ իմ տունը, որտեղից ես դուրս ելա»։ Եվ գալիս, այն գտնում է դատարկված, մաքրված ու հարդարված»։ «Այդ ժամանակ գնում ու վերցնում է իր հետ իրենից է՛լ ավելի չար յոթ ուրիշ ոգիների և մտնում, բնակվում է այնտեղ։ Եվ այդ մարդու վերջն ավելի վատ է լինում, քան սկզբում էր։ Այդպես կլինի նաև այս չար սերնդի հետ»։
   
   Չսահմանափակվելով միայն նինվեացիներին մատնանշելով՝ Փրկիչը ներկայացնում է նաև մեկ այլ օրինակ՝ ասելով. «Հարավի թագուհին դատաստանին վեր կկենա այս սերնդի հետ և կդատապարտի նրան, որովհետև նա երկրի մյուս ծայրից եկավ՝ լսելու Սողոմոնի իմաստությունը և, ահա, այստեղ Սողոմոնից ավելի մեծը կա» (համար 42)։ Այս օրինակն էլ ավելի համոզիչ է նախորդից։ Հովնանը գնաց նինվեացիների մոտ, իսկ հարավի թագուհին չցանկացավ սպասել, որ Սողոմոնն այցելի իրեն, այլ ինքը եկավ նրա մոտ և որոշեց դա անել՝ չզսպվելով ոչ այն փաստից, որ ինքը կին էր, ոչ այն բանից, որ ծագում էր այլ ցեղից, ո՛չ էլ հեռավորությունը որպես պատճառ ունենալով։ Որոշեց դա անել ոչ թե սպառնալիքներից ստիպված լինելով, ոչ թե մահվան վախի պատճառով, այլ միայն իմաստուն ուսուցումների հանդեպ սիրուց դրդված։ «Եվ, ահա, այստեղ Սողոմոնից ավելի մեծը կա»։ Սողոմոնը, դուրս չգալով իր պալատից, ընդունեց իր մոտ եկած կնոջը, իսկ Ես Ինքս եկա Ինձ չունեցողների մոտ։ Սողոմոնն ընդունեց թագուհուն, որը եկել էր երկրի ծայրերից, իսկ Ես Ինքս շրջում եմ քաղաքներով և գյուղերով։ Սողոմոնը խոսում էր նրա հետ ծառերի և բույսերի մասին, ու այդ խոսակցություններից թագուհին չէր կարող մեծ օգուտ ստանալ, իսկ Ես առաջարկում եմ զրույցներ անպատմելի իրողությունների մասին, ամենախորհրդավոր խորհուրդների մասին։ Այսպիսով, դատապարտելով փարիսեցիներին և անհերքելիորեն ապացուցելով, որ նրանք մեղանչում են աններելիորեն, որ նրանց անհնազանդությունը ծագում է ոչ թե Վարդապետի թուլությունից, այլ իրենց իսկ չարությանից, ապացուցելով դա և՛ նինվեացիների, և՛ հարավի թագուհու օրինակով, և՛ այլ տարբեր փաստարկներով, Փրկիչը վերջապես խոսում է նաև այն պատժի մասին, որը պիտի պատուհասի նրանց, ու խոսում է ծածկաբար, սակայն և այնպես, որ Իր առակը մեծ երկյուղ առաջացներ Իրեն ունկնդիր հրեաների մեջ։ «Քանի որ, - ասում է, - երբ պիղծ ոգին դուրս է ելնում մարդու միջից, շրջում է անջրդի վայրերում՝ հանգիստ որոնելով, բայց չի գտնում։ Այդ ժամանակ ասում է. «Վերադառնամ իմ տունը, որտեղից ես դուրս ելա»։ Եվ գալիս, այն գտնում է դատարկված, մաքրված ու հարդարված։ Այդ ժամանակ գնում ու վերցնում է իր հետ իրենից է՛լ ավելի չար յոթ ուրիշ ոգիների և մտնում, բնակվում է այնտեղ։ Եվ այդ մարդու վերջն ավելի վատ է լինում, քան սկզբում էր։ Այդպես կլինի նաև այս չար սերնդի հետ (43-45-րդ համարներ)։ Այս խոսքերով Քրիստոս ցույց է տալիս, որ ոչ միայն գալիք դարում, այլև այստեղ փարիսեցիներն ամենածանր պատիժների են ենթարկվելու։ Նախկինում Հիսուս ասում էր. «Նինվեացիները դատաստանին վեր կկենան այս սերնդի հետ և կդատապարտեն նրան» (Մատթ. 12:41)։ Փարիսեցիները, լսելով սա, կարող էին մտածել, որ դեռ մոտ չէ դատաստանի ժամանակը, և դրա պատճառով կարող էին էլ ավելի անհոգ դառնալ։ Ահա թե ինչու, անփութության ցանկացած պատրվակ վերացնելու համար Փրկիչն այժմ նրանց ներկայացնում է այն սարսափելի նեղությունները, որոնք սպասվում են նրանց դեռ այս կյանքում։ Հրեաներին նման նեղություններով սպառնաց նաև Օսեե մարգարեն՝ ասելով. «Եվ Իսրայելը կչարչարվի ինչպես հիմարացած մարգարե, ինչպես այսահար մի մարդ (Օս. 9։7), այսինքն՝ նրանք կլինեն ինչպես կեղծ մարգարեներ, որոնք չար ոգիների կողմից մատնվում են խելագարության և կատաղության։ «Հիմարացած մարգարե» եզրույթը վերաբերում կեղծ մարգարեներին, ինչպիսին են գուշակները: Այս սարսափելի վիճակն էլ մատնացույց է անում Փրկիչը և այդ պատճառով ասում է, որ նրանք մեծագույն պատիժներն են կրելու։ Տեսնո՞ւմ ես, թե Հիսուս ինչպես է նրանց ամեն կերպ հորդորում ուշադրությամբ լսել Իր խոսքերը՝ իրենց աչքերի առջև դնելով և՛ ներկան, և՛ ապագան, և՛ նինվեացիների ու թագուհու գովեստի արժանի օրինակները, և՛ տյուրոսցիների ու սոդոմացիների կորստի սարսափելի օրինակները։ Այսպես էին անում նաև մարգարեները, երբ օրինակ էին բերում Ռեքաբի որդիներին, կամ այն հարսնացուին, որը չի մոռանում իր զարդը և գոտին, կամ էլ երբ ասում էին, որ եզը ճանաչում է իր տիրոջը, և էշը՝ իր մսուրը։ Նմանապես նաև Փրկիչը, ուրիշների հետ համեմատության միջոցով ցույց տալով փարիսեցիների չարության ամբողջ ծանրությունը, այստեղ վերջապես խոսում է նաև նրանց պատժի մասին։

   Ի՞նչ են նշանակում Քրիստոսի խոսքերը։ Եթե դևերի տիրապետության տակ գտնվողները, - ասում է Նա, - ազատվեն իրենց հիվանդությունից և հետո անփույթ գտնվեն իրենց նկատմամբ, ապա դրանով իրենք իրենց վրա կգրավեն նախկիններից էլ դեռ առավել կատաղի դևերի. նույն վիճակում եք նաև դուք։ Նախկինում նույնպես դուք դևերի տիրապետության տակ էիք, երբ երկրպագում էիք կուռքերին, երբ ձեր որդիներին զոհաբերում էիք դևերին և դրանով ցույց էիք տալիս ձեր միջի անհուն կատաղությունը։ Սակայն, չնայած դրան, Ես բոլորովին չեմ լքել ձեզ։ Ես դուրս էի քշում ձեզանից այդ դեևին մարգարեների միջոցով, իսկ հետո Ես Ինքս եկա՝ ցանկանալով էլ ավելի մաքրագործել ձեզ։ Եթե դրանից հետո դուք չեք ուզում ուշադրություն դարձնել Իմ խոսքերին, եթե որոշել եք դեռ ավելի մեծ չարագործություններ գործել (քանի որ Տիրոջը սպանելը շատ ավելի մեծ և ծանր հանցանք է, քան մարգարեներին սպանելը), ապա դուք դրա համար անհամեմատելիորեն ավելի մեծ տառապանք պիտի կրեք, քան ձեր հայրերը, որոնք տառապել են Բաբելոնում, Եգիպտոսում և Անտիոքոս I-ի ժամանակներում։ Եվ իսկապես, Վեսպասիանոսի և Տիտոսի ժամանակներում հրեաներին հասած նեղությունները նախկիններից անհամեմատելիորեն ավելի սարսափելի են եղել։ Ահա թե ինչու Տերն ասաց. «Մեծ նեղություն պիտի լինի, որպիսին չի եղել․․․և այլևս չի էլ լինի» (Մատթ. 24, 21)։ Բայց դիվահարի օրինակից ոչ միայն սա է բացահայտվում, այլև այն, որ նրանք բոլորովին հեռու կլինեն որևէ առաքինություն ունենալուց և դեռ ավելի ենթակա դևերի ազդեցությանը, քան նախկինում։ Այն ժամանակ, թեև նրանք մեղանչում էին, բայց նրանց մեջ դեռ կային նաև արդարներ, դեռ առկա էր Աստծու նախախնամությունը և Սուրբ Հոգու շնորհը, որ հոգ էր տանում, ուղղում էր նրանց և կատարում էր ամեն ինչ, որ Իրեն բնորոշ է, իսկ հիմա նրանք բոլորովին կզրկվեն Աստծու հոգածությունից, այնպես որ նրանց բաժին կհասնի և՛ առաքինության ծայրահեղ պակասը, և՛ նեղությունների անսովոր ուժգնացումը, և՛ իրենց վրա դևերի անզուսպ տիրապետությունը։ Դուք ինքներդ գիտեք, թե ինչպես նաև մեր ժամանակում, երբ կատաղությամբ էր լցվում Հուլիանոսը, որն իր ամբարշտությամբ գերազանցեց բոլոր ամբարիշտներին, այդ ժամանակ հրեաները նմանվեցին հույներին, և թե ինչպիսի եռանդով էին նրանք ընդօրինակում հույների բոլոր սովորությունները։ Հիմա թվում է, թե նրանք վարվում են մի փոքր ավելի չափավոր և հանգիստ, բայց դա միայն այն պատճառով, որ վախենում են թագավորներից. չլիներ այդ վախը՝ նրանք կմատնվեին ավելի մեծ կատաղությունների, քան նախկինում էր, քանի որ մյուս չար գործերում նրանք մեծապես գերազանցում են իրենց նախահայրերին, ամենամեծ եռանդով զբաղվում են կախարդությամբ և մոգությամբ ու կրքերի բավարարման հարցում սահմաններ չեն ճանաչում։ Իսկ ահա հասարակական կյանքում, չնայելով որ կապված են վերահսկողության ամուր կապանքներով, քանի՜ անգամ են ապստամբել և ընդվզվել թագավորների դեմ։ Ահա թե ինչպես են նրանք իրենց վրա ծանր նեղություններ բերել։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Հարաւի Դշխոն դատաստանի ժամանակ պիտի դուրս գայ այս ազգի դէմ եւ պիտի դատապարտի նրան, որովհետեւ նա երկրի ծագերից եկաւ լսելու Սողոմոնի իմաստութիւնը. եւ ահա այստեղ Սողոմոնից մեծը կայ»:
   

   Հարավի թագուհին Դատաստանի օրը կկանգնի այս ցեղի հետ և կդատապարտի նրան, որով հետև երկրի ծագերից եկավ լսելու Սողոմոնի իմաստությունը. իսկ այստեղ ահա Սողոմոնից էլ մեծը կա:

   Ամեն կողմից մեծացնում է վտանգը: Ինչո՞ւ: Որպեսզի չասեն, թե՝ չլսեցինք ու չտեղեկացանք: Ուստի անխուսափելիորեն դատվելու են:

   «Հարավի թագուհին....»: Սա նախկին [օրինակից] բարձր է. որովհետև Հովնանը գնաց [հեթանոսների] մոտ, իսկ հարավի Տիկինը եկավ Սողոմոնի մոտ  (Գ Թագ. 10։1-10), այն էլ՝ կինարմատ էր ու խուժադուժ այլազգի, նաև չափազանց հեռաբնակ էր ու սպառնալիքի տակ էլ չէր: Սակայն միայն իմաստության տենչից [եկավ Սողոմոնի մոտ]:

«Իսկ այստեղ ահա Սողոմոնից էլ մեծը կա»:

   Հիրավի՛. որովհետև նա փայտերի ու ծառերի մասին խոսեց, [ասում է Տերը], իսկ Ես՝ անճառելի իրողությունների ու ահավոր խորհուրդների. Սողոմոնը միայն խոսքով հավանեցրեց, իսկ Ես՝ թե՛ խոսքով, թե՛ գործով. այնտեղ կինը գնաց թագավորի մոտ, իսկ այստեղ Տերն Ինքն է [եկել] Իր ծառաների մոտ. նա երկրի ծագերից ելավ [եկավ], իսկ Ես երկնքից [իջնելով]՝ շրջում եմ քաղաքներում. Սողոմոնը միայն մարդ էր, իսկ Ես՝ Աստված և մարդ. նա Իմ խորհրդանիշն էր, իսկ Ես՝ Նրա ճշմարիտ [օրինակը]: Սակայն [ձեզնից] ոչ ոք չի ընդունում [Ինձ]. ուստի այն կինը Դատաստանի օրը ձեր դեմ իբրև թշնամի է հանդես գալու, ո՛չ իբրև դատավոր, այլ միայն դատելու համար մեղադրող:

   Նաև՝ թագուհիով [Տերը] խորհրդանշում է հեթանոսների Եկեղեցին, որը, մեղքերով սևացած 1 լինելով, կռապաշտության երկրի ծագերից լսելով Հոր Իմաստության՝ ճշմարիտ Սողոմոնի մասին, բայց [Նրան] տեսած չլինելով, եկավ երկրպագելու Նրան՝ ըստ այսմ. «Մոռացի՛ր քո ժողովրդին», «Սուրի դուստրը կերկրպագի սրան» (Սաղմ. 44։11, 13), «Հաբեշներն առա ջինը ձեռքերը կպարզեն Աստծուն» (Սաղմ. 67։32): Հաբեշ ժողովուրդը Դատաստանի օրն այնտեղ կլինի ու կդատապարտի հրեաներին՝ Նրա հրաշքների ականատեսներին ու Նրա վարդապետությունը լսածներին, և [Ճշմարիտ] Սողոմոնի փառքն ավելի մեծ կլինի այնտեղ, քան այստեղ, որովհետև փառքով ու սուրբ հրեշտակների միջոցով է դատելու նրանց:

   Սրանով [Տերը] հայտնում է նաև կյանքի գալիք հարության, յուրաքանչյուր գործի քննության ու հատուցման մասին, որով էլ սրբերը կժառանգեն ճշմարիտ Իմաստությունը:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Հարաւի Դշխոն դատաստանի ժամանակ պիտի դուրս գայ այս ազգի դէմ եւ պիտի դատապարտի նրան, որովհետեւ նա երկրի ծագերից եկաւ լսելու Սողոմոնի իմաստութիւնը. եւ ահա այստեղ Սողոմոնից մեծը կայ»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:38