Հովհաննես Ծործորեցի
1-2. Այդ օրը Յիսուս տնից դուրս գալով՝ նստեց ծովեզերքին: Եւ նրա մօտ շատ ժողովուրդ հաւաքուեց, այնպէս որ նա նաւակ մտաւ ու նստեց. իսկ ամբողջ ժողովուրդը կանգնած էր ծովեզերքին:
Այդ օրը Հիսուսը տնից դուրս եկավ և նստեց ծովեզրին: Շատ ժողովուրդ հավաքվեց Նրա մոտ:
Մատթեոս ավետարանիչը միշտ հոգ է տանում [դեպքերի] կարգի ու ժամանակի մասին, ինչը հատուկ է նրան, իսկ մյուս [ավետարանիչները] միայն խոսքերի իմաստին [են ուշադրություն դարձնում]: Որովհետև երբ [Հիսուսը] զարմացրեց, ասում է, և կատարեց Իր ծնողի ու եղբայրների ուզածը, ինչպես այն հարսանիքի ժամանակ 713 (թե պետև նախ նրանց սնափառությունը բժշկեց, ինչպես այնտեղ, և հետո՛ պատշաճ պատիվը մատուցեց ծնողին), այնուհետև տնից դուրս եկավ և ծովեզրին նստեց, որպեսզի ամենքը, այդ ընդարձակ վայրում հավաքվելով, շահեին Նրա վարդապետությունից, միևնույն ժամանակ որսար ծովեզերքի [բնակիչներին], որոնցից շատերը, [Նրան այնտեղ] տեսնելով, հավաքվեցին Նրա մոտ:
Իսկ այլաբանորեն՝ Իր մեծ մարդասիրության պատճառով դուրս եկավ հայրենի սեփական իշխանական տնից, նկատի ունեմ աներևույթ [տունը], պայծառ ու անմատչելի լույսի ծագմամբ, որը խորհրդանշվում է «օր»-ով, և անտեսելով Իր իմանալի ու երկնավոր բնությունը՝ նստեց այս մարմնավոր կյանքի ծովեզրին՝ մնալով մտքի ամբոխումների և մարմնի մեղքերի ծփական ալիքներից դուրս, որով, հավատի միջոցով, բազմաթիվ հրեաների ու հեթանոսների բերեց Իր մոտ:
Այնպես որ մտավ նավն ու նստեց, իսկ ամբողջ ժողովուրդը կանգնած էր ծովեզրին:
Այն բանի համար մտավ նավ, որ ոչ ոքի չթողներ թիկունքում, այլ ամենքին [Իր] դիմաց կանգնեցներ և Իր ուսմունքն ամենքին անխոչընդոտ ներկայացներ: Իսկ այլաբանորեն՝ մտավ մահկանացու մարմնի մեջ, և որպեսզի չկարծես, թե միայն թափանցմամբ [մտավ], [ավետարանիչն] ասում է՝ «նստեց», ինչը սերտ միությամբ հանգրվանելն է նշանակում, և դրանով անվնաս մնաց աշխարհի ծովում: Եվ ոչ միայն սա [արեց], այլև Իր մարմնով լռեցրեց մարդկանց մեջ եղած ալեկոծությունը, որով մարդկանց հանեց այս կյանքի ծովի եզրը՝ ազատելով մահվանից և անմահ ու անապական դարձնելով:
Ստեփանոս Սյունեցի
1-2. Այդ օրը Յիսուս տնից դուրս գալով՝ նստեց ծովեզերքին: Եւ նրա մօտ շատ ժողովուրդ հաւաքուեց, այնպէս որ նա նաւակ մտաւ ու նստեց. իսկ ամբողջ ժողովուրդը կանգնած էր ծովեզերքին:
«Այդ օրը Հիսուս, տնից դուրս գալով, նստեց ծովեզերքին: Եվ նրա մոտ շատ ժողովուրդ հավաքվեց»:
Բազում մարդասիրության պատճառով դուրս էր գալիս տնից ոչ միայն տեսանելի կերպով, այլև ինչպես ինձ է թվում, անտեսանելի: Եվ անտեսելով Իր բնության հոգևոր և երկնային լինելը՝ նստում է ծովեզերքին՝ այս ծով[անման] ալեծուփ կյանքում, որպեսզի հանդարտեցնի և խաղաղեցնի ծովը՝ մարդկային ալեկոծ կյանքը, նաև նույն մարդասիրության պատճառով նավ էր մտնում, այսինքն՝ մեր մարդկային մահկանացու և ապականացու մարմինների մեջ, որպեսզի ազատի մահվանից ու ապականությունից և դարձնի անմահ և անապական:
Մաղաքիա արք. Օրմանյան
1-3. Այդ օրը Յիսուս տնից դուրս գալով՝ նստեց ծովեզերքին: Եւ նրա մօտ շատ ժողովուրդ հաւաքուեց, այնպէս որ նա նաւակ մտաւ ու նստեց. իսկ ամբողջ ժողովուրդը կանգնած էր ծովեզերքին: Եւ նրանց հետ առակներով շատ բաներ էր խօսում եւ ասում.
Ավետարանի ինքնատիպ հանգամանքներից մեկն էլ Հիսուսի առակներն են, որոնց այստեղ հանդիպում ենք: Նմանություններով խոսված բաներ, այլաբանական դարձվածքներ սրանից առաջ էլ տեսանք, սակայն ամբողջ վիպական ձևի մեջ առակներ մինչ այժմ չտեսանք: Բայց այս պատճառով չենք կարող ասել, որ Հիսուսը սրանից առաջ այդ տեսակ առակներ չէր պատմում. նույնիսկ զանազան առակների ամփոփումը մտածել է տալիս, որ ավետարանիչները, ինչպես մի դեպքում հրաշքները կամ քարոզները, նույնպես էլ այս դեպքում զանազան իրավիճակներում խոսված առակներն են ցանկացել ի մի հավաքել: Հիսուսի առակները մեծ մասամբ ժողովրդական կյանքից են և հատուկ ժողովրդի զբաղմունքներից են վերցված, դրանց վիպական ձև է տրված, որպեսզի ավելի տպավորիչ և ավելի ազդեցիկ լինեն, իսկ առակներից հետո տրված են մեկնությունները՝ երբեմն ընդարձակ բացատրությամբ, երբեմն՝ համառոտ ակնարկներով: Առակների ուժն անուրանալի է, որովհետև հասարակ ժողովրդի մտքի վրա շատ ավելի տպավորություն է գործում նյութական կամ նյութական ձեւի վերածված պատկերը, քան թե վերացական սկզբունքը:
Հիսուսին վերջին անգամ տեսանք խառը ժողովրդով շրջապատված և Տիրամայրը նրան փնտրելիս: Մատթեոսը մի նոր իրավիճակ նկարագրելու համար, այս խոսքերով է սկսում. Յաւուր յայսմիկ ելեալ Յիսուս ի տանէն նստէր առ ծովեզերն: Արդյոք ուզու՞մ է ասել, թե Հիսուսը մոր հետ տուն վերադարձավ ու հետո նորից տնից դուրս եկավ, քաղաքից էլ դուրց եկա և Գալիլիայի լճի ափը գնաց: Մեկնությունն անհավանական չէ, բայց պնդելու համար էլ ավետարանից նշում չունենք: Ստույգն այն է, որ Հիսուսին նորից ժողովրդի բազմության մեջ ենք տեսնում, Կափառնայումից դուրս՝ դեպի հյուսիս տարածվող լճափյա տափարակի վրա, որը Հիսուսի քարոզների գլխավոր լսարանն էր դարձել: Բազմությունն էլ այնքան շատ էր, որ հեշտությամբ խոսել կարողանալու համար, Հիսուսը ստիպված իր սովորական միջոցին դիմեց՝ ինքը նավը մտավ և այնտեղից խոսեց ափին խռնված ժողովրդի հետ, ինչը որ ուրիշ անգամ էլ էր արել (Ղուկ. 5:1-11): Այս նավի հանգամանքը հաստատում է, որ Հիսուսն իր տրամադրության տակ նավեր կարող էր գտնել և այս նավերն էլ անշուշտ Հովնանյան և Զեբեդյան եղբայրների ձկնորսության նավերն էին. և եթե Պետրոսն ու Անդրեասը, Հակոբոսն ու Հովհաննեսը ձկնորսությունից հեռացել էին՝ շարունակ Հիսուսի հետ լինելու համար, իրենց նավերը վարձակալների ու յուրայինների հսկողության տակ դեռևս աշխատում էին, և երբ պետք էր լինում՝ Հիսուսին ու յուրայիններին տեղափոխելու էին ծառայում:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: