Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 13:23

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Իսկ ահա բարեբեր հողի մեջ սերմանվածը նա է, ով լսում է խոսքը և հասկանում, որը և պտուղ է տալիս այսպես․ մեկի դիմաց՝ հարյուրապատիկ, մեկի դիմաց՝ վաթսունապատիկ, և մեկի դիմաց՝ երեսնապատիկ»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:18
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Իսկ որ լաւ հողի մէջ սերմանուեց, այն է, որ երբ լսում է խօսքը եւ հասկանում, պտուղ է տալիս. կայ որ մէկի դիմաց՝ հարիւր, կայ որ մէկի դիմաց՝ վաթսուն եւ կայ որ մէկի դիմաց՝ երեսուն»:

 

    Իսկ լավ հողի մեջ սերմանվածը նա է, ով երբ լսում է խոսքը, հասկանում է և պտուղ տալիս. մեկը՝ հարյուր, մեկը՝ վաթսուն, մեկն էլ՝ երեսուն»:

    Այստեղ [Տերը] սովորեցնում է, որ ոչ թե սերմնացանի կամ սերմի պատճառով են սերմերը տարբեր [արդյունք տվել], այլ [դրանք] ընդունող հողի. և ոչ միայն նախորդները, որոնց մասին ասվեց, այլև պարարտ հողն է զանազան արդյունք տվել՝ հարյուր, վաթսուն և երեսուն. որպեսզի ստուգապես հասկանաս, որ [պտղաբերելը] ոչ թե [մարդկային] բնությանն է հատուկ, այլ մտքին: Կամ էլ սա նշանակում է, որ երեք դասերը դուրս եկան, և երեքի փոխարեն մեկը մտավ՝ երեք աստիճանով հավասարվելով  1. ոչ թե թվաքանակի չափով, այլ մեծ փառքի:

    Նաև այստեղ Իր մարդասիրությունն ու հեզությունն է [Տերը] ցույց տալիս. որովհետև չասաց՝ ով հարյուրապատիկ պտուղ չի տալիս, խոտան է, այլ որ ընդունելի է նաև նա, ով վաթսնապատիկն ու երեսնապատիկն է տալիս: Սրանով հեշտացրեց փրկության ճանապարհը, որպեսզի եթե կուսությամբ ու անընչությամբ  2 չես կարող ընթանալ, ամուսնությամբ ու անընչությամբ ընթանաս, իսկ եթե այդպես էլ չես [կարող], ունեցվածքդ Քրիստոսի հետ կիսելո՛վ արժանանաս [երկնային վարձատրության] երրորդ մասին:

   Այս առակը սրանցով ավարտվեց:
--------------------------------
1 Հավանաբար խոսքն այստեղ չար հրեշտակների (դևերի) դասերի անկման և նրանց փոխարեն մարդկային դասի՝ նրանց տեղն ու փառքը գրավելու մասին է: Այն, որ սատանան ու դևերը Աստծո դեմ ապստամբության հետևանքով երկնքից վտարված «անկյալ հրեշտակներե են, սովորեցնում է մեզ Սրբազան Ավանդությունը: Սակայն անկման պատմության մանրամասների վերաբերյալ տարբեր հայրերի մոտ կարելի է տարբեր տեսակետների հանդիպել: Հիշեցնենք, որ, ըստ ավանդաբար սբ Դիոնեսիոս Արեոպագացուն վերագրված «Երկնային քահանայապետության մասին» գործի, որի վրա հիմնվում է նաև Հայոց Եկեղեցու հրեշտակաբանությունը, կա հրեշտակային ինը դաս՝ բաժանված երեք խմբի՝ նվիրապետական աստիճանի: Ըստ անկյալ հրեշտակներին վերաբերող տեսակետներից առավել տարածվածի՝ սկզբնապես եղել է տասը դաս, որոնցից մեկն ընկել է, և նրանց տեղը մարդիկ են գրավելու (տես Գրիգոր Տաթևացի, Գիրք հարցմանց, Կ. Պոլիս, 1729, էջ 150): Ըստ մեկ ուրիշ տեսակետի, որին էլ, կարծում ենք, հետևում է Ծործորեցին՝ ընկած հրեշ տակները եղել են հրեշտակային եռաստիճան նվիրապետական հա մակարգի յուրաքանչյուր աստիճանի մեջ մտնող չորս դասերից մեկը, այսինքն՝ յուրաքանչյուր աստիճանից մեկական դաս է ընկել, ուրեմն և՝ թվով երեք դաս (տես նշ. հրատ., էջ 152): Ուստի, ըստ այս վերջին ավանդության, նախապես եղել է 12 դաս, յուրաքանչուր աստիճանում՝ չորսական դաս, և 12-ից երեքի ան կումով հրեշտակային դասերի թիվը վերածվել է 9-ի:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Իսկ որ լաւ հողի մէջ սերմանուեց, այն է, որ երբ լսում է խօսքը եւ հասկանում, պտուղ է տալիս. կայ որ մէկի դիմաց՝ հարիւր, կայ որ մէկի դիմաց՝ վաթսուն եւ կայ որ մէկի դիմաց՝ երեսուն»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:4