Հովհաննես Ծործորեցի
Եւ հրամայեց ժողովրդի բազմութիւնը նստեցնել խոտի վրայ. եւ վերցնելով հինգ նկանակն ու երկու ձկները՝ նայեց դէպի երկինք, օրհնեց, կտրեց եւ նկանակները աշակերտներին տուեց. իսկ աշակերտները՝ ժողովրդին:
 Եվ հրամայեց բազմեցնել ժողովրդին խոտի վրա:
 Նախ զորությամբ ցույց տվեց հրաշքները, ապա՝ գործով, որովհետև ասես սեղանի շուրջ նստեցնելը հուզումով սպասել տվեց ամենքին, թե կերակրելու է նրանց: Երկրորդ՝ խոտի վրա բազմեցնելով վարժեցրեց նրան, որ ոչ թե երկնառաք մանանայով է [Ինքը] կերակրում, ինչպես Հին [ուխտի] ժողովրդին՝ անապատում 797, այլ հացով, որը դուրս է գալիս երկրից և գոյանում խոտից: Եվ երրորդ՝ սովորեցրեց ուտողների առօրյա կյանքի մասին, որ խոտի պես ցամաքելու են նրանք, ովքեր միայն նյութական հացի կարիքն ունեն՝ ըստ սաղմոսի. «Մարդու օրերը խոտի պես են» (Սաղմ. 102։15), և՝ «Խոտը չորացավե (Ես. 40։7), իսկ «Տիրոջ խոսքը մնում է հավիտյան» (հմմտ. Սաղմ. 32։11), որպեսզի ոչ միայն հաց, այլև խոսք փափագեին:
 Եվ առնելով հինգ նկանակն ու երկու ձուկը՝ նայեց դեպի երկինք, օրհնեց և մասնատեց:
 Ինչո՞ւ նայեց երկինք, կհարցնի մեկը: Նախ՝ որովհետև պետք է հավաստեր, որ Հորը հավասար է և Նրանից է ծնվել. ուստի փոքր բաներում նայում է դեպի երկինք, իսկ մեծ բաներն իշխանությամբ անում, որպեսզի հասկանաս, որ, ինչպես վայել է որդուն, պատվում է Ծնողին: Երբ մեղքեր էր ներում, ավազակի համար դրախտը բացում, հաճախ հին օ րենքը խափանում, այդքան մեռելներ կենդանացնում, ծովը կապում, փարիսեցիների ծածուկ [մտքերը] հայտնում, կույրի աչքերը ստեղծում, որոնք միայն Աստծուն հատուկ գործեր են, երբեք չի երևում, թե աղոթքով էր անում: Իսկ երբ նկանակն էր աճեցնում, որ բոլորից ավելի փոքր [գործ] էր, դեպի երկինք նայեց. [սրանով] ուրիշ ի՞նչ է սովորեցնում, եթե ոչ՝ որ Իր Ծնողին համահավասար է: Եվ երկրորդ՝ խրատում է [անմիջապես] չմոտենալ սեղանին, այլ նախ երկինք նայել ու կերակուրը պարգևած Աստծուց գոհանալ և ապա՛ ճաշակել՝ հացը կտրելով:
 Բայց [այստեղ] պարզաբանման կարիք ունի այն, թե ինչո՛ւ [Տերն այդ կերակուրը] չստեղծեց ոչնչից: Որպեսզի Մարկիոնի և այլոց բերանները փակի, ովքեր Նրան արարածներից օտար էին համարում, գործով ցույց է տալիս, որ բոլոր տեսանելի [արարածներն] Իր ստեղծածն են 798: Այլև [Տերը] սակավաթիվ հացերից աճեցրեց շատը և ոչ թե ոչնչից ստեղծեց, որպեսզի հրաշքը թվացյալ չհամարեին: Որովհետև մի ակնթարթում Նրա տասը մատներն անմիջապես ստեղծեցին այն, ինչը տասը ամիսներն աշխատանքով ու չարչարանքով հազիվ են ծնում. ձեռքը՝ իբրև հող, դրեց հացի տակ, որոտի պես խոսեց վրան, շուրթերը շարժելով՝ ասես անձրև հեղեց, և Նրա բերանի շոգին փոխարինեց արևին: Եվ ավարտեց՝ պսակելով այդ նեղության ժամանակի սրբագործությամբ և [հացն ու ձուկը] իբրև ըղձալի կերակուր տվեց ամենքին: Ուստի Օրենքը հավաստելու համար [Հիսուսն] օրհնեց [նկանակները], ասում է [ավետարանիչը], և մասնատեց, որպեսզի հասկանաս, որ օրհնվելու հետևանքով սակավը բազմություն էր ծնում ըստ առաջին այն օրհնության, որն ասում էր. «Աճե՛ք, բազմացե՛ք և լցրե՛ք երկիրը» (Ծննդ. 1։28)՝ թե՛ ծովում, թե՛ ցամաքում: Եվ որպեսզի ոչ ոք չկարծեր, թե մոտակա գյուղերից բերեցին սեղան փռեցին, այլ Նրա օրհնությունից [կերակուրն] աճեց այդ անապատում, ինչպես որ ամուլ կանայք [են Աստծո օրհնությամբ հղիանում]: Եվ քանի որ [հնում] ասում էին. «Միթե կարո՞ղ է անապատում սեղան պատրաստել» (Սաղմ. 77։19), [Քրիստոսը] եկավ և գործո՛վ դա ցույց տվեց:
 Եվ նկանակները տվեց աշակերտներին, աշակերտներն էլ՝ ժողովրդին:
 Նախ՝ սպասավորների միջոցով գործեց, ինչպես վայել է թագավորներին: Երկրորդ՝ իշխանություն տվեց, որ այդպիսի հրաշք, որն [աշակերտները] ոչ երբևէ տեսել էին, ոչ գործել, նրանք էլ գործեն, երբ տեղն ու ժամանակը պահանջեն: Երրորդ՝ աշակերտներին նկանակները տալով՝ հաղորդակից դարձրեց այդ հրաշագործությանը՝ պատվելով նրանց, որովհետև դեռևս ականատես չէին եղել այդպիսի բանի, թեպետ ուրիշ հրաշքներից օրինակ ունեին: Չորրորդ՝ [աշակերտների միջոցով բաշխեց], որպեսզի չմոռանային այդ հրաշքը, որին անձամբ սպասավորեցին: Հինգերորդ՝ որպեսզի ոչ միայն բարու ձգտումն ու հոժարությունն ունենային, այլև գործով կատարեին այն: Վեցերորդ՝ սովորեցնում է սակավապետությանն 799 ընկեր լինել՝ նրանց տալով միայն հացը, ինչպես որ նաև Ռեբեկան հաց տվեց Հակոբի ձեռքը, և Ինքը Տերը հրամայեց «մեր հա՛ցը տուր մեզե աղոթել: Յոթերորդ՝ այլաբանորեն՝ Ինքն է երկնքից իջած կենդանի հացը, որը տվեց աշակերտներին և նրանց միջոցով՝ հավատացյալներին՝ նշելու Իր հիշատակը մինչև աշխարհի վախճանը՝ ըստ այսմ. «Սա արեք Իմ հիշատակի համարե (Ղուկ. 22։19), և՝ «Քանի անգամ որ ուտեք այս հացը, Տիրոջ մահը պատմեք, մինչև Նա գաե (հմմտ. Ա Կոր. 11։26): Հինգ նկանակ տվեց աշակերտներին, իսկ մնացածը նրանց ձեռքով շատացավ, որքան պետք էր բազմությանը, որովհետև երբ Շմավոնը մոտեցավ վերցնելու 800, կարծեց, թե [միայն] ինքը բավական է, և գիրկը լցրած տանում էր, ու նրա ձեռքից [հացը] չէր պակասում, մյուսները նույնպես [բաշխում էին], որպեսզի նրանց միջև թշնամություն չծագեր: Բոլո՛րն էին բաշխում ժողովրդին. ո՛չ միայն տասներկու, այլև յոթանասուն [աշակերտները]:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ հրամայեց ժողովրդի բազմութիւնը նստեցնել խոտի վրայ. եւ վերցնելով հինգ նկանակն ու երկու ձկները՝ նայեց դէպի երկինք, օրհնեց, կտրեց եւ նկանակները աշակերտներին տուեց. իսկ աշակերտները՝ ժողովրդին:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ գլուխ 14:15

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: