Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 15:21

Հովհաննես Ծործորեցի

Յիսուս այդտեղից ելնելով՝ գնաց Տիւրոսի եւ Սիդոնի կողմերը:

   

   Այդտեղից դուրս գալով՝ Հիսուսը գնաց Տյուրոսի ու Սիդոնի կողմերը: Եւ ահա, այդ շրջաններից եկած քանանացի մի կին աղաղակում էր ու ասում. «Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, Դաւթի՛ Որդի, աղջիկս չարաչար դիւահարւում է»:

   Տերը սովորություն ուներ, որ մեծ բաների և կատարյալ օրենքի մասին խոսելուց հետո խույս էր տալիս այդ վայրից, որպեսզի որևէ հակառակություն չծագեր: Նաև՝ այս կողմերը գալով՝ հեթանոսների հավատալու դուռն է բացում, որովհետև ոչ միայն հրեաների Աստվածն է, այլև հեթանոսների: Բայց որպեսզի [երևար], որ ոչ թե Նա է [սրա] պատճառը, այլ հրեաների անհավանությունն ու հեթանոսների հավատը, Մարկոսն ասում է, թե «տուն մտավ և չէր կամենում Իրեն հայտնի դարձնել, բայց չկարողացավ ծածուկ մնալ» (հմմտ. Մարկ. 7։24), որովհետև նրանց անարժան էր համարում Իր մարդասիրությանը, սակայն երբ տեսավ նրանց հավատը, ընդունեց [նրանց]: Նաև Իր խոսքերը հաստատելու համար գնաց այնտեղ, որովհետև ասել էր. «Տյուրոսի և Սիդոնի համար ավելի դյուրին կլինի Դատաստանի օրը, քան ձեզ» (Մատթ. 11։22). այդ կողմերը մի անգամ գնալով՝ աշակերտ դարձրեց քանանացիներին, իսկ այնքան ժամանակ [հրեաների] մեջ եղավ, և բնավ դարձի չեկան:
   

Ստեփանոս Սյունեցի

21-22․ Յիսուս այդտեղից ելնելով՝ գնաց Տիւրոսի եւ Սիդոնի կողմերը: Եւ ահա, այդ շրջաններից եկած քանանացի մի կին աղաղակում էր ու ասում. «Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, Դաւթի՛ Որդի, աղջիկս չարաչար դիւահարւում է»:

   
    «Եվ Հիսուս այդտեղից ելնելով՝ գնաց Տյուրոսի և Սիդոնի կողմերը: Եվ ահա, այդ շրջաններից եկած քանանացի մի կին աղաղակում էր»: Եւ ահա, այդ շրջաններից եկած քանանացի մի կին աղաղակում էր ու ասում. «Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, Դաւթի՛ Որդի, աղջիկս չարաչար դիւահարւում է»:

   Հիսուս գալիս էր ոչ թե Տյուրոսի սահմանները, այլ մոտենում է Տյուրոսին և Սիդոնին, իսկ քանանացին ելնում էր այդ սահմաններից, որովհետև եթե մնացած լիներ սահմաններում, չէր կարող աղաղակել առ Տեր:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

21-28. Յիսուս այդտեղից ելնելով՝ գնաց Տիւրոսի եւ Սիդոնի կողմերը: Եւ ահա, այդ շրջաններից եկած քանանացի մի կին աղաղակում էր ու ասում. «Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, Դաւթի՛ Որդի, աղջիկս չարաչար դիւահարւում է»: Բայց նա նրան պատասխան չտուեց, եւ նրա աշակերտները մօտենալով՝ աղաչում էին նրան ու ասում. «Արձակի՛ր նրան, որովհետեւ մեր յետեւից աղաղակում է»: Նա պատասխան տուեց եւ ասաց. «Այլ տեղ չեմ ուղարկուած, եթէ ոչ Իսրայէլի տան կորուսեալ ոչխարների մօտ»: Իսկ կինը մօտենալով՝ երկրպագում էր նրան ու ասում. «Տէ՛ր, օգնի՛ր ինձ»: Նա պատասխանեց նրան եւ ասաց. «Լաւ չէ մանուկների հացն առնել ու շներին գցել»: Եւ նա ասաց. «Այո՛, Տէ՛ր, որովհետեւ շներն էլ կերակրւում են իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներով»: Այն ժամանակ նրան պատասխանեց եւ ասաց. «Ո՛վ կին, մեծ է քո հաւատը, թող քեզ լինի՝ ինչպէս որ կամենում ես»: Եւ նրա դուստրը նոյն ժամին բժշկուեց:
   
   Հիսուսի կյանքը բավականին դժվարացել էր Գալիլիայում, բորբոքված հալածանքներն ու հակառակությունները և արգելքները շատացել էին․ Հիսուսին պետք էր մի պահ այդ ամբոխից հեռանալ և քաշվել՝ անծանոթ կողմերում հանգստանալու։ Այդ նպատակով սկսեց առաջանալ դեպի Հյուսիս-արևմտյան կողմը, այնտեղ, ուր վերջանում էին Նեփթաղիմի և Ասորի երկրները, և սկսվում են Փյունիկեի սահմանները։ Սրանք Ավետարանում կոչվում են Տյուրոսի և Սիդոնի սահմաններ, որովհետև Հռոմեական իշխանության տակ գտնվող հին գավառների ու սահմանների անունները ձևափոխած էին և նրանց շրջապատը կոչվում էր գլխավոր քաղաքների անուններով։ Ավելի տեղեկություն չունենք ճշտելու համար, թե Հիսուս ո՞ր ճամփով առաջացավ, մինչև ու՞ր հասավ և ո՞ր քաղաքի կամ գյուղի մեջ օթևանեց, նպատակ ունենալով Ինքն Իր տեղը չհայտնելու՝ թեպետև դա չհաջողվեց։ Քանանացի կնոջ պատմությունն է որ Մատթեոսը և Մարկոսը առաջ են բերում այստեղ, նմանատիպ պարագաներով։ Մատթեոսի Քանանացի և Մարկոսի Փյունիկ-Ասորի կոչելը, լոկ բառերի տարբերություն է, որովհետև օտար պատմիչների փյունիկեցի կոչված ազգը, հրեաներից քանանացի կոչվածն էր։ Ուշադրության արժանի մի տարբերություն կա գործողության տեղանքի վրա։ Մարկոսը նախ Հիսուսի համար ասում է․ «Մտեալ ի տուն» և ապա կնոջ համար․ «Եկն անկաւ առաջին նորա»։ Իսկ Մատթեոսը բնավ տան մասին խոսք չի ասում, այլ անմիջապես սկսում է կնոջ բժշկությունը, և աշակերտների բերանով ասում է․ «Աղաղակէ զհետ մեր», որով իմացվում է, որ Հիսուս և աշակերտները առջևից էին քայլում, իսկ կինը հետևից աղաչում ու աղաղակում էր։ Այդ բացատրությունները համաձայնեցնելու համար, հարմար է դիտել, որ կնոջ համար էլ տուն մտնելը ասված չէ, այլ միայն՝ «Եկն անկաւ առաջի նորա»։ Մյուս կողմից չպետք է կարծել, թե դեպքը Գալիլիայից Փյունիկե եկող երկար ճանապարհի վրա է պատահել, այլ այն գյուղում, ուր հասավ և օթևանեց Հիսուս, հասնելու լուրը կինն էլ իմացավ, և դիմեց Հիսուսին, հավանաբար այն ժամանակ, երբ նա օթևանից դուրս էր եկել և եղելությունը կարող էր մասամբ տնից դուրս և մասամբ տնից ներս տեղի ունենալ։ Անցնենք եղելության պատմելուն։
   Հիսուս ծածուկ կերպով հասնում է Փյունիկեի սահմանագլխին գտնվող մի գյուղ և օթևանում է մի տան որպես անծանոթ։ Բայց նոր հյուրի ով լինելը հետաքրքրություն է շարժում, և վերջապես իմացվում է, որ Նազովրեցի Հիսուսն է, Գալիլիայում հռչակված հրաշագործ Վարդապետը։ Նույն գյուղում մի կին կար՝ ազգությամբ քանանացի, այսինքն՝ փյունիկեցի, և կրոնով հեթանոս, որ մի խենթ աղջիկ ուներ, երկար ժամանակ ի վեր դևից տանջված ու նեղված։ Կինը մտադրվում է անպայման դիմել Հիսուսին․ շատ խենթերի բժշկած, և հրեաներից իբրև Մեսիա պատված և Դավթի որդի կոչված Վարդապետը՝ հարկավ իր աղջկա դևն էլ կարող էր հալածել։ Կինը ելնում, գալիս է Հիսուսի օթևանած տան կողմը։ Նրան հեռվից տեսնում է, որ դուրս է եկել ճամփի վրա, երկրպագելով մոտենում է, խոնարհվում և սկսում բարձրաձայն աղաղակել․ «Ողորմեա՛ ինձ, Տէր, Որդի Դաւթի, դուստր իմ չարաչար այսահարի»։ Հիսուս չի լսում, և առաջանում է դեպի տուն՝ չուզենալով մի անծանոթ և հավատքն ու սիրտը անհայտ կնոջ խնդրանքը կատարել․ նաև չուզենալով այնտեղ Իր ով լինելը հայտնել, և ամեն կողմից եկողների համար դուռ բացել։ Տեղն էլ, Իր քարոզչությունների համար իբրև ասպարեզ սահմանված երկրից դուրս էր, բոլորովին միտք չի ունեցել հեթանոսական երկրներում քարոզել Երկնից Արքայությունը։ Հիսուս լուռ առաջանում է, կինը անդադար աղաղակում։ Նա խոր համոզմունքով ոգևորված էր, որ այդքան խենթերի բժշկողը՝ իր աղջկան էլ պետք է բժշկի։ Կնոջ հարատևությունն ու շարունակ աղաղակելը այնքան է երկարում, որ առաքյալներն էլ միջամտում և դառնալով Հիսուսին ասում են․ «Այս կնոջը մի բան արա, մի բան ասա, որ գնա իր գործին․ գլուխներս տարավ իր աղաղակներով»։ Հիսուս Իր առաքյալներին ասում է, որ առայժմ Իր պաշտոնը և Իր առաքման նպատակը Աստծո ընտրյալ ժողովրդի համար է․ Իսրայելի հոտի ոչխարները կորցրել են ուղիղ ճանապարհը, Իր պաշտոնն է՝ միայն նրանց ուղիղ ճամփի բերել։ Այս խոսքի վրա առաքյալները լռում են, նույն պահին մոտենում են տանը, և Հիսուս մի պահ կանգ է առնում։
   Կինը հեշտությամբ մոտենում է Հիսուսին և կրկին ու կրկին երկրպագելով ու խոնարհվելով՝ աղաչում է․ «Տէ՛ր օգնեա ինձ»։ Իսկ Հիսուս, առաքյալներին ուղղված դիտողությունը շարունակելով ավելացնում՝․ «Արդարև օրենք չէ երեխաների բերանից հացը վերցնելը և շների առջև նետել»։ Եվ կնոջն էլ դառնալով ասում՝․ «Թող որ սկզբից երեխաները կշտանան, սպասի՛ր, որ հերթը ձեզ էլ հասնի»։ Նման համեմատությունը ծանր էր և կնոջ նկատմամբ անարգական, սակայն նմանության մեջ, մանավանդ արևելցիների մոտ, փափկությանը շատ ուշադրություն չի դարձվում, և բավական է մի կողմը հարմարվի, մյուս կողմին ուշադրություն չի դարձվում։ Կարող ենք ավելացնել, որ հրեաների խոսքի մեջ կռապաշտների համար Հիսուսի գործածածը անսովոր ոճ չէր։
    Կինը լսեց Հիսուսի խոսքերը, ոչ քաջալերությունը կորցրեց, ոչ ակնարկի ծանրությունից վիրավորվեց, ոչ էլ մերժումից հուսահատվեց, այլ առավել ևս համարձակություն ստացավ, տեսնելով, որ Հիսուս վերջապես սկսեց իրենով զբաղվել։ Հիսուսի խոսքը իր համար նպաստավոր գտավ և խոսքը դարձնելով Հիսուսին պատասխանեց․ «Իրոք, Տեր, իմ երեխաների բերանից հացը չպետք է վերցվի և շներին տրվի․ բայց սրա համար շներն էլ սոված չպետք է մնան, այլ տերերի և նրանց երեխաների սեղանի ավելցուկով կկշտանան»։ Հիսուս էլ զարմացավ այդ խոնարհամիտ՝ բայց և հանճարեղ, զիջողական՝ բայց և համոզիչ պատասխանի վրա․ «Ով կին,- ասաց,- իրոք, որ մեծ ու կատարյալ հավատք ունես, հավատք ունեցողներին ոչինչ չեմ մերժում, քո խնդրանքն էլ այս պահին կատարված է, աղջիկդ այս վայրկյանին բժշկված է, վե՛ր կաց, տու՛ն գնա, տե՛ս ու մխիթարվիր»։
   Քանանուհին Հիսուսին խոսքը կրկնելու ժամանակ չթողեց, խնդրանքը ընդունած լինելու հաստատուն հավատքով՝ իր երախտագիտությունը հայտնեց, անմիջապես իր տունը գնաց, ավելի շատ թռչելով քան թե քայլելով և իրոք էլ տեսավ, որ խենթ, դիվահար ու կատաղի աղջիկը բոլորովին հանդարտվել է, դևը հալածված է, և աղջիկը լռիկ-մնջիկ պառկած է անկողնու վրա՝ նման երկար հոգնածությունից հետո նվաղած ընկած մի անձի նման։