Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 15:39

Հովհաննես Ծործորեցի

Երբ նա ժողովրդի բազմութիւնը արձակեց, նաւակ բարձրացաւ ու եկաւ Մագդաղիայի սահմանները:
   
   Երբ ժողովրդին ուղարկեց, նավ մտավ և եկավ Մագդաղայի սահմաննե րը:
   Քանի որ ոչ մի ուրիշ հրաշք այնպես չէր ստիպում [ժողովրդին] գնալ Նրա հետևից, ինչպես հացի հրաշքը, և ոչ միայն հետևից գնալ, այլև հափշտակել ու թագավոր դարձնել, ուստի, որպեսզի ապստամբության կասկածի տեղիք չտար հացի հրաշքը հաճախ գործելու պատճառով, [Հիսուսը] թողեց նրանց ու հեռացավ. ո՛չ հետիոտն, որպեսզի հետևից չգնային, այլ նավ մտավ, որպեսզի ժողովուրդը հարկադրված լիներ հեռանալ:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Երբ նա ժողովրդի բազմութիւնը արձակեց, նաւակ բարձրացաւ ու եկաւ Մագդաղիայի սահմանները:
   
   Երբ բազմությունը ցրվեց Դեկապոլսի անապատից, Հիսուս առաքյալների հետ իջավ Գալիլիայի ծովեզերքը, և այտեղ պատրաստ գտնվող նավով դուրս եկավ ծովակի արևմտյան մասում գտնվող մի տեղ: Տեղի անունը և նրա աշխարհագրական դիքրը քննության նյութ է դարձել: Եվ իրոք` Մատթեոսի ավետարանում մեր թարգմանությունը գրում է «Մագդաղա», և Մարկոսի ավետարանում` «Դաղմանունիա», իսկ հունարենն ու լատիներենը Մատթեոսի ավետարանում ունեն «Մագադան», և Մարկոսի ավետարանում` «Դաղմանդա»: Ուրիշ թարգմանությունների և մանավանդ հին ձեռագիր օրինակներում տառերի տարբերությունները շատ են, մյուս կողմից այդ անունները Ս. Գրքում ուրիշ տեղեր չեն հիշվում, և միևնույն անունով տեղեր այժմ չեն գտնվում: Ուրեմն պետք է այդ անունների մերձեցմամբ աշխարհագրական զննությամբ գտնել հավանական մեկնությունը: Ամենից ծանոթ վայրը Մագդաղա քաղաքն է, Գալիլիայի ծովեզերքի արևմտյան մասում, բավական նշանավոր մի տեղ, որ այսօր էլ կոչվում է. «Էլ-Մեճէլ», և կարող է «Մեգդեղ» էլ տառադարձվի: Իսկ Դաղմանունիա կամ Դաղմանութա անունը` շատ հավանական է, որ այժմյան «Էլ-Տելմանիէ» կոչված վայրն է, որ կարող է տառադարձվել «Դեղմանիա»: Մեճտելը և Տելմանիէն իրարից շատ հեռու վայրեր չեն, երկուսն էլ գտնվում են Գալիլիայի ծովակի արևմտյան եզերքի հարավային կողմում: Եվ Հիսուսը ցամաք է դուրս եկել այդ երկուսի մեջտեղում, որովհետև ըստ Ավետարանի նա ո՛չ Մագդաղա է դուրս եկել, և ո՛չ Դաղմանունիա, այլ ըստ Մատթեոսի «Ի սահմանա Մագդաղեա», և ըստ Մարկեսի «Ի կողմանս Դաղմանունաեյ», որը երկու վայրերից էլ տարբեր, բայց երկուսին էլ մոտ և երկուսի մեջտեղում գտնվող մի նավահանգիստ գյուղ է:
   Այնտեղ էլ փարիսեցիները հասան հետևից և Իրեն հանգիստ չթողեցին, վիճեցին և Հիսուսի կատարած բոլոր հրաշքները դատարկ հանելով` ցանկանում էին Նրա վարդապետությունը սուտ ու սխալ ցույց տալ: Մյուս կողմից էլ, եթե Նա ուզում է պաշտպանել վարդապետությունը, պահանջում են, որ Նա հայտնի և անհակառակելի հրաշքներ կատարի երկնքի վրա, կամ երկնքից ներքև, բնության ընթացքի վրա ազդող մի հրաշք ցույց տա, որը նշան լինի Իր` Աստծուց առաքման և աստվածային վարդապետության: Այս առաջարկը փարիսեցիներն ուրիշ անգամ էլ էին արել. և մենք իր տեղում խոսել ենք այդ մասին (Մատթ. 12:38-42): Այս անգամ փարիսեցիներին սադուկեցիներն էլ են միանում, որոնք թեև իրար հակառակ աղանդներ, և իրար դեմ մաքառող կուսակցություններ էին, բայց Հիսուսի դեմ մղված պայքարում սկսում են իրար օգնել, համարելով, որ Հիսուս երկուսի դեմ դուրս է եկել հավասարապես:
   Այստեղ մեր թարգամությունը երկու համարի չափ մի կտոր չունի, որոնք գոյություն ունեն լատիներենում և հունարենում: Ձեռագիր օրինակներից միայն մեկն ունի այդ կտորը` հետևակ ձևով. «Յորժամ երեկոյ լինի, ասէք թէ ջեր լինելոց է, քանզի կարմրացան երկինք, և ընդ այգս՝ այսօր փոթորիկ, քանզի կարմրացան խոժոռեցան երկինք. զերեսս երկնից գիտէք քննել, և զնշանս ժամանակաց չկարիցե՞ք»: Իսկ Ոսկան Երևանցին իր առաջին տպագրության մեջ հետևյալ ձևով է ավելացրել. «Յորժամ երեկոյ լինի, ասէք պարզ լինիցի, զի կարմրացեալ է երկին: Եւ առաւօտու՝ այսօր մրրիկ, զի շառագունի տրտմությեամբ երկին. արդ զերեսս երկնի կարէք քննել, իսկ զնշան ժամանակիս ո՞չ կարէք գիտել»:
   Դժվար է մեր թարգամնության մեջ այդ հատվածի պակասելը մեկնել, քանի որ առանց բացառության գտնվում է հուարենի և լատիներենի մեջ, և ոչ էլ երկրորդական հատված է: Հիսուսի այս խոսքերը նշան ուզողների առաջարկության անտեղի լինելը ցույց տալու համար է: Նշան ուզողները պետք է ժամանակին զննեն նշանները, և դրանցից եզրակացնեն Իր առաքման ճշմարտությունները: Բոլոր մարգարեական կանխասացությունները, և գլխավորապես Դանիելի նշանակած յոթանասուն յոթնյակների հաշիվը, բոլոր կողմերում սուտ մեսիաներ երևալու պարագան, Իր ընթացքի անքննադատելի հանգամանքները, այնպիսի փաստեր, կամ ուրիշ անունով` ժամանակի նշաններ են, որ բնավ տարակուսելու տեղիք չեն տալիս: Եթե արևի մայր մտնելուց երկնքի կարմրելը հաջորդ օրվա լավ օրն է ցույց տալիս, իսկ արևի ծագելիս երկնքի շառագունելը` նույն օրվա վատ օդ լինելը գիտեն եզրակացնել, ինչո՞ւ այդ նշաններից մեսիական գալստի իրականացումը չեն հետևեցնում: Հետևապես նոր նշան ուզելը սոսկ խաբեություն է, և հնարավոր չէ նրանց գոհացնել: Այսուհանդերձ Հիսուս, իբրև նշան, հիշում է Հովնանին: Նինվեացիները հավատացին Հովնանին, թեպետ հրաշք չգործեց. պետք է հրաներն էլ հավատային Իրեն առանց հրաշք տեսնելու: Քարոզչությունն ու քարոզիչը, իրենց ներքին հանգամանքներով իրենց ճշմարտությունն են հայտնում: Հովնանի նշանի մասին մի անգամ խոսած լինելով (Մատթ. 12:38-42), այսքանը բավական ենք համարում: