Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 18:6

Հովհաննես Ծործորեցի

Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղեցնի, նրա համար լաւ կը լինի, որ նրա պարանոցից էշի երկանաքար կախուի, եւ նա սուզուի ծովի խորքը:
   
   Ով գայթակղեցնի Ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին, ավելի լավ է նրա համար, եթե նրա պարանոցից էշի երկանաքար կախվի, և նա ծովի խորքն ընկղմվի:

   Ինչպես որ ով հանուն Ինձ պատվում է այսպիսիներին, ասում է [Տերը], մեծ պատիվ կստանա, այդպես էլ ով արհամարհում է, անհնարին տանջանքի կենթարկվի: Իսկ գայթակղեցնելը լինում է կամ խոսքով, կամ գործով, ինչպես Պողոսն է արգելում՝ [ասելով]. «Եթե գայթակղեցրիր եղբորդ, այլևս չշարժվեցիր սիրով» (հմմտ. Հռոմ. 14։13-15): Գործով [գայթակղեցնելն] այն է, որի մասին դարձյալ [Պողոսն] ասում է. «Եթե գայթակղվում է իմ եղբայրը, հավիտյան միս չեմ ուտի» (հմմտ. Ա Կոր. 8։13): Իսկ խոսքովը կրկնակի է. [Տերը] գայթակղություն է կոչում կամ համոզելով մեղքի թակարդի մեջ [գցելը], ինչպես սա. «Եկ մեզ միացիր արյուն [հեղելու]» (Առակ. 1։11), կամ էլ թշնամանքը: Եվ դու մի՛ զարմացիր սրա վրա. որովհետև հաճախ կարճամիտները դույզն-ինչ արհամարհանքից գայթակղվում են, քանի որ [Տերը] «փոքր» է կոչում կամ տկար հավատ ունեցողին, կամ արքայության համար իրեն փոքրացնողին: Ուստի ասում է, որ [այսպիսիներին գայթակղեցնողն] անհնարին տանջանքի կենթարկվի: Եվ երկանքի և ծովի օրինակներն է բերում, ոչ թե որովհետև [գայթակղեցնողը] նշված պատիժն է կրելու, այլ ասում է, թե «լա՛վ կլիներ նրա համար», [որ դա կրեր], այսինքն՝ թեպետ սա չար է թվում, սակայն սրանից առավել չար ուրիշ տանջանքներ կան, որ պահվում են [նրա համար]: Սա ասում է, որպեսզի [մարդկանց] հպարտությունն արմատախիլ անի:
   

Ստեփանոս Սյունեցի

Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղեցնի, նրա համար լաւ կը լինի, որ նրա պարանոցից էշի երկանաքար կախուի, եւ նա սուզուի ծովի խորքը:
   
   «Ով որ ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի...»:
Չեմ կարծում, թե փոքրիկը և մանուկը նույնն են, քանզի այն փոքրը, ով չի գայթակղվի, երկնքի արքայությունում մեծ կլինի: Եվ դարձյալ փոքրը, եթե գայթակղվի, երկնքի արքայությունում չի լինի, ինչպես մանուկը, այլ [նա], ով զերծ և վեր է գայթակղությունից: «Քանզի Տիրոջ անունը սիրողները մեծ խաղաղության մեջ են, և նրանց համար չկա գայթակղություն» (հմմտ. Սաղմ. 118։165): Այս ասաց նրանց համար, ովքեր գայթակղեցնում են այս փոքրիկներից մեկին. որովհետև փոքրերը դյուրությամբ են գայթակղվում: Անուշադրության մի՛ մատնեք նրանց, որպեսզի փոքրերից ոչ ոք չկորչի մեր մոտից, քանզի «փոքրը» տկարահավատ հավատացյալն է:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

6-14․ Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղեցնի, նրա համար լաւ կը լինի, որ նրա պարանոցից էշի երկանաքար կախուի, եւ նա սուզուի ծովի խորքը: Վա՜յ աշխարհին՝ գայթակղութիւնների պատճառով. գայթակղութիւններ պէտք է որ գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով կը գայ գայթակղութիւնը: Եթէ քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. լաւ է, որ դու մէկ ձեռքով կամ կաղ մտնես կեանք, քան երկու ձեռք ու երկու ոտք ունենաս եւ յաւիտենական կրակի մէջ ընկնես: Եւ եթէ քո աչքն է գայթակղեցնում քեզ, հանի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. լաւ է, որ դու միականի մտնես կեանք, քան երկու աչք ունենաս եւ ընկնես գեհենի կրակը: Զգո՛յշ եղէք, որ այս փոքրիկներից մէկին չարհամարհէք. ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները մշտապէս տեսնում են երեսն իմ Հօր, որ երկնքում է. որովհետեւ մարդու Որդին եկաւ փրկելու կորածը»: «Ձեզ ինչպէ՞ս է թւում. եթէ մի մարդ հարիւր ոչխար ունենայ, եւ նրանցից մէկը մոլորուի, իննսունինը ոչխարը լերան վրայ չի՞ թողնի ու գնայ որոնելու մոլորուածին: Եւ եթէ պատահի, որ այն գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ նրա վրայ աւելի կ՚ուրախանայ, քան իննսունիննի վրայ, որ մոլորուած չեն: Այսպէս՝ իմ երկնաւոր Հօր կամքը չէ, որ այս փոքրիկներից մէկը կորչի»:
   
   Գայթակությունը խոսքով ու հրապուրանքով, գործով և օրինակով ուրիշին բարոյական ընթացքից սահեցնելն է, այսինքն՝ սխալեցնել և մոլորեցնել, նրա մեղանչելու պատճառ դառնալ: Իսկ փոքրիկները [մեր Տիրոջ] Հիսուսին բոլոր հավատացողներն ու հետևողներն են, որոնք կոչվում են Երկնքի Արաքայության փոքրիկներ, Աստուծո զավակներ: Իմացնելու համար, թե մեծ ու փոքրի տարբերություն չկա, ցանկացած փոքրին էլ Աստված նույն կերպ է ընդունում և նույն աչքով նայում անգամ ամենափոքրին հասած վնասը: Գայթակղության մասին խոսքերը շատ ծանր շեշտով են ասված և այն էլ բացահայտորեն, այնպես որ շատ երկար մեկնության տեղիք չեն տալիս, և բավական ենք համարում Ավետարանի խոսքերը գրեթե նույնությամբ կրկնել:
   «Եթե որևէ մեկը, - ասում է Տեր Հիսուս, - ինձ հետևող փոքրիկներից մեկին գայթակղեցնի, շատ մեծ չարություն գործած կլինի և շատ ծանր հետևանքների կենթարկվի: Այնպես որ իր համար ավելի լավ է վզից ծանր քար կապի և նետվի ծովը՝ անհուսորեն ընկղմվելու համար»: Այստեղ ծանր քարը «երկան իշոյ» է անվանվում, որ նշանակում է էշի պտտեցրած աղորիքի երկանաքարը կամ ջրաղացի քարը: «Գիտեմ, - ասում է Տեր Հիսուս, - աշխարհն առանց գայթակղության չի լինելու, աշխարհում գայթակղեցնողները քիչ չեն լինի, բայց այս պատճառով նրանք չեն արդարանում: Ավելի լավ է, որ այդպիսինները չծնվեն, քան աշխարհ գան, գործեն այսպիսի ծանր չարություն ու իսպառ կորչեն»:
   Շարունակելով խոսքը՝ Տեր Հիսուս հայտարարում է, որ եթե մեկ ձեռքն իրեն գայթակղեցնում է, լավ է կտրել այն, եթե մի ոտքն է գայթակղեցնում, գերադասելի է կտրել ոտքը ևս, իսկ եթե մի աչքն է գայթակղեցնողը, պետք է հանել աչքը, որովհետև ավելի լավ է արքայությանն արժանանալ միձեռանի, կաղ կամ միականի, քան դժոխքի դատապարտվել, բայց ունենալ երկու ձեռք, երկու ոտք և երկու աչք: Այդ խոսքերն ասվում են նաև Լեռան քարոզում (Մատթ. 5:17-48) և այնտեղ խնդիրը վերաբերվում է որևէ մեկի ձեռքին, ոտքին կամ աչքին, երբ դրանք պատճառ էին դառնում իր սայթաքելուն ու մեղանչելուն: Իսկ այստեղ խոսքն ուրիշին գայթակղեցնելու մասին է: Այնուհանդերձ, թե՛ Մատթեոսը և թե՛ Մարկոսը նույնիմաստ կերպով գրում են. «Եթէ գայթակղեցուցանէ զքեզ կամ Եթե գայթակղեցուսցէ զքեզ»: Այլ խոսքի կարգին և նյութի պահանջին ուշադրություն դարձնելու ժամանակ պետք է իմանանք, որ կարծես ասում է. «Եթե պատճառ են դառնում քեզ՝ փոքրիկներ գայթակղեցնելու», որովհետև Մատթեոսն անմիջապես ավելացնում է. «Զգոյշ լերուք, մի՛ արհամարիցէք զմի ի փոքրիկանցս յայսցանէ»:
   Այստեղ ուշադրության արժանին մեր թարգմանության և հունարենի՝ լատիներենի ունեցած տարբերությունն է, առանց երբեք իմաստին դիպչելու: Մարկոսի մոտ նման բացատրությամբ երեք անգամ է կրկնվում ձեռքի, ոտքի և աչքի գայթակղեցուցիչ լինելը, որոնք հավասարապես ավարտվում են «Եւ անկանել ի գեհեն» բառերով: Այդ գեհենի կողքին հունարեն և մեր թարգմանությունը միայն երրորդ դեպքում է հիշատակվում «Ուր որդն ոչ մեռանի եւ հուրն ոչ շիջանի» տողը: Մինչդեռ լատիներենը երեք անգամն էլ ավելացնում է այն: Այս խոսքերը վերցրված են Եսայու վերջին համարից, ուր մարգարեն ամբարիշտների համար ասում է «Եւ ելցեն եւ տեսցեն զոսկերս մարդկան առ իս յանցուցելոց, զի որդն նոցա ոչ վախճանեսցի, եւ հուր նոցա ոչ շիջցի, եւ եղիցին ի տեսիլ ամենայն մսեղեաց» Ես. 66:24: Տեր Հիսուս նույն խոսքերը հարմարեցնում է դատապարտվածներին, որոնց որդն ու հուրը, այսինքն՝ խղճի ներքին և մարմնի արտաքին տանջանքները պիտի հավիտենական լինեն ու վախճան չունենան:
   Փոքրիկներին գայթակղեցնելու չարության մեծությունը հասկանալու համար, Տեր Հիսուս իբրև փաստ, ավելացնում է. «զի հրեշտակք նոցա հանապազ տեսանեն զերեսս Հօր իմոյ՝ որ յերիկնս է»: Տեր Հիսուսի պատճառաբանության ուժեղությունը կարելի է վերլուծել հետևյալ կերպ. «Այն փոքրիկները, ում դուք հանդգնում եք արհամարել և գայթակղեցնել և հետևաբար կորցնել, մի-մի պահապան հրեշտակներ ունեն, որ կարգված են՝ նրանց խնամելու ու պահելու: Արդ, եթե երկնքում դեմ-հանդիման Աստվածային տեսությամբ պատվված բարձրագույն հոգիները ծառայում են այդ փոքրիկներին որպես պահապաններ ու օգնականներ, դուք ինչպե՞ս կարող եք հանդգնել և համարձակորեն այդ փոքրիկներին արհամարել, գայթակղեցնել ու վնաս հասցնել»:
   Ավետարանի այս հատվածն է, որ պահապան հրեշտակների վարդապետության համար իբրև հիմք ու փաստ է ծառայում, և անմիջապես Տեր Հիսուսի բերանից հնչելով՝ Ընդհանուր Եկեղեցու կողմից անհակառակ ընդունված մի վարդապետություն է:
   Փոքրիկներին գայթակղության կարևորությունը ավելի զգալի դարձնելու համար, Հիսուս մի առակ է մեջ բերում՝ հարյուր ոչխարներից մեկի մոլորվելը: Հովիվն այդ մի հատիկ մոլորյալին գտնելու համար իննսունինը թողնում է ու գնում նրա հետևից: Գտնելուց հետո չափազանց մեծ ուրախությունն ապացուցում է, որ հովվի համար ավելի մեծ նշանակություն ունի կորածի գտնելը, քան իննսունինը չկորածների մնալը: Հիսուսի նպատակն է ցույց տալ, թե փոքրիկները ևս մեծ հարգ ունեն և մեծ հոգածություն: Այդ մասին Հիսուս հայտարարում է բացարձակորեն: Առակի սկիզբը իր մասին է վկայում. «Մարդու Որդին եկավ կորուսյալներին գտնելու և փրկելու»: Առակի վերջու էլ վկայում է Երկնավոր Հոր մասին. «Իմ Երկնավոր Հոր կամքն է, որ այս փոքրիկներից և ոչ մեկը չկորչի»:
   Հարյուր ոչխարների առակը մեջ է բերում Ղուկասը, բայց տարբեր տեղերում և տարբեր ժամանակներում Ղուկ. 15:4, այսինքն՝ ամիսներ հետո, երբ Հիսուս քարոզում էր Բերիայում: Ոմանք ձգտում էին Ավետարանների կարգը բռնազբոսիկ կերպով փոփոխել՝ նմանները միմյանց հետ նույնացնելու համար: Մենք այս ճիգը և՛ ավելորդ ենք համարում, և՛ անտեղի, որովհետև Հիսուս, քարոզության երեք տարիների ընթացքում շրջագայելիս, շատ լավ կարող էր նույն վարդապետությունը և նույն առակը զանազան տեղեր ու զանազան առիթներով կրկնել: Իբրև այս ամենի հաստատումն պետք է նկատել այն, որ նույն ավետարանիչը ևս երբեմն նույն խոսքը կրկնում է երկու և ավելի տեղերում: Ինչպես արդեն վերը տեսանք, գայթակղության առիթ տվող ձեռքի, ոտքի կամ աչքի համար Մատթեոսի մեջբերումը նույնպես այդ է վկայում (Մատթ. 5:29-30 և 18:8-9):
   Գայթակղություն չտալու դիմաբաժանյալը շինություն տալն է և Հիսու է և Հիսուս առաջինը զգուշացնելուց հետո, հանձնարարում է երկրորդը, ինչպես տեսնում ենք Մարկոսի մոտ: Քիչ առաջ առաքյալների մեջ ծագած վեճը, և յուրաքանչյուրի մեծ լինելու ձգտումը գայթակղության մի ընթացք էր: Անհրաժեշտ էր, միմյանց նկատմամբ համերաշխությունը պահելով, շինություն պատճառել: Հիսուս օրինակը վերցնում է օրինական զոհերից, որոնք Աստծուն հաճո լինելու համար, մաքրվում էին կրակի վրա և պատրաստվում աղով. «Ամենայն պատարագ զոհից ձերոց աղիւ տեառն յաղեսցի» Ղուկ. 2:13: «Դուք ևս, - ասում է Հիսուս, - կրակն ու աղը ձեր համար օրինակ դարձրեք. մաքուր եղեք, ինչպես կրակով անցած ամեն ինչ է մաքուր. հաճոյական և համեղ եղեք՝ ինչպես աղով համեմված ամեն բան է հաճոյական ու համեղ: Աղը ձեզ օրինակ դարձրեք. «Կալարուք յանձինս ձեր զաղն»: Չլինի որ բոլորովին անպիտան դառնաք, ինչպես համը կորցրած աղը. որովհետև երբ աղն անհամանում է, համ տալու ուրիշ ձև չի մնում. «Եթէ աղն անհամեսցի, ի՞ւ համեմեսցի»»: Աղի օրինակը հիշվում է Լեռան քարոզի սկզբում ևս (Մատթ. 5:3-16): Նույն խոսքը տարբեր պարագաներում կրկնվելու օրինակներից մեկն էլ սա է:
   Հիսուսի վերջին խոսքը՝ «Խաղախութիւն արարէք ընդ միմեանս», ուղղակի ակնարկում է քարոզության առիթ տվող վեճը: Եվ իրավ, գայթակղության մի առիթ էր առաքյալների այն ընթացքը, որ, Հիսուսի մահվան լուրն առնելու պես, ամենից առաջ իրենց անձնական շահերին կամ հաճույքներին հետամուտ եղան՝ առանց ուշադրություն դարձնելու Հիսուսի ցուցաբերած հեզության և խոնարհության օրինակին: Երևում է, որ վեճը բավականին ծանր էր եղել և առաքյալների մեջ երկպառակության ու հակառակության նշաններ էին երևացել: Ահա թե ինչու է Հիսուս պարտավորվում, թեպետ դարձվածով, բայց բավականին հստակորեն ազդարարել. «Չէ՛, որդյակներ, ձեր մեջ այսպիսի անհամություններ չեմ կամենում տեսնել. ի՞նչ է նշանակում մեծության վեճեր առաջացնել, մինչդեռ ձեր մեջ մեծ ու փոքր տարբերություն չեմ դրել. ամենքդ միմյանց ընկեր ու եղբայր եք. ամենքդ հավասարապես եք կոչված՝ իմ սկսած գործը շարունակելու. վախենում եմ, որ հակառակությամբ և երկպառակտությամբ ամեն ինչ խանգարեք. զգույշ եղեք. ձեր զորությունը պիտի լինի սերը, եղբայրությունը և համերաշխ գործակցությունը. օ՜ն, ուրեմն, հաշտվեցեք. խաղաղութիւն արարէք ընդ միմեանս»: