Հովհաննես Ծործորեցի
Եւ առաւօտեան երբ քաղաք վերադարձաւ, քաղց զգաց:
Եվ այգաբացին, երբ վերադարձավ քաղաք, քաղցեց:
Տարաժամ ճաշակելը կատարյալ մարդկանց կամ [հոգևոր] ուսուցիչներին չէ հատուկ, այլ մանուկներին ու անուս նախրապաններին: Բայց [Տերն] այստեղ անսովոր ժամանակ [որոշեց ճաշակել], որպեսզի աստվածային հրաշք գործելու պատճառ ստեղծեր: Այլ կերպ ևս [կարելի է բացատրել]. երբ կամենում էր, թույլ էր տալիս Իր մարմնին զգալ իրեն հատուկ կարիքները, ինչպես այն փորձության ժամանակ 1152, որպեսզի հասկանային, որ Նա ոչ թե երևութական մարդ է, այլ իրական: Կամ էլ ոչ թե կերակրի կարիք ուներ, այլ միշտ հավատի և բարի գործերի քաղցն ուներ: Այլև` «այգաբաց»ը կամ հարությունն է նշանակում, որից հետո [Քրիստոսը] քաղցեց ու կերավ աշակերտների հետ, որպեսզի հարությունը հավաստի ցույց տար, կամ էլ հաջորդ գալուստը, երբ վերադառնալու է աշխարհ և հրեաների փրկության կարիքն ունենալու:
Մաղաքիա արք. Օրմանյան
18-19. Եւ առաւօտեան երբ քաղաք վերադարձաւ, քաղց զգաց: Եւ ճանապարհի վրայ մի թզենի տեսնելով՝ եկաւ դէպի այն եւ նրա վրայ ոչինչ չգտաւ, այլ միայն՝ տերեւ: Եւ թզենուն ասաց. «Այսուհետեւ քեզնից յաւիտեան պտուղ թող չլինի»: Եւ նոյն պահին թզենին չորացաւ:
Մյուս առավոտյան, նիսանի 11-ին կամ ապրիլի 3-ին՝ երկուշաբթի օրը, Հիսուս դարձյալ վերադառնում է Երուսաղեմ։ Վերջին օրերն էին, պետք էր վերջնական կրկներ Իր վարդապետությունները և հռչակեր Իր սկզբունքները, որպեսզի ամենքի մտքում թարմ մնար Իր քարոզությունը, և Ինքն էլ՝ Իր գործի գլուխն անցած, ավարտեր Իր գործունեությունը։
Վաղ առավոտյան դուրս եկավ Բեթանիայից և թերևս շատ կանուխ ելնելով, որևէ բան ուտելու ժամանակ էլ չունեցավ, և մի փոքր ճանապարհ անցնելուց հետո սկսեցին քաղց զգալ։ Հիսուս Ինքն էլ մի բան ուտելու կարիք զգաց և բնական բերումով ճանապարհի վրա գտնվող մի թզենու մոտեցավ՝ վրան ուտելու մի բան գտնելու մտադրությամբ։ Սակայն ծառը տերևից բացի ուրիշ ոչինչ չուներ, բավականին սաղարթախիտ մի ծառ էր, որից շատ բանի հույս կար․ սակայն դժբախտաբաչ պտուղ բոլորովին չկար։ Բայց չէր էլ կարող լինել․ ապրիլի առաջին օրերին Պաղեստինում էլ թուզը չի հասնում և Մարկոսն էլ բացահայտ ասում է, թե «ոչ իսկ էր ժամանակ թզոյ»։ Թզենիների պտուղը տերևներից առաջ է ցցվում և մի թզենի, որ լավ տերևազարդ կերպարանք ուներ, պետք է պտուղներ էլ ունենար՝ եթե ոչ հասունացած, գոնե բավականին կազմված և ծառի տերևների աճից եզրակացնելով, կարելի էր մտածել, որ կանխահաս պտուղներ էլ կարող էր ունենալ, որով բոլորովին անհիմն չէր կարող համարվել Հիսուսի թուզ գտնելու հույսը։
Բեթանիայի և Բեթփագեի շրջակայքում թզենիներն առատ են և նույնիսկ Բեթփագեի անունը, որ սովորաբար Խակ-թուզ-տուն է թարգմանվում, մեզ թույլ է տալիս ենթադրել, որ անպտուղ թզենին էլ Բեթփագեի պարտեզների մեջ էր, այն գյուղից, որտեղից էր Հիսուսի հեծած ավանակը։
Թզի ժամանակից դուրս թուզ գտնելու հույսը թեպետև բոլորովին անհիմն հույս չէր, սակայն Ավետարանի նպատակից չենք շեղվի, եթե ասենք, որ Հիսուսի այդ գործողությունը ավետարանական առակի ձև ունի՝ ոչ թե մտովի կազմված մի առակ, այլ իրական դեպքից վերցրած։ Մեկնիչներն անպտուղ թզենու մասին նկատում են Հին Ուխտը, որ թեպետ արտաքին երևույթով զարդարուն և տեսքով կատարյալ, արդյունավոր լինելու նշաններով հարուստ և ամենքին լավ ակնկալություններ հուսադրելու վիճակում էր, սակայն իրական մի արդյունք չէր ունեցել և ոչ մի օգուտ ցույց չէր տվել․ բարոյական քաղցը հագեցնելու բավարար արգասիք չէր արտադրել։
Երբ Հիսուս տերևազարդ թզենու վրա պտուղ գտնելու պատճառով հուսախաբ եղավ, ծառին դառնալով ասաց․ «Մի՛ այսուհետեւ ի քէն պտուղ եղիցի յաւիտեան» և «Մի եւս ոք յաւիտեան ի քէն պտուղ կերիցե»։ Ծառը բարոյական գործողությունմ արժանիք կամ անարժանություն չուներ, որ պատժի ենթարկվեր ու հավիտյան անպտղության անեծքը լսեր Հիսուսի բերանից։ Բայց ծառն օրինակ էր և ավելի մեծ ճշմարտության խորհուրդ էր պարունակում։ Իր անպտղությունը հաստատված էր ոչ թե հասունացած պտուղ, այլ ժամանակի պահանջածի չափ պտղի նշաններ չունենալով։ Անշուշտ, Հին Ուխտից էլ չէր պահանջվում հասունացած ավետարանական պտուղներ ունենալ, բայց պահանջվում էր պտղի խակ գլխիկներ պարունակել՝ եղանակի առաջանալուն համապատասխան զարգացած։ Դրա համար էլ թզենու օրինակով Հին Ուխտն է, որ այլևս հավիտենական անպտղության է դատապարտվում։ Հին Ուխտի ներկայացուցիչները, քահանայապետերն ու քահանաները, դպիրներն ու օրենսգետները, ընդհանրապես և հայտնապես հալածում էին Նոր Ուխտը և Ավետարանի պտուղներ չունեին, թեպետ փարիսեցիական կեղծավորությամբ և սադուկեցիական խրոխտանքով արտաքին երևույթներով և սին տերևներով իրենք իրենց զարդարուն էին ներկայացնում։ Տեսքը չփրկեց։ Հին Ուխտը մշտական անպտղության դատապարտվեց միևնույն նպատակով և դիտավորությամբ, որով նախորդ երեկոյին Ձիթենյաց գագաթից Հիսուս տխրալից շեշտով հայտնել էր Երուսաղեմի կործանումը․ «Փոխանակ զի ոչ ծանեար զժամանակ այցելութեան քոյ»։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: