Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ նա պատասխանեց ու նրանց ասաց. «Տեսնո՞ւմ էք այդ ամէնը. ճշմարիտ եմ ասում ձեզ, այդտեղ չպիտի մնայ քար քարի վրայ, որ չքանդուի»:
Եվ Նա պատասխանեց` ասելով նրանց. «Տեսնո՞ւմ եք այդ բոլորը. ճշմարիտ եմ ասում ձեզ. քարի վրա քար չի մնա այդտեղ, որ չքանդվի»:
Անխուսափելի վճիռ է կայացնում, թե այսպիսի չքնաղ ու ամուր շինվածքում, որը տեսնում եք Սողոմոնի ու Զորոբաբելի կողմից մեծ խանդավառությամբ կառուցված, «քարի վրա քար չի մնա, որ չքանդվի»: Ինչո՞ւ` կհարցնի մեկը: «Որովհետև Բարձրյալը ձեռագործ տաճարներում չի բնակվում» (Գործք 7:48), այլ երկրորդ կամքով 1 թույլ է տալիս սա` իբրև նյութ ու առաջնորդ, առաքինության շինվածքի կազմության համար, որպեսզի Աստծո բնակության համար [մարդիկ] իրենց անձերը կառուցեն իբրև բնական ու կենդանի տաճար: Իսկ երբ մարդկանց [այսպիսի շինվածքն] ավերակ է լինում, այնուհետև [Աստված] նյութականն ու անշունչը տապալում է, որպեսզի չկարծվի, թե Աստված նյութ է կամ նյութական բաների մեջ է բնակվում: Եվ քանի որ [Երուսաղեմի բնակիչներն] այդպիսին էին, [Տերը] Տաճարի համար էլ է ասում, թե «քարի վրա քար չի մնա», այսինքն` ոչ միայն կավերվի, այլև ամբողջապես արահետ կդառնա, ոչ միայն այդ շինվածքը, այլև դրա բնակիչները, որովհետև դրանք էլ են անբանապես ելումուտ անում դրա մեջ քարի պես կարծրացած սրտով: Իսկ եթե մեկն ասի. «Հապա այդ ի՞նչ է, որ մինչև այժմ կա», կպատասխանենք, որ [Տերը] կամ [Տաճարի] ամբողջական ավերի մասին ասաց, որ այն այլևս վերստին չէր կառուցվելու, ինչպես և եղավ, կամ էլ նկատի ուներ [Տաճարի] այն հատվածը, որին մոտ էր կանգնած, քանի որ Տաճարի այդ կողմը հիմնահատակ ավերվեց: Ուստի հակաճառողները պետք է հավատան կատարվածներին և կատարվելիքին` նրան, որ [Տաճարն] ամբողջապես վերանալու է: Իսկ այլաբանորեն` Տաճարից դուրս գալը խորհրդանշում է [Հիսուսի] կամավոր մահը, որին հոժարությամբ էր գնում` մահվամբ քանդելով Իր մարմնի տաճարը, ինչին աշակերտները հակառակում էին, ինչպես Պետրոսը` մի ժամանակ, և նրանց ասում է [Տերը], որ անհնար է, որ այդ բանը տեղի չունենա, թեպետ զարմանալի ու գեղեցիկ է ձեզ թվում մարմնով Իմ թագավորելը: Բայց քարի վրա քար չի մնա այդտեղ, այսինքն` Իմ հոգին` Իմ մարմնի մեջ, որովհետև իսկապես մեռնելու եմ: Ինչպես որ տաճար կառուցելիս երկու քար կցում են իրար, այդպես էլ հոգին ու մարմինը կազմեցին Նրա մարդկությունը, որը Նա քանդեց մահվամբ. հոգին, Աստվածության հետ միացած, գնաց դժոխք, իսկ մարմինը, Խոսքի հետ միավորված, դրվեց գերեզմանում: Սա՛ է «չի մնա» ասելը:
Նաև ըստ նախորդած նախադասության, որ ասաց. «Չեք տեսնի, մինչև ասեք. «Օրհնյալ է Տիրոջ անունով Եկածը» (հմմտ. Մատթ. 23:39), հասկացիր նաև այս մեկը, այսինքն` որ «Հիսուսը Տաճարից դուրս եկավ ու գնում էր»-ը երկրորդ գալստյան ժամանակն է նշանակում, երբ [Տերը] երկնքի տաճարից դուրս կելնի ու կգա դատաստանի: Իսկ Խոսքի քարոզիչները նախքան Նրա դուրս գալը ցույց են տալիս վերին տաճարի շինվածքը` հավատացյալների բազմությունը` ըստ այսմ. «Ահա ես և իմ մանուկները, որոնց տվեց ինձ Աստված» (Ես. 8:18): Նրանց պատասխանում է, որ քանի որ վերին [տաճարն] է կառուցվել, «քարի վրա քար չի մնա այդտեղ»` այդ նյութականի մեջ, «որ չքանդվի»: Տարրերի քակտման եղանակն է ցույց տալիս, որոնք ծայրերի ուժով` ասես կապով, զոդված են միմյանց, ահա դրանք բաժանվելու են միմյանցից` ըստ այսմ. «Բոլորը ձորձի պես մաշվելու են և փոխվելու» (հմմտ. Սաղմ. 101:27):
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ նա պատասխանեց ու նրանց ասաց. «Տեսնո՞ւմ էք այդ ամէնը. ճշմարիտ եմ ասում ձեզ, այդտեղ չպիտի մնայ քար քարի վրայ, որ չքանդուի»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 24:1

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: