Հովհաննես Ծործորեցի
«Արդ, երբ որ մարդու Որդին գայ իր փառքով եւ բոլոր հրեշտակները՝ իր հետ, այն ժամանակ նա պիտի նստի իր փառքի գահի վրայ,
Եվ երբ մարդու Որդին գա Իր փառքով, և բոլոր հրեշտակները` Նրա հետ:
Որովհետև այժմ եկավ նախատինքով ու անարգանքով, իսկ այն ժամանակ [կգա] սեփական փառքով, որն ուներ նախքան այս աշխարհի գոյությունը 1413: «Եվ բոլոր հրեշտակները` Նրա հետ». [Տերն այս խոսքով] երկինքը թափուր մնացած է ցույց տալիս, որով երևում է Նրա գալստյան ահեղությունը: Միևնույն ժամանակ [հրեշտակները] կվկայեն, թե որքան ծառայություններ մատուցեցին ներքում գտնվողներիս, երբ Տիրոջից ուղարկվում էին մարդկանց փրկելու համար, [կվկայեն] նաև նրանց գործերի մասին, որոնց քաջատեղյակ են` նրանց հետ եղած լինելու պատճառով: Եվ [կգան] ոչ թե [Տիրոջից] առաջ, այլ «Նրա հե՛տ», այսինքն` որպես սպասավոր:
Այդժամ կնստի Իր փառքի աթոռին:
[Տերը] հաճախ է հիշեցնում Իր փառքի մասին ո՛չ աննպատակ, այլ որովհետև մոտ էր խաչելության դեպքը, որը նախատինք էին կարծում: Իսկ «աթոռ»-ով հիշեցնում է ատյանը, այն, որ դատաստան է լինելու. քանի որ նախ փառքի ու տանջանքների մասին շատ անգամ խոսեց, տարակուսում էին, թե երբ է [դատաստանը] լինելու, ուստի ասում է, [որ կլինի], երբ Ինքը նստի փառքի աթոռին: Ոչ թե այժմ աթոռին չէ, այլ [այդպես է ասում], որովհետև [դեռևս] չի դատում, իսկ «այնժամ» է ասում դատելու պատճառով: Կամ էլ «աթոռ» է կոչում խաչը, որի վրա, ինչպես տեսավ Դանիելը 1414, բազմեց աստվածունակ փառքով պայծառացած` իբրև ճշմարիտ նշան ու լուսավոր զենք կրելով Իր հետ. Դավիթն էլ գրում է. «Նստեցիր աթոռին որպես արդար դատավոր» (Սաղմ. 9:5):
Մաղաքիա արք. Օրմանյան
31-46. «Արդ, երբ որ մարդու Որդին գայ իր փառքով եւ բոլոր հրեշտակները՝ իր հետ, այն ժամանակ նա պիտի նստի իր փառքի գահի վրայ, ու նրա առաջ պիտի հաւաքուեն բոլոր ազգերը, եւ նա նրանց միմեանցից պիտի զատի, ինչպէս մի հովիւ, որ զատում է ոչխարները այծերից: Եւ ոչխարները իր աջին պիտի կանգնեցնի, իսկ այծերը՝ ձախին: Այն ժամանակ թագաւորը պիտի ասի նրանց, որ իր աջին են. «Եկէ՛ք, իմ Հօր օրհնեալնե՛ր, ժառանգեցէ՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստուած արքայութիւնը. որովհետեւ քաղցած էի, եւ ինձ ուտելիք տուիք, ծարաւ էի, եւ ինձ ջուր տուիք՝ խմելու. օտար էի, եւ ինձ ձեր մէջ առաք, մերկ էի, եւ ինձ հագցրիք, հիւանդ էի, եւ ինձ տեսնելու եկաք, բանտում էի, եւ ինձ այցի եկաք »: Այն ժամանակ արդարները պիտի պատասխանեն նրան ու ասեն. «Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած ու կերակրեցինք, կամ՝ ծարաւ եւ ջուր տուեցինք. ե՞րբ տեսանք քեզ օտար եւ մեր մէջ առանք, կամ՝ մերկ եւ հագցրինք. ե՞րբ տեսանք քեզ հիւանդ կամ բանտի մէջ ու եկանք քեզ այցի»: Թագաւորը պիտի պատասխանի ու ասի նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մէկին արեցիք այդ՝ ի՛նձ համար արեցիք»: Այն ժամանակ նա պիտի ասի նրանց, որ իր ձախին են. «Անիծեալնե՛ր, գնացէ՛ք ինձնից յաւիտենական կրակը, որ պատրաստուած է սատանայի եւ իր հրեշտակների համար. որովհետեւ քաղցած էի, եւ ինձ ուտելիք չտուիք, ծարաւ էի, եւ ինձ ջուր չտուիք, օտար էի, եւ ինձ ձեր մէջ չառաք, մերկ էի, եւ ինձ չհագցրիք, հիւանդ էի ու բանտի մէջ, եւ ինձ տեսնելու չեկաք»: Այն ժամանակ նրանք էլ պիտի պատասխանեն ու ասեն. «Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած, կամ ծարաւ, կամ օտար, կամ մերկ, կամ հիւանդ, կամ բանտի մէջ ու քեզ չծառայեցինք»: Այն ժամանակ պիտի պատասխանի նրանց ու ասի. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որովհետեւ այս փոքրերից մէկին ա՛յդ չարեցիք, ինձ համար էլ չարեցիք»: Եւ նրանք պիտի գնան դէպի յաւիտենական տանջանք, իսկ արդարները՝ յաւիտենական կեանք»:
Ձիթենյաց քարոզին մերձավոր նյութը Երուսաղեմի կատարածի մասին էր, իսկ հեռավոր նյութը՝ աշխարհի կատարածը։ Ըստ այսմ էլ Հիսուսի խոսքերը, որ նախկինում ամբողջությամբ կենտրոնացած էին Երուսաղեմի վրա, կամաց-կամաց սկսեցին ընդհանրանալ և աշխարհի կատարածին մոտենալ, այնպես որ քարոզի այդ վերջին հատվածը ամբողջությամբ ու հատկապես աշխարհի վերջի մասին է։ Այսպես են հասկացել և ընդունել աշխարհի բոլոր եկեղեցիները, որոնք այս հատվածում են գտնում աշխարհի կատարածին տեղի ունենալիք ընդհանրական դատաստանի լիուլի բացատրությունն ու կանխագուշակությունը։
Ոմանք ցանկացան այս հատվածն էլ նախորդի նման որպես պարզ առակ ներկայացնել, որտեղ տանուտերը իր ծառաների արդյունավորությունն է քննում ու դատում։ Սակայն որքան էլ քննության ու դատաստանի նմանություն տեսնվի, այդուհանդերձ նյութի և ձևի հիմնական տարբերությունը հայտնի է։
Ավետարանները ոչ միայն ամեն մի առակի սկզբում այդ անունը բացահայտ նշում են, այլև Հիսուսի բացատրության ոճը հստակ կերպով հայտնում է, թե ասածը առակ է, մինչդեռ այս առակի սկզբնավորությունը՝ հիմնավորապես տարբերվում է առակների սկզբնավորությունից․ «Եւ յորժամ եկեսցէ Որդի Մարդոյ փառօք իւրովք»։ Այստեղ՝ մարդ, տանուտեր, ազնվական, կին և այլ անունով չի նշվում անձը, այլ «Որդի Մարդոյ» անունով, որը Հիսուսի սեփական հատուկ կոչումն է և գործողությունն էլ որոշակիորեն հայտնված է որպես ստուգապես տեղի ունենալիք դեպք․ «Յորժամ եկեսցէ»։ Հետևաբար, այդ հատվածում առակ ենթադրելը կնշանակի բռնադատել վետարանի իմաստը։ Իսկ Հիսուսի կատարելիք գործողությունն էլ ատենական ու դատական է։
Մարդու Որդին պիտի գա, իսկ ժամանակը վերի խոսքերից է հայտնվում, թե աշխարհի վախճանն է։ Այդ գալուստը պիտի լինի հանդիսավոր և փառավոր, իսկ այդ փառքը նույն ինքը՝ Մարդու Որդու սեփական՝ «փառօք իւրովք» և ոչ թե լոկ՝ իր Հոր փառքով։ Պիտի բազմի փառավոր աթոռի վրա «յաթոռ փառաց իւրոց», նման թագավորական փառավորության, որովհետև քիչ հետո, խոսքը «Որդւոյ Մարդոյ» ակնարկելով, նա թագավոր է կոչվում՝ «Յոյնժամ ասասցէ թագաւորն»։ Այդ անվանումը դատելու իշխանությունը ցույց տալու համար է օգտագործվում, որովհետև հնում դատավորությունը քաղաքական տիրապետողին ենթակա իշխանություն էր և ոչ թե, ինչպես այսօր, հատուկ մարդկանց հանձնված մի պաշտոն։ Մարդու Որդու շուրջը պիտի սպասավորեն բոլոր հրեշտակները՝ «ամենայն հրեշտակք» և նրանց պաշտոնը պիտի լինի աշխարհի բոլոր մեռյալներին ձայն տալը, որ գան հավաքվեն գերագույն դատավորի առջև։
Դատվելու եկողները ներկայացված են «ամենայն ազգք» բառերով և անհրաժեշտություն չենք տեսնում այս բառերը իրենց բուն իմաստից այլ կերպով ընդունել, որ է աշխարհի բոլոր ազգերը՝ այսինքն, ամբողջ մարդկությունը։ Ոմանք ցանկացան հրեաների տասներկու ցեղերին վերագրել այդ, ուրիշները բոլոր ընտրյալներին կամ քրիստոնյաներին, մյուսները քրիստոնյաներին՝ իրենց հավատքով փրկված և դատաստանից ազատ համարված, փորձեցին նաև քրիստոնյա չեղողներին վերագրել այն։ Սակայն այս մեկնությունների քմահաճ լինելը ակնհայտ է և հաստատում է բուն իմաստի նախընտրելի լինելը։
Դատաստանի տեղի մասին էլ ասվում է, թե Հովսափատի ձորը պիտի լինի, և ըստ ավանդության այդ անունը տրվում է Կեդրոնի ձորին, որ Ձիթենյաց և Սիոն լեռնեի միջև է գտնվում։ Գիտենք նաև, թե Հիսուս այդ խոսքերը ասելու ժամանակ գտնվում էր Ձիթենյաց լեռան վրա՝ Սիոն լեռան կամ Երուսաղեմի տաճարի դիմաց, որով խոսքը և վայրը համեմատական են դառնում։ Մյուս կողմից այդ իմաստով են ասված նաև Հովել մարգարեի մարգարեական խոսքերը․ «Զարթիցեն եւ ելցեն ամենայն ազգք ի ձորեն Յովսաատու, զի անդ նստայց դատել զամենայն ազգս շուրջանակի» Հովել 3:12 ։ Այս դիտողությունները ավելանում ենք լոկ որպես տեղեկություն, որովհետև այն սոսկ բարեպաշտական ավանդություն է և չի հաստատվում ավետարանական հատվածով։
Հիսուս ասում է, թե երբ բոլոր մարդիկ կամ ազգերը գան հավաքվեն, Մարդու Որդի թագավոր-դատավորը մարդկանց երկու մասի պիտի բաժանի և բարիներին չարերից պիտի զատի, ինչպես հովիվն է իր հոտի միջից ոչխարներին զատում այծերից։ Այս օրինակում ոչխարները բարիներն են, իսկ այծերը՝ չարերը։ Սույն համեմատությունը հաստատված է այդ կենդանիների բնավորության համապատասխան։ Ոչխարները, որպես անմեղ կենդանիներ՝ հեզ և հնազանդ, հովվին անսացող և նրանից չհեռացոդ, նմանվում են արդարներին, իսկ այծերը նմանվում են մեղավորներին, որովհետև այս ու այն կողմ են վազում, վտանգավոր տեղեր գնում, հովվի շուրջը չեն մնում և անսաստ են։ Բայց մյուս կողմից գիտենք, թե այծերը ևս սուրբ կենդանիների թվում են, և ընդունվում էր նաև նրանց զոհը Ղևտ․ 3:12, որով հայտնի է դառնում, որ տարբերությունը սուրբ և անսուրբ լինելը չէ, այլ պարզապես շեշտվում է վերոհիշյալ կենդանիների բնավորությունը։
Թե դատավորը ինչպես պիտի զատի բարիներին չարերից՝ բացատրված չէ, այլ միայն ասվում է, որ «մեկնեսցէ զնոսա ի միմեանց», այսինքն՝ այստեղ պետք է ենթադրել ուրաքանչյուրի գործերի հայտնությունը, քննությունը, կշռադատությունը եւ որոշումը։ Որպեսզի դատաստանը արդարադատ լինի, պետք է արդարը կամ մեղավորը ինքը ևս գիտակցի իր վիճակը, ուրիշներն էլ տեսնեն և համոզվեն որոշման ուղղամտությանը, ճշմարտվեն դատաստանի կիրառության այմանները և ոչ թե կատարվեն կամայական ձևով՝ որքան էլ դատավորի սրտագիտությունը և գաղտնիքներին ծանոթ լինելը խնդրից դուրս համարվի։
Հետզհետե, երբ յուրաքանչյուրի գործերը հայտնվեն, բարիները կամ ոչխարները դատավորի աջ, իսկ չարերը կամ այծերը ձախ կողմում պիտի խմբվեն, մինչև որ դատվողների գործը ավարտվի, և հասնի վճիռներ արձակելու ժամանակը, որ Ավետարանի նկարագրածի համաձայն մեկ անգամից պիտի արտասանվի՝ միաժամանակ բոլորի համար։ Մեզ համար սովորական ձևով, նախ բացատրվում են վճռի փաստերը կամ հիմնավորումները, և նրանցից, որպես եզրակացություն, քաղվում է վճիռը։ Հիսուսի տված բացատրության մեջ նախ արտասանված է վճիռը, և հետո նշված են նրա հիմնավորումները, որպես փաստ հռչակված որոշման։ Առաջին վճռով հռչակվում է բարիների վարձքը, իսկ երկրորդով՝ չարերի պատիժը։
Մարդու Որդի թագավոր-դատավորը՝ նախ դառնալով աջ կողմը, ուրախ ու գոհունակ ձայնով պիտի ասի արդարներին․ «Իմ Երկնավոր Հորից օրհնված զավակներ, եկե՛ք ինձ հետ վայելելու և ժառանգելու Երկնքի Արքայությունը, որը աշխարհի սկզբից պատրաստվեց ձեզ նման արդարների և բարեգործների համար։ Դուք արժանի եք այդ վայելքներին և ես երախտագետ սրտով հրավիրում եմ ձեզ դեպի այդ երջանկությունը, որովհետև դուք ևս բարի գտնվեցիք իմ հանդեպ։ Երբ քաղցեցի՝ ինձ հաց տվեցիք, երբ ծարավեցի՝ ինձ ջուր տվեցիք, երբ օտար, պանդուխտ էի՝ ինձ հյուրընկալեցիք և պատսպարեցիք, երբ մերկ էի՝ ինձ հագցրեցիք, երբ հիվանդ էի՝ փութացիք ինձ խնամել, երբ բանտարկված էի՝ ինձ մխիթարելու համար այցելության եկաք»։ Այդ խոսքերը արդարներին տարօրինակ պիտի հնչեն, որովհետև որքան էլ նրանք գիտակցեն իրենց կատարած բարեգործությունները, այդուհանդերձ դրանք կատարվել են իրենց ընկերների և ոչ թե նույնինքն դատավորի նկատմամբ։ Ուստի, զարմացած ու հիացած դառնալով Երկնային Դատավորին, պիտի ասեն․ «Տե՜ր, խոսքերդ ամբողջությամբ նորություն են և անհասկանալի մեզ համար։ Եթե երբևէ ողորմության և սիրո գործեր կատարեցինք, չենք հասկանում, թե ինչպես է, որ քո հանդեպ ենք արել, որովհետև քեզ երբեք քաղցած չտեսանք, որ կերակրեինք, ծարավ չտեսանք, որ ջուր տայինք, պանդուխտ չտեսանք, որ պատսպարեինք, մերկ չտեսանք, որ հագցնեինք, հիվանդ չտեսանք, որ խնամեինք, բանտարկված չտեսանք, որ այցելեինք և վերջապես չենք հիշում, որ երբևէ քեզ օգնած լինենք»։ «Մի՛ զարմացեք,- պիտի պատասխանի դատավորը,- վերացական և երևակայական բաներ չեմ ասում ձեզ։ Ինչ որ ձեր ընկերներին կամ իմ փոքրիկ եղբայրներից մեկի հանդեպ արեցիք, իմ անունով և ինձ համար արեցիք, իմ պատվիրաններին հնազանդվելով գործեցիք, որով ձեր բուն նպատակը ես եմ լինում, և նրանց համար արածը, ինձ արած եղաք։ Ես, նրանց հանդեպ գործածը, ինձ արածի նման եմ ընդունում և որպես ուղղակի ինձ պատկանող բարեգործություն ցանկանում եմ փոխադարձ վարձատրություն շնորհել»։ Այդ պատասխանը, որ արդարների մտքերը լուսավորելով աստվածային արդարության և սիրո գաղտնիքները պիտի ցույց տա նրանց, մեզ ևս երկու ճշմարտություններ է սովորեցնում աստվածային դատաստանի նկատմամբ։ Առաջինը, թե փրկության հասնելու համար բարեգործություն է անհրաժեշտ, և մարդ լոկ հավատքով չի արժանանա փրկության, եթե բարի գործեր չի կատարել, և այս բարի գործերում էլ էականները սիրո և ողորմության գործերն են։ Իսկ երկրորդը՝ թե ով հանուն Հիսուսի ու ի հարգանս Ավետարանի և ոչ թե այլ օտարոտի նպատակով բարություն է անում ընկերներից՝ այսինքն, մարդկանցից որևէ մեկին, նրա հանդեպ կատարածը Հիսուս ընդունում է որպես իր հանդեպ արված։
Այդ երկու կետերը, որ գործած լինելու տեսանկյունից արդարների արժանիքներն են, գործած չլինելու պարագային էլ մեղավորների հանցանքներն են։ Եվ դատավորը աջակողմյանների վարձքի որոշումը արտահայտելուց հետո դառնում է ձախակողմյաններին և հռչակում նրանց դատապարտության վճիռը․ «Ո՛վ դուք, Իմ Երկնավոր Հորից անիծվածներ, ինձնից հեռու գնացեք, ինձ հետ չեք կարող բաժին ունենալ, այլ ձեր բաժինը հավիտենական կորստյան հուրն է, որ պատրաստվեց Սադայելի և նրան հետևող չար հրեշտակների համար։ Որովհետև դուք ինձ չկերակրեցիք՝ երբ քաղցած էի, ջուր չտվեցիք՝ երբ ծարավ էի, չպատսպարեցիք՝ երբ պանդուխտ էի, չհագցրեցիք՝ երբ մերկ էի, չդարմանեցիք՝ երբ հիվանդ էի, չայցելեցիք՝ երբ բանտարկված էի»։
Մեղավորները իրենց պաշտպանության համար ցանկանում են օգտվել դատավորի խոսքերից, հայտնելով, թե երբեք իրենք նրան այդ նեղությունների մեջ չեն տեսել։ Իսկ դատավորը նրանց պատճառաբանությունները հերքում է՝ հասկացնելով, որ ոչ թե իր, այլ իրենց ընկերների հանդեպ ունեցած պարտքի մասին է խոսում, ինչը որ նրանք չեն կատարել, այլ անկարեկից սրտով և անձնասեր զգացումով անարգել են քաղցածներին ու ծարավներին, պանդուխտներին ու մերկերին, հիվանդներին ու բանտարկյալներին՝ իրենց ունեցածը սեփական հաճույքներին ու կրքերին ծառայեցնելով և ընկերոջ կարիքը անտեսելով․ «Իմ փոքրիկ եղբայրների հանդեպ չարեցիք, ուրեմն նաև ինձ չարեցիք»։ Այս է դատավորի վճռի վերջնական կնիքը։
Այս որոշումով էլ ատյանը պիտի փակվի, և, դատավորը իր հետ վերցնելով արդարներին, պիտի տանի իր արքայությունը՝ նրանց արժանացնելով Աստուծո երանավետ տեսությանը՝ հավիտենապես երջանիկ ու երանելի կյանք պարգևելով։ Իսկ մեղավորները սատանաների առաջնորդությամբ պիտի գնան դժոխք, որտեղ պիտի ենթարկվեն հավիտենական տանջանքների՝ իրենց սրտերը կրծող ներքին որդին և իրենց մարմինը տանջող անմար հրին պիտի մատնվեն։
Մեր նպատակից դուրս է երանավետ տեսության և հավիտենական տանջանքների էության մասին խոսել, որոնց նկատմամբ Սուրբ Գիրքը կատարյալ և մանրամասն բացատրություններ չունի, իսկ աստվածաբանները զանազան տեսություններ և կարծիքներ են հայտնում։ Մեզ բավական է նրա իսկության տեղեկությունը, և ապագայի գաղտնիքների մեկնությամբ չենք հոգնի։ Միայն հիշենք, որ այդ հատվածը պարունակում է աշխարհի վերջի, մեռելների հարության և վերջին դատաստանի վարդապետությունը։ Իսկ դատաստանի մասին այն եղանակով է խոսվում, որ դրանից առաջ մեկ այլ դատաստան ենթադրելու տեղիք չի տրվում և բացարձակապես հերքվում է միջին դարերում Լատին Եկեղեցու կազմած վարդապետությունը, թե մահից անմիջապես հետո մեռելները դատվում են և երանավետ արքայության կամ դժոխքի տանջանքների մեջ են մտնում, կամ էլ մաքրանոցում ժամանակավոր պատժից հետո անցնում են արքայություն։ Այդ դեպքում Հիսուսի պատմած դատաստանը այլևս դատաստան չէր լինի, այլ լոկ մի տեսարան, և կարիք չէր լինի ոչխարները այծերից զատելու գործողությունը կատարել, որովհետև նրանք արդեն իսկ զատված կլինեին։ Մինչդեռ Ավետարանը բացահայտորեն ասում է, թե այդ գործը աշխարհի վախճանին պիտի կատարվի, երբ Երկնային Դատավորը «մեկնեսցէ զնոսա ի միմեանց»։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: