Հովհաննես Ծործորեցի
Եւ նրանք պիտի գնան դէպի յաւիտենական տանջանք, իսկ արդարները՝ յաւիտենական կեանք»:
Եվ կգնան նրանք դեպի հավիտենական տանջանքներ, իսկ արդարները` դեպի հավիտենական կյանք»:
Նրա հրամանը դեպի կրակն է քշում, ինչպես քամին փոշին է բարձրացնում: Իսկ արդարների մասին չասվեց` «կգնան», որովհետև հենց Նրա մոտ են հավիտենական կյանքը ժառանգելու: «Կգնան,- ասում է,- նրանք դեպի հավիտենական տանջանքներ»: Եթե ովքեր իրենց ունեցվածքից ուրիշներին օգուտ չտվեցին, մատնվեցին մշտնջենավոր տանջանքի, ապա ովքեր ուրիշներինն են ագահությամբ ու զրկողությամբ հափշտակում, ի՞նչ տանջանքի կարժանանան: Բայց թող այստեղ ամաչե՛ն նրանք, ովքեր տանջանքները ժամանակավոր են համարում. որովհետև եթե դրանք սահման ունեն, ապա կյանքն էլ է սահմանավոր: Նաև [ասում են, թե] այս աշխարհից հետո հրեաները կրկին [տիրելու են], և վերանորոգություն է [տեղի ունենալու], և սա` շարունակ, բայց քա՛վ լիցի, որ մենք հեթանոսական առասպելների հավատանք, որոնք ասում են, թե աշխարհը շատ անգամ շրջապտույտի է ենթարկվելու և նորից արարչագործություն է լինելու:
Իսկ եթե մեկը հակաճառի տերունական այս խոսքով թե` «Ով գիտի Տիրոջ կամքը և ծեծի արժանի բան է գործում, շատ ծեծ կուտի, իսկ մյուսը` սակավ» (հմմտ. Ղուկ. 12:47-48), ապա դա ոչ թե տանջանքների վախճանն է ցույց տալիս, այլ ավելի ու պակաս լինելը: Որովհետև ինչպես որ փառքն է զանազան` ըստ առաքյալի. «Այլ փառք ունի արեգակը, այլ` լուսինը, և այլ` աստղերը» (Ա Կոր. 15:41), Փրկիչն էլ ասում է. «Իմ Հոր տանը շատ օթևաններ կան» (Հովհ. 14:2), այդպես էլ ոմանք անշեջ կրակով են տանջվելու, ոմանք` արտաքին խավարով, ուրիշներ էլ` թեպետ նույն տանջանքներով, սակայն մի փոքր ավելի մեղմաբար, աչքի կամ ատամի մարմնական ցավի օրինակով, որովհետև թեպետ ցավը մեկն է, սակայն ավելի և նվազ, ինչպես գիտի Աստծո արդար դատաստանի անճառելի ընտրությունը, և դա` մշտնջենապես և հավիտենաբար, ինչպես ասաց [Տերը]:
Եթե դարձյալ մեկը հակաճառի` [հարցնելով]. «Եթե մեղքը վախճանական է, տանջանքն ինչո՞ւ է հավիտենական», կպատասխանենք. նախ` ըստ այդ օրինակի` նաև արդարությունն է վախճանական, որովհետև երբ մարդը մեռնում է, գործը ևս դադարում է, ուրեմն փառքն էլ պիտի չլինի անվախճան: Եվ երկրորդ` կպատասխանենք երեք կերպ` նախ` [Սուրբ] Գրքի միջոցով, ապա` տրամաբանության, և երրորդը` բնական իրողությունների: [Սուրբ] Գրքի միջոցով. Եսային ասում է. «Նրա որդը չի մեռնի, և կրակը չի մարի» (հմմտ. Ես. 66:24). Դավիթն էլ [ասում է]. «Կգնան իրենց հայրերի մոտ և հավիտյան լույս չեն տեսնի» (հմմտ. Սաղմ. 48:20), և Հովհաննեսը` «Նրա ծուխը բարձրանում էր հավիտյանս հավիտենից» (հմմտ. Հայտ. 19:3): Իսկ տրամաբանությամբ` եթե Աստված հավիտենական է, և մեղքն Աստծո հանդեպ է [գործվում], ապա մեղքն էլ է հավիտենական: Նաև` երբ մեկը մեղքից չի հրաժարվում մինչև մահ, ինչոր ձևով մեղքն էլ է նրա մահից հետո անմահ մնում` ըստ առաքյալի. «Մահը թագավորեց Ադամից...» (Հռոմ. 5:14), և թեպետ [մեղավորները] «պակասում են»` ըստ Դավթի 1428, սակայն ո՛չ մեղքը, այլ «մեղավորները»: Այլև եթե Աստծո դատաստանն արդար է, ապա նաև հավիտենական է. եթե մարմնավոր դատավորները, երբ արդարությամբ են դատում` տանջելով մեկին կամ պարգևատրելով, արդարության պատճառով [նրանց վճիռը] հավիտենական ու անվախճան է, ապա որքա՛ն ավելի [հավիտենական ու անվախճան կլինի] Աստծունը: Իսկ բնական իրողությունների միջոցով կհայտնեմ` օրինակներ բերելով: Ունեցվածքը վաճառելը ժամանակավոր է, իսկ ով ստացավ դրանք, հավի տենաբար ստացավ: Նաև` վերքի հարվածը ժամանակավոր է, իսկ սպին` հավիտենական: Մի ուրիշը. վիհի մեջ ընկնելը որոշակի ժամանակում է լինում, իսկ այնտեղ մնալը հավիտենաբար է: Եվս մեկը. աչքերը փորելը մեկ պահի է կատարվում, իսկ կուրությունը հավիտենական է: Դարձյալ մեկը. թույն խմելը պահի մեջ է կատարվում, բայց հավիտենական մահ է պատճառում: Այս պատճառներով էլ Տերն ասում է. «Կգնան նրանք դեպի հավիտենական տանջանքներ, իսկ արդարները` դեպի հավիտենական կյանք»:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ նրանք պիտի գնան դէպի յաւիտենական տանջանք, իսկ արդարները՝ յաւիտենական կեանք»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 25:31

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: