Հովհաննես Ծործորեցի
Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս Աւետարանը քարոզուի, պիտի պատմուի դրա յիշատակին, նաեւ ինչ որ դա արեց»:
Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ուր և քարոզվի այս ավետարանն ամբողջ աշխարհում, կխոսվի նաև [այդ կնոջ] արածի մասին` ի հիշատակ նրա»:
Կնոջը չամաչեցրեց այդ արարքի համար, որպեսզի չհուսահատվեր նա, այլ ասաց, որ նրանից հավատքով Իր օծվելը յուղով` մարգարեություն է: Չսաստեց նաև աշակերտներին, որովհետև նրանք չարակնության պատճառով չէ, որ դժգոհեցին, այլ ողորմության պատճառով: Իսկ որ Հովհաննեսն ասում է, թե Հուդան էր, որ ասաց. [«Ինչի համար է յուղի այդ վատնումը», բացատրությունը հետևյալն է]: Կամ, ինչպես [ոմանք] ասացին, այլ [դեպք] է այն, կամ էլ` երբ աշակերտները բարկացան և լսեցին Տիրոջ հրամանը, հնազանդվեցին և նաև գովեցին [կնոջը], իսկ [Հուդան] չդադարեց քրթմնջելուց, քանի որ գող էր, ինչպես ասաց [Հովհաննես ավետարանիչը] 1448: Իսկ եթե մեկն ասի. «Հապա ինչո՞ւ [Տերը] չսաստեց Հուդային», կպատասխանենք, որ դեռ ժամանակը չէր, որովհետև մոտ էր խաչելությունը, և քանի որ [Հուդան] պատրաստվում էր մատնիչ դառնալ, [Տերը չսաստեց նրան], որպեսզի ոչ ոք չասեր, թե նրա մատնության պատճառն այդ սաստը եղավ:
«Ուր և քարոզվի այս ավետարանն ամբողջ աշխարհում»:
Նախ` սա աշակերտների մխիթարության համար է. քանի որ յուղի միջոցով [Տերն] Իր մահը հավաստի դարձրեց, այժմ էլ ասում է, թե խաչելությունից հետո Նրա զորությունն այնպես է սփռվելու, որ ավետարանի քարոզությունը տարածվելու է ամբողջ երկրով և հասնելու է հեթանոսներին: Երկրորդ` սա ասաց կնոջը գովելու և նրա հիշատակի արձանագրության համար, որն իսկապես եղավ, և ոչ ոք չի կարող ուրանալ ճշմարտությունը: Որովհետև ամենուրեք, ուր էլ գնաս աշխարհում, կտեսնես, որ պատմվում է այդ կնոջ մասին: Թեպետ երևելի անձ չէր, բազմաթիվ վկաներ էլ չուներ, ոչ էլ թատրոնում կամ հրապարակում սա պատահեց, այլ մի բորոտի տանը, սակայն ի վկայություն` հնչեց ասողի զորությունն ամբողջ աշխարհով: Լռեց հիշատակը շատ թագավորների ու քաջերի, ովքեր բազմաթիվ զորավոր գործեր կատարեցին, պարսպավոր քաղաքներ ու անառիկ դղյակներ կառուցեցին, շատ ազգերի ծառայության ենթարկեցին, բայց մի կնոջ գործ այսքան ժամանակ առանց եղծման հիշատակվում է պարսիկների, հնդիկների, թրակացիների և այլ ազգերի մեջ ու կղզիներում, ինչից հասկանում ենք [Տիրոջ] մարդասիրությունը:
«[Կխոսվի այդ կնոջ] արածի մասին` ի հիշատակ նրա»:
Կամ` որ օծեց յուղով, ինչպես ասվեց, կամ էլ կպատմվի [Տիրոջ] մահվան իրողությունը, որն [այդ կինը] խորհրդանշաբար արեց և որը միշտ կհիշվի ազգերի մեջ` ըստ այսմ. «Սա արե՛ք Իմ հիշատակի համար» (Ղուկ. 22։19): Պողոսն էլ գրում է. «Քանի անգամ որ ուտեք այս հացը, Տիրոջ մա՛հը պատմեք» (հմմտ. Ա Կոր. 11։26), ինչպես և այն իրոք հիշատակվում է: Իսկ եթե մեկն ասի, թե ինչո՛ւ որևէ հոգևոր բան չասաց կնոջը, այլ միշտ պատմել [այս դեպքը] նրա հիշատակին, կպատասխանենք, որ [կինը] դրանով նաև խիզախություն ցուցաբերեց, և եթե այդ գործը բարի է, պարզ է, որ նաև վարձատրության արժանի:
Մաղաքիա արք. Օրմանյան
Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս Աւետարանը քարոզուի, պիտի պատմուի դրա յիշատակին, նաեւ ինչ որ դա արեց»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 26:8
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: