Հովհաննես Ծործորեցի
Նա եկաւ աշակերտների մօտ եւ նրանց քնի մէջ գտաւ ու Պետրոսին ասաց. «Այդպէ՜ս, չկարողացա՞ք մէկ ժամ արթուն մնալ ինձ հետ:
Գալիս է աշակերտների մոտ, նրանց քնած գտնում և ասում Պետրոսին. «Այդպես չկարողացա՞ք մի ժամ արթուն մնալ Ինձ հետ:
Ավելի շուտ ասել ենք, որ երբեմն քուն է առաջանում նաև Տրտմությունից 1516, ինչպես որ սրանք էլ, տրտմությամբ պաշարված, ննջում էին` ըստ Ղուկասի 1517, և Տերը եկավ նրանց մոտ` արթնացնելու [և սովորեցնելու], որ տրտմությունը ոչ թե քնով է փարատվում, այլ աղոթքով: Եվ Պետրոսին է խոսքն ուղղում ո՛չ աննպատակ. կամ իբրև գլխավորի հետ է խոսում մեղադրելով և նրա միջոցով` մյուսների հետ, ինչպես և ոմն իմաստուն, տեսնելով անհնազանդ մանկանը, մանկան դաստիարակին մտրակով ծեծեց, կամ էլ, թեպետ ամենքն էլ ննջում էին, սակայն [Պետրոսին] առավել է կսկծեցնում` ասելու համար. «Այդպե՞ս ես կյանքդ Ինձ համար տալիս, որ մի ժամ իսկ չկարողացար հսկել Ինձ հետ»:
Մաղաքիա արք. Օրմանյան
40-44․ Նա եկաւ աշակերտների մօտ եւ նրանց քնի մէջ գտաւ ու Պետրոսին ասաց. «Այդպէ՜ս, չկարողացա՞ք մէկ ժամ արթուն մնալ ինձ հետ: Արթո՛ւն մնացէք եւ աղօ՛թք արէք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք. հոգիս յօժար է, բայց մարմինս՝ տկար»: Դարձեալ, երկրորդ անգամ, Յիսուս գնաց աղօթքի կանգնեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթէ կարելի չէ, որ այս բաժակը ինձնից հեռու անցնի, ապա այն կը խմեմ. քո կա՛մքը թող լինի»: Եւ գալով՝ դարձեալ նրանց քնի մէջ գտաւ, որովհետեւ նրանց աչքերը ծանրացել էին: Թողեց նրանց ու երրորդ անգամ գնաց աղօթքի կանգնեց. եւ դարձեալ նոյն խօսքն ասաց:
Հիսուս, գնալով Իր երեք սիրելիների մոտ, հույս ուներ նրանցից քաջալերանքի խոսք լսել կամ գոնե արթուն հսկողությունից` օգնության հույս ստանալ: Բայց բոլորովին հուսախաբ է լինում, երբ տեսնում է, որ երեքն էլ, միմյանց կողքի պառկած, անուշ քնած են, ցույց տալով կատարյալ անտարբերություն: Դրանով, ասես, ապացուցում են իրենց կատարյալ անտարբերությունը: Չենք կամենում ասել, թե Հիսուսի խոսքերին բնավ կարևորություն չտալով` Նրա հեռանալուց անմիջապես հետո պառկեցին, այլ, անշուշտ, մի պահ իրար հետ խոսեցին, եղածի ու լինելիքի վերաբերյալ մտքեր փոխանակեցին, իրենց սպառնացող վտանգը ևս հիշեցին, անգամ` աղոթեցին: Բայց օրվա գործերի հոգնությունը, ընթրիքի բաժակների թմրությունը և հուզմունքից առաջացած շփոթությունն իրենց ազդեցությունն ունեցան, նրանք կամաց-կամաց թուլացան, թմրեցին և սկսեցին քնել: Այս ամենը մի քանի վայրկյանում կատարվելու գործեր չէին: Հիսուսի տխրագին վիճակը, հուզումնալից աղոթքը կես ժամից ավելի, գուցե և մեկ ժամ տևած լիներ:
Հիսուս չի կարողանում թաքցնել իր զարմանքն ու տարակուսանքը, երբ յուրայիններին այսպիսի անտարբեր վիճակում է գտնում: Չէ՞ որ նրանց համար այնքան հուզիչ արտահայտություններ էր մեկնել, սրտաշարժ հորդորներ և կարևոր հանձնռություններ տվել: Ու՞ր էին մնացել հավատարմության, սիրո և անձնվիրության խրախուսելի խոսքերը: Նա բարձր ձայնով արթնացնում է, սթափեցնում քնած առաքյալներին, և երեքին հավասարապես դիմելով` ասում է. «Սա՞ է ձեր սիրո և անձնվիրության նշանը, այդպե՞ս պիտի կատարեիք ձեր խոստումները. մեկ ժամ իսկ չկարողացաք ինձ հետ արթուն մնալ, հապա ինչպե՞ս պիտի կարողանաք տոկալ ավելի մեծ ժվարություններին, որ ինձ հետ միասին նաև ձեզ է պատահելու: Իրոք ես այդ փորձանքների կանխատեսության պատճառով վրդովված եմ, դա միայն մարմնի տկարության հետևանքն է, բայց հոգիս զորավոր է և ամեն տեսակի փորձանքներին հանձնառու. «Հօգիս յօժար է, բայց մարմինս տկար: Մարմնի տկարությունն էլ ես աղոթքով եմ աշխատում զորացնել: Դուք էլ աղոթեցեք, որ ձեր տկարությունը զորացնեք և վերահաս մահվան փորձանքների առջև չթուլանաք ու չվտանգվեք: Ահա ես նորից աղոթելու եմ գնում, գոնե այս անգամ դու՛ք էլ հսկեցեք և աղոթեցեք»:
Երեքի հետ այսպես խոսելուց հետո, շրջվում է Պետրոսի կողմը: «Սիմո՛ն, Սիմո՛ն, - ասում է, - դու՞ էլ ես քնում. Ինձ օգնելու համար մի ժամ էլ անքուն չե՞ս դիմանում. ու՞ր մնացին մինչև վերջ ինձ հետ ամեն նեղություն կրելու, բոլոր դժվարություններին դիմանալու, մինչև իսկ ինձ հետ մեռնելու պատրաստակամության պոռոտախոս խոստումներդ: Շատ շուտ մոռացար խոսքերդ, սակայն փորձանքները պիտի գան ստուգապես. այժմվանից աղոթիր, որ պատրաստ գտնվես և փորձանքների եկած ժամանակ չտկարանաս և առաջին վտանգը տեսնելով, ինչպես սկզբում ասացի, չշտապես ինձ ուրանալ, մինչև իսկ չհայտարարես, թե ինձ չգիտես ու չես ճանաչում: Վե՛ր կացեք, ուրեմն, դու էլ, ընկերներդ էլ, վե՛ր կացեք, աղոթքի նստեցե՛ք»:
Առաքյալների տկարացած վիճակը Հիսուսին կրկին վարանում է: Տեսնում է, որ մարդիկ մի կողմից Իր կորուստն են պատրաստում, իսկ մյուս կողմից Իր ամենամոտիկները գտնվում են կատարյալ անհոգության մեջ: Ուստի, դարձյալ երկնային օգնությունից բացի, ուրիշ ապավեն չի ստանում և որոշում է կրկին վերադառնալ Իր աղոթքին, գալիս է առաջին անգամվա աղոթքի տեղը, երեքից մի քարընկեց հեռու: Աղոթքը միշտ նույնն է. «Զնոյն բանս ասաց», որովհետև այլ խնդիր չուներ, բացի մարդկային փրկագործության պահանջից և Իր դառնակսկիծ մահվան հանձնառությունից: Առաջինը ցանկանում է, երկրորդից` սարսում. առաջինը զանց անել չի կամենում, երկրորդը հանձն առնելը ծանր է թվում. նորից նույն հուզումը, նուն ներքին ալեկոծությունը: Արդյոք հնարավոր չէ՞, որ Երկնավոր Հայրը երկուսի միջին ելքը գտնի` չխափանի փրկագործությունը և խնայի Իր չարաչար մահը: Նորից այս ալեծուփ մտքերն են, որ Հիսուսի մարմնավոր չարչարանքներից առաջ ծանրացնում են Նրա հոգեկան չարչարանքները: Սակայն դրանց մեջ լուծում չկարողանալով գտնել, միակ ելքը տեսնում է աստվածային կամքին հանձնվելու ու դրա հետ համակերպվելու մեջ և կրկնում է Իր առաջին հայտարարությունը. «Հայր իմ, եթե մի հնար կա, որ այս դառը մահվան լեղի բաժակն ինձ խնայես ու չստիպես ցմրուր քամել, լավ, ապա թե ոչ, պատրաստ եմ այն քամել առանց ընդդիմության, թող քո կամքը կատարվի, թող օրհնյալ լինի քո կամքը»:
Միևնույն զգացումներն են փոփոխակի կրկնվում` հուզում, վարանում, ամփոփում, համակերպություն, որոշում: Դարձյալ առաջին անգամվա նման, երկնքի հանդեպ հանձնառությունից հետո, երկրից օժանդակություն է փնտրում: Այս զգացումով նորից է ոտքի կանգնում, ետ գալիս, մոտենում առաքյալներին և նորից, երեք աղոթակից օգնականների փոխարեն, գտնում է երեք քնածների:
Երևում է, որ առաքյալներն այս անգամ էլ չէին ազդվել Հիսուսի խոսքերից, և հազիվ էր Հիսուս հեռացել, նրանք նորից շարունակել էին իրենց քունը: Ավետարանիչները, արդարացման ձև գտնելու միտումով, նշում են. «Քանզի էին աչք նոցա ծանրացեալ». այնքան էին քնել ուզում, որ անգամ աչքերը բանալու կարողություն չունեին: Թե այս անգամ Հիսուս ինչ ասաց առաքյալներին, ավետարանիչները չեն նշում: Թերևս Հիսուս, նրանց բացահայտ անհոգությունն ու անտարբերությունը տեսնելով, նույնիսկ կամեցած չլինի դիտողություն անել, այլ ետ դառնալով, երրորդ անգամ շարունակած լինի Իր աղոթքը: Սակայն Մարկոսը հիշատակում է, թե երեքը սաստիկ շփոթվեցին , ասելիքները չիմացան, արդարացման խոսք չէին գտնում: Այսինքն, Հիսուս դիտողության ու մեղադրանքի խոսքերը կրկնել էր, որոնք դժվար թե տարբերվեին առաջին ասվածից:
Աղոթելու և հսկելու, աղոթքով Իրեն օգնելու և իրենց էլ զորացնելու հորդորը նորից կրկնելուց հետո, Հիսուս երրորդ անգամ, ինչպես բացահայտորեն գրում է Մատթեոսը, վերադառնում է Իր աղոթքին ու երրորդ անգամ էլ կրում տխրության հուզումները, անցկացնում անորոշ վարանման ալեբախումների և երկնային կամքին համակերպվելու որոշումն արաձակում. «Կաց յաղթօղս երրորդ անգամ, եւ զնոյն բան ասաց»:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: