Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 26:41

Հովհաննես Ծործորեցի

Արթո՛ւն մնացէք եւ աղօ՛թք արէք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք. հոգիս  յօժար է, բայց մարմինս՝ տկար»:
   

    Արթո՛ւն մնացեք և աղո՛թք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք:

    Տեսնո՞ւմ ես` ինչպես է խրատում նրանց չհանդգնել, այլ միտքը սթափեցնել, խոնարհեցնել և ամեն ինչ Աստծուն հանձնել: Ուստի մերթ Պետրոսին է խոսքն ուղղում, մերթ ամենքին, որպեսզի նրանց հանդգնությունը կարճի և երկյուղած դարձնի նրանց, որովհետև մյուսներն էլ էին նույնն ասում և Նրա հետ մեռնել խոստանում, բայց անգամ արթնությամբ տրտմակից լինել չկարողացան: «Արթո՛ւն մնացեք»,- ասում է: Եվ քանի որ միայն արթուն լինելը բավական չէ փրկության համար, նաև պետք է Աստծուն աղոթքով ստեպ կանչել օգնության, որպեսզի կամ փորձության չտանի, կամ էլ փորձության հետ նաև ելքը պատրաստի 1518, որովհետև շատերն են, անզգուշաբար ապրելով, մատնվում դևերի փորձություններին, ինչպես նաև չար մարդկանց, կամ էլ վտանգվում այլ ախտերից:

    Հոգիս հոժար է, բայց մարմինս` տկար»:

    Սրանով ճշմարտապես խոստովանում ենք, որ Քրիստոսն անեղանելի և եղական 1519 բնություններից է, բայց չենք համարձակվում միավորությունից հետո դրանք բաժանել, որպեսզի երկու որդիների և դեմքերի կասկած չառաջացնենք, թեպետև էություններն առանձնահատուկ ու անշփոթ ենք պահում, որպեսզի էությունները չխառնվեն և միությունը չբաժանվի: Ինչպես և ասում է. «Հոգիս հոժար է», այսինքն` [հոժար է] «մարմնից ելնել և Հոր մոտ մտնել»` ըստ առաքյալի (հմմտ. Բ Կոր. 5։8), և` «Համաձայն եմ Աստծո օրենքին ըստ ներքին մարդու» (Հռոմ. 7։22), իսկ «մարմինս` տկար», որովհետև մարմնավոր խորհուրդները դեպի վայր են հակում այն, և ոչ ոք չի կարող արհամարհել այն, թեկուզ կամենա, մինչև Աստված օգնության չհասնի: Երբ մենք ևս վախենում ենք, ոչ թե հոգին է վախենում, այլ տկար մարմինը: Ուստի ինչպե՞ս կարող էր [Աստվածությունը] վախենալ մահվանից. Նա մահվան երկյուղը տկար մարմնի միջոցով էր կամենում հայտնել: Ուրիշներ էլ ասում են, թե «հոգի»-ն մարգարեներն են, ովքեր Թաբորի վրա երևալով` [Հիսուսին] հորդորում էին դեպի խաչի մահը, իսկ «մարմին»-ը առաքյալներն են, ովքեր տկարացան [Հիսուսի] մահվան ժամին, ինչպես մի ժամանակ` Պետրոսը, քանի որ «դեռ չկար Հոգին, քանզի Հիսուսը դեռ չէր փառավորվել» (Հովհ. 7։39): Որոշներ էլ ասում են, թե «հոգի»-ն Խոսքն է` ըստ այսմ. «Հոգի է Աստված» (Հովհ. 4։24), և «մարմին»-ը` մարդկությունը, որովհետև [Հիսուսն] աստվածությամբ հոժար էր մահ ճաշակելու, որն աշխարհի փրկությունն էր, իսկ մարդկությամբ հրաժարվում էր, որպեսզի Իր մարդ լինելը առերևույթ չթվար:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Արթո՛ւն մնացէք եւ աղօ՛թք արէք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք. հոգիս յօժար է, բայց մարմինս՝ տկար»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 26:40