Հովհաննես Ծործորեցի
Այն ժամանակ Յիսուս նրան ասաց. «Քո սուրը ետ դիր իր տեղը, որովհետեւ, ովքեր սուր են վերցնում, սրով կ՚ընկնեն:
Այդժամ Հիսուսն ասաց նրան. «Սուրդ տե՛ղը դիր, որովհետև բոլոր նրանք, որ սուր են վերցնում, սրով կընկնեն:
Մեծ սպառնալիքով է սաստում Պետրոսին, ով [սուրը] գործածեց, թեպետ տաքարյունությամբ վրեժ լուծեց ո՛չ իր համար, այլ Ուսուցչի: Բայց երբ սաստն ընդունեց, հնազանդվեց. այն մեկն արեց գթասրտությունից ու սիրուց, իսկ սա` հլու-հնազանդ լինելու պատճառով. երբ լսեց. «Սուրդ տե՛ղը դիր», իսկույն անսաց: Իսկ ի՞նչ է այն թե` «Սուր վերցնողները սրով կընկնեն»: [Տիրոջ այս] խոսքը նման է նրան, որ ով մարդու արյուն է հեղում, նրա արյան փոխարեն [սպանողի արյունը] պիտի հեղվի 1530. այդպես էլ սրանք, ասում է [Տերը], որ սրով են գալիս Ինձ վրա, ընկնելու են հռոմեացիների սրով, ովքեր հրավիրվելու են Աստծո խոսքից, որը բոլոր երկսայրի սրերից էլ սուր է: Ղուկասի [Ավետարանում Տերն] ասում է. «Թույլ տվեք մինչև այդտեղ» (Ղուկ. 22։51), այսինքն` [մինչև այնտեղ], ուր ծառայի խորհուրդը կատարվեց, որի մասին Մովսեսը խոսեց 1531:
[Ղուկասն] ասում է նաև, որ «դիպչելով ծառայի ականջին` բժշկեց» (Ղուկ. 22։51): Սրանով [Տերն] Իր հեզությունն ու անոխակալությունն է ցույց տալիս, այլև խաչելությանը մոտ ժամանակ` Իր զորությունը` [հայտնելով], որ կամավորաբար է գնում չարչարվելու և ոչ թե հարկադրաբար, որովհետև մեր Տերը Օրենքի արդարության վերջնասահմանն ու Նոր Կտակարանի ողորմության սկիզբն էր: Ուստի արդարությամբ ամփոփեց սուրն իր տեղում և ողորմությամբ հաղորդակցվեց` ականջը բժշկելով և տեղը դնելով` խորհրդով կատարելով նաև սա, որովհետև ինչպես որ [ականջի] հատումով ցույց տվեց [հրեաների] ծառայությունը, այդպես էլ բժշկությամբ կանխագուշակեց նրանց առողջացումը, որ [կատարվելու] է վերջին օրերին, երբ նրանք Ենովքի ու Եղիայի միջոցով 1532 հավատան [Քրիստոսին]` ըստ առաքյալի. «Երբ հեթանոսների ամբողջությունը մտնի, այնուհետև ամբողջ Իսրայելը կփրկվի» (Հռոմ. 11։25-26):
Մաղաքիա արք. Օրմանյան
Այն ժամանակ Յիսուս նրան ասաց. «Քո սուրը ետ դիր իր տեղը, որովհետեւ, ովքեր սուր են վերցնում, սրով կ՚ընկնեն:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 26:51

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: