Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ երբ ութ օրերը լրացան, եւ նա թլփատուեց, նրա անունը Յիսուս դրուեց, ինչպէս հրեշտակի կողմից կոչուել էր, երբ դեռ չէր յղացուել մօր որովայնում։
Աստված հրամայել էր Աբրահամին, որ նրա սերունդի բոլոր արուները ծնվելուց հետո` ութերորդ օրը թլպատվեին ԾՆՆԴ․ 17։12: Այդ կրկնեց նաև Մովսեսն իր օրենքների մեջ, թե մի մայր, որ արու զավակ է ծնում, յոթ օր պետք է պիղծ համարվի «եւ յաւուրն ութերորդի թլփատեսցէ զմարմին անթլփատութեան նորա» ՂԵՎՏ․ 12։3: Թլպատության օրենքը խիստ էր և խախտողներին հրամայված էր մահվան դատապարտել. «արուն անթլփատ, որ ոչ թլփատեսցէ զմարմին անթլփատութեան իւրոյ յաւուր ութերորդի, սատակեսցի անձն այն յազգէ իւրմէ» ԾՆՆԴ․ 17։14: Թլպատությունը մի պարտականություն էր, որ կատարվում էր ընտանեկան շրջանակում` մերձավորների ներկայությամբ, առանց քահանայի պաշտոնավարության, և այդ դեպքում որոշվում էր նաև նորածնի անունը, ինչպես արդեն Կարապետի մասին խոսելիս հիշեցինք (§ 7):
Հովսեփն ու Մարիամը Բեթղեհեմում եկվորներ էին. և Դավթի ցեղից թերևս կարողացել էին ճանաչել մի քանի մերձավորների և ազգականների, որոնք նրանց համար, հավանաբար, մի բնակության տեղ էին հոգացել, քանի որ իջևանատան ախոռի մեջ այլևս չէին մնում: Թլպատության արարողությունը կատարեցին շատ համեստ շրջանակում` լրացնելով օրինական պարտավորությունը: Մարիամը, որ առաջինն էր ավետիսը ընդունել, և Հովսեփը, որ ստացել էր հրեշտակի խորհրդի հայտնությունը, հավանաբար կարող էին մտածել, որ սքանչելի Նորածնի վրա օրենքի պահանջները չէին կարող ծանրանալ, սակայն օրենքը զանցառելու իրավունք չունեին, և նաև աստվածային կամքն էր պահանջում օրենքի գործադրությունը` օրինակով հաստատելու համար օրինապահության պատվիրանը:
Նորածնի անունը կոչվեց Հիսուս, որ թարգմանվում է Փրկիչ, որ նաև Հեսու և Հովսե անունների մյուս ձևն է: Ավետարանիչը, Հիսուսի անվանակոչությունը իբրև հրեշտակի հանձնարարության համաձայն կատարված լինելը հիշելով, ուզում է ասել, որ Մարիամն ու Հովսեփը տեղյակ էին սքանչելի խորհրդին և գիտենալով համակերպվում էին օրենքի հրամաններին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: