Սրբ. Եփրեմ Ասորի
Տէր Աստուած ասաց. «Լաւ չէ, որ մարդը միայնակ լինի: Նրա նմանութեամբ մի օգնական ստեղծենք նրա համար»:
«Բարի չէ, ասում է, որ Ադամը միայնակ լինի»: Եվ ինչո՞ւ է ասվում, թե` «Տեսավ Աստված, թե ամեն ինչ որ ստեղծել էր, բարի է» և ինչո՞ւ հիմա բարի չէ, քանզի սկզբում ստեղծվեցին արուն և էգը: Եվ քանի որ ասում է. «Ստեղծենք օգնական նրա նմանությամբ», արդյոք չգիտե՞ր, որ օգնականի փոխարեն նրա կործանիչն է լինելու: Իսկ եթե այսպես է, ավելի լավ էր, որ Ադամը մենակ մնար, այդ դեպքում ինչո՞ւ ասաց, թե` լավ չէ: Թերևս այն պատճառով, որ Եվան նույնպես լիներ դրախտում` դառնալով Ադամին դրդողը: Ուրեմն ինչո՞ւ է ասում օգնական: Օգնական ասելով նկատի ունի այն, որ Եվային ստեղծեց Ադամի հետ աշխարհը կառուցելու համար: «Բարի չէ, որ միայնակ լինի» խոսքն ասաց ծննդյան կարգի և նրանցից հետո եկող սերունդների համար:
Ա. Լոպուխին
Եվ Տեր Աստված ասաց. «Լաւ չէ, որ մարդը միայնակ լինի: Նրա նմանությամբ մի օգնական ստեղծենք նրա համար»: (Սինոդական թարգ․)[18]
Եվ Տեր Աստված ասաց... ստեղծենք... Այստեղ դժվար չէ տեսնել շատ մոտ նմանություն աստվածային խորհրդի այն խոսքերի հետ, որոնք հնչեցին նախամարդուն արարելուց առաջ (Ծննդ. 1։26) և ճիշտ նույն կերպ դժվար չէ նկատել գործողության կարևորության ապացույցը, որի մասին խոսում են.
Լավ չէ, որ մարդը միայնակ լինի… Այս բառերը բնավ չեն նշանակում, թե իբր Աստված գիտակցում է Իր ստեղծածի անկատարությունը և կարծես թե ուղղում է մտցնում Աստվածային արարչագործության ծրագրում. Անկասկած, այդ ամենը դեռ կանխավ նախատեսված և նախանշված էր, ուղղակի այդ խոսքերը մատնանշում են միայն այն փաստը, որ միայնությունը մարդու համար լավ չէ և ծանր է, քանի որ զրկում է նրան իր անհատականությունը բազմակողմանիորեն զարգացնելու համար հասանելի և հարմար միջոցներից, որ ավելի բարեհաջող է ընթանում ակնհայտորեն իր նմանների հետ շփման ընթացքում:
Նրա նմանությամբ մի օգնական… Այդ խոսքերում, մի կողմից՝ մատնանշվում է կնոջ բարձր արժանապատվությունը, քանի որ նա նման է ամուսնուն, այսինքն՝ ինչպես ամուսինը, նա նույնպես իր մեջ կրում է Աստծու պատկերը, մյուս կողմից՝ նշվում է կարծես թե նրա որոշ կախվածությունը ամուսնուց, քանի որ ամեն մի օգնական հասարակական իմաստով կանգնած է մի աստիճան ներքև իր անմիջական ղեկավարից:
Մինչև առաջին կնոջ արարման պատմության մանրամասն շարադրանքին անցնելը, Ծննդոց գրքի հեղինակը հակիրճ նշում է ևս մի փաստ, որն առիթ է ծառայում այդ արարչագործության համար:
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Տէր Աստուած ասաց. «Լաւ չէ, որ մարդը միայնակ լինի: Նրա նմանութեամբ մի օգնական ստեղծենք նրա համար»:
(Արարատ թարգ․) Եվ Տեր Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի, նրան նման և իրեն հարմար մի օգնական ստեղծեմ»:
(Գրաբար) Եւ ասաց Տէր Աստուած. Ո՛չ է բարւոք մարդոյդ միայն լինել, արասցո՛ւք դմա օգնակա՛ն ըստ դմա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: