Ծննդոց գրքի մեկնություն 2:19

Սրբ. Եփրեմ Ասորի

19-21. Տէր Աստուած ստեղծեց նաեւ դաշտային բոլոր գազաններին, երկնքի բոլոր թռչուններին եւ բերեց Ադամի մօտ, որ տեսնի, թէ Ադամը ինչ անուն կը տայ դրանց: Եւ Ադամն ինչ անուն որ տար ամէն մի կենդանուն, այն էլ կը լինէր դրա անունը: Ադամը բոլոր անասուններին, երկնքի բոլոր թռչուններին եւ դաշտային բոլոր գազաններին տուեց անուններ, բայց Ադամը չգտաւ իր նմանութիւնն ունեցող մի օգնական: Տէր Աստուած թմրութիւն բերեց Ադամի վրայ, եւ սա քնեց: Աստուած հանեց նրա կողոսկրերից մէկը եւ այդ տեղը մաշկով ծածկեց:

   

   Ադամի համար ասվում է, որ նա իր համար օգնական չգտավ: Որտե՞ղ արդյոք փնտրեց և չգտավ: Եթե ասենք, թե Աստծուց` ճիշտ չէ: Նա կոչեց կենդանիների անունները, ոչ թե պատահաբար կամ վայրիվերո կերպով, այլ նրանց բնության, կապի և գործերի համաձայն: Արդ, երբ անվանակոչում էր կենդանիներին, տեսավ, որ նրանք արու և էգ են` միմյանց զուգված, իսկ ինքը միայնակ էր, փնտրեց իրեն օգնական և չգտավ: Արդ, թեպետ գազանները նրա օգնականներն էին, որովհետև նրանց շնորհիվ գտավ բազում իրերի ընթացքը: Մյուս կողմից, Աստված Ադամին հաղորդակից դարձրեց իր արարչությանը, այն առումով, որ Ադամին իշխանություն տվեց կենդանիներին անուններ տալու, ինչպես Ինքը ստեղծեց մարմինները, որպեսզի երբ Ադամը կամենա աստվածանալ, հանդիմանվի և ամաչի իր գողության համար: Եվ այդպես էլ գործակից եղավ. Աստված անուններ դրեց բոլոր արարածներին, իսկ գազաններին պահեց Ադամի համար, որպեսզի կենդանիների անվանակոչությունը լինի Ադամի իմաստության գիտությունից: Ահավասիկ առանց անունների կարծես մեռած լինեն երեխաները և պատանիները, իսկ անվան արտասանմամբ կենդանանում են:

   

Ա. Լոպուխին

   Տեր Աստուած հողից ստեղծեց նաև դաշտային բոլոր կենդանիներին, երկնքի բոլոր թռչուններին և բերեց Ադամի մոտ, որ տեսնի, թե Ադամը ինչ անուն կտա դրանց: Եվ Ադամն ինչ անուն որ տար ամեն մի շնչավոր կենդանուն, այն էլ կլիներ դրա անունը: (Սինոդական թարգ․)[19]

   

   Տեր Աստված ... ստեղծեց ... Հասկանալի է, որ ստեղծեց, ավելի վաղ, հատկապես արարչագործության հինգերորդ և վեցերորդ օրերին (Ծննդ. 1։21, 25), եթե այստեղ Ծննդոցի հեղինակը նորից վերադառնում է այդ փաստին, ապա դա անում է միայն շարադրանքի ընդհանուր փոխկապվածության համար:

   Եվ բերեց [նրանց] Ադամի մոտ, որ տեսնի, թե Ադամը ինչ անուն կտա դրանց... Ծննդոցի հեղինակի այդ մատնանշմամբ՝ Ինքն Աստված է հանդես գալիս մարդկային խոսքի առաջին փորձի դիտորդի և գերագույն ղեկավարի դերում: Հեղինակություն վայելող «Ժ. Ժ. Ռուսոն և մեծ բանասեր և փիլիսոփա Վիլհելմ Հումբոլդտը համաձայն են այն մտքին, որ մարդկության համար մանկական անմիտ թոթովանքից այլ ելք չկար, քան աստվածային Հայտնությունը, որը տվեց նրան պատրաստի ձև՝ իր մտքերը արտահայտելու համար, կամ ավելի լավ է ասել՝ տվեց նրան միտքը և ձևը միաժամանակ» (Г.K. Властов. «Священная Летопись»):
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Տէր Աստուած ստեղծեց նաեւ դաշտային բոլոր գազաններին, երկնքի բոլոր թռչուններին եւ բերեց Ադամի մօտ, որ տեսնի, թէ Ադամը ինչ անուն կը տայ դրանց: Եւ Ադամն ինչ անուն որ տար ամէն մի կենդանուն, այն էլ կը լինէր դրա անունը:
(Արարատ թարգ․) Եվ Տեր Աստված հողից ստեղծեց դաշտի բոլոր կենդանիներին ու երկնքի թռչուններին և բերեց Ադամի մոտ, որ տեսնի, թե ինչ անուններ կտա դրանց: Եվ Ադամը ինչ անուն որ դրեց ամեն շնչավոր կենդանու վրա, այդ եղավ նրա անունը:
(Գրաբար) Եւ ստե՛ղծ ևս Տէր Աստուած զամենայն գազանս վայրի, և զամենայն թռչունս երկնից. և ա՛ծ զնոսա առ Ադամ տեսանել զինչ կոչեսցէ զնոսա: Եւ ամենայն շնչոյ կենդանւոյ զինչ և անուանեաց Ադամ, ա՛յն անուն է նորա: