Ծննդոց գրքի մեկնություն 6:14

Սրբ. Եփրեմ Ասորի

Արդ, դու քեզ համար քառակուսի փայտից տապան կը շինես: Տապանը բաժանմունքներով կը պատրաստես եւ ներսից ու դրսից կուպրով կը ծեփես:

   

   Այլ քանի որ ասում է նրան. «Դու քո համար տապան կշինես» (Ծննդ. 6:14), մինչդեռ Նա կարող էր պահպանել և կյանք շնորհել նրան նաև առանց տապանի, քանի որ Նա, ով Հովնանին ձկան փորում պահեց՝ գերեզման գերեզմանի մեջ, ապա կարող էր նաև Նոյին և նրա հետ եղողներին առանց տապանի էլ ողջ պահել:

   Արդ, բոլոր արարածները քառասուն օր մարդկանց որդիների վրա հեղվեցին շարունակական ջրհեղեղի պատճառով, և քառասուն օր հետո սրբվեց մեղավորների պղծությունից: Ապականեց նրանց քառասունօրյա ճշմարտությամբ և արդարությամբ. այն ամենն իրենց չար գործերով եղծեցին, ապականեցին. կերպարանքները, որ քառասուն օրում պատկերեց բարերարի ողորմությունը, արդար ամուսնությանը պատկերեց նրանց, պիղծ հաղորդության համար ապականեց և ջնջեց նրանց: Քառասուն օրում ամբողջացան որովայնում, քառասուն օրում ջնջվեցին, վերացան այն արարածների միջից: Եվ երբ տեսան հարյուր տարում տապանի գործը և չապաշխարեցին, իրենց տանջանքները քառասուն օր տեսան և չփրկվեցին:

   Եվ ուր է այն, որ ասում է. «Այն վայրում, որտեղ չկա օրենք, և ոչ էլ այն, ինչը ենթակա է նրան, քանի որ ահավասիկ այստեղ շտապեց վրեժի հատուցումը, լվաց աշխարհը մարդկանց որդիներից»: Այլ քանի որ ուխտ էր դրված Սեթի տան վրա, որ չխառնվեն Կայենի տան հետ, ինչպես որ Աբրահամի պարագայում էր. «Գիտեմ ես, - ասում է, - որ նա իր որդիներին ու իր հետնորդներին կպատվիրի, որ նրանք Տիրոջ ճանապարհով ընթանան» (Ծննդ. 18:19), այդպես էլ նրանք, քանի որ նրանք սովորությամբ հաստատված կապված էին, և իրենց սովորությունը նրանց համար օրենք դարձավ: Եվ երբ շեղվեցին դրանից, նրանցից վրեժ խնդրեց՝ որպես իրենց հայրերի օրենքները զանց առնողներից, քանի որ «Ամեն էակ, - ասում է, - ապականել էր իր ճանապարհը» (Ծննդ. 6:12), այսինքն՝ ամուսնության ճանապարհները: Նախ, ցանկասիրությունը սկսեց սիրտն ապականել, հետո ապականվեց մարմինը: Քանի որ նրանց անձերը հեղեղեցին ցանկասիրությունները, ուստի նրանց մարմիններն էլ հեղեղվեցին՝ ջրախեղդ լինելով: Քանի որ նրանք մեղքերի հեղեղ արեցին, այդ պատճառով էլ Աստված ջրհեղեղ արեց: Եվ քանի որ նրանց պատուհասեցին սուտը [հատուցող] պատիժները, ուստի առաջ եկավ ողորմությունը, փոփոխեց ընթացքը և մկրտության ավազանում ջրերի հեղեղ արեց, և քավությամբ հեղեղվեցին ու ջրախեղդ եղան թողությամբ մեղքերը, որովհետև մարդկության համար ողորմության մեծ հոգածություն եղավ, և Նա [Հիսուս] եկավ մարդկանց փրկության համար և գնաց մեղքերի ոտնահետքով, որպեսզի դրանք ոչնչացնի, որպեսզի գնալով մարդկանց հասնի, քանի որ իր մոտ էին գտնվում մահվան և մեղքի պարագաները: Մուտք գործեց ականջում, իջևանեց արգանդում, դուրս եկավ որովայնից և շրջեց աշխարհում, եկավ խաչին հասավ, մտավ մահվան մոտ, մարդկանց մարմինները երկինք բարձրացրեց:

   Երբ տեսավ, որ մարդիկ ջրով հեղեղվեցին և խեղդվեցին, կյանքի փրկության համար բացեց մկրտության ավազանը և նրանց համար քավություն դարձավ: Եվ երբ տեսավ, որ երկնքի հուրն այրեց սոդոմայեցիներին, Իր հուրն առաքեց առաքյալների վրա և նրանցում հոգևոր ցողը բնակեցրեց, և դուրս եկան հեթանոսների մեջ, մարեց կռապաշտության հուրը, որ բնակվում էր արարածների մեջ: Եվ երբ տեսավ, որ ցավերով թլպատում էին իրենց մարմինները, սովորեցրեց նրանց, որ իրենց մարմիններն առանց չարչարանքների թլպատեն: Տեսավ, որ անասուններ էին զոհում, որոնք մեղավոր մարդկանց փոխարեն ոչ մի մեղք չէին գործել, այնպես արեց, որպեսզի դրանք առանց ապականության իմաստությամբ իրենց կյանքերը պատարագեն՝ որպես կենդանի սուրբ պատարագ՝ Աստծուն հաճելի և ընդունելի, կենդանի պաշտամունք:
   

Ա. Լոպուխին

Արդ, դու քեզ համար խեժատու փայտից տապան կշինես։ Տապանը բաժանմունքներով կպատրաստես եւ ներսից ու դրսից կուպրով կծեփես։ (Սինոդական թարգ․)[14]

   

   Արդ, դու քեզ համար խեժատու փայտից տապան կշինես... Եբրայական տեքստում այդ «տապանը» նշված է «թեբա» եզրույթով: Վերջինս Աստվածաշնչում մեկ անգամ ևս կիրառվում է այն զամբյուղի պարագային, որի մեջ փրկվել էր Մովսեսը (Ելք. 2:5): Այստեղից իհարկե սխալ կլինի եզրակացնել, որ վիթխարի չափերի հասնող Նոյի տապանը ևս իրենից ներկայացնում է նմանօրինակ հասարակ մի կառույց: Իսկ «խեժատու» փայտը, որից կառուցվել էր տապանը, պատկանում է թեթև, խեժաշատ ծառերի տեսակին, կիպարիսի կամ մայրու նմանությամբ (Ելք 27:1, 30:1): Փայտե տապանի կառուցման մեջ, որտեղ նախնադարյան աշխարհն ի դեմս իր ներկայացուցիչների փրկվեց ջրային տարերքից, Եկեղեցու հայրերը նշմարում են խորհրդանշական նախացուցում խաչափայտի և մկրտության ջրի մասին, որոնց միջոցով նորկտակարանյան մարդը գտնում է իր փրկությունը:

   Տապանը բաժանմունքներով կպատրաստես... Եբրայերենից բառացի թարգմանությամբ նշանակում է «բներ» («քիննիմ») կամ վանդակներ, ակնհայտորեն նախատեսված թռչունների և կենդանիների համար, որոնց, աստվածային կարգադրության համաձայն, Նոյը պետք է տեղավորեր տապանում:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Արդ, դու քեզ համար քառակուսի փայտից տապան կը շինես: Տապանը բաժանմունքներով կը պատրաստես եւ ներսից ու դրսից կուպրով կը ծեփես:
(Արարատ թարգ․) Արդ, դու քեզ համար խիժաբեր փայտից մի տապան շինի՛ր: Տապանը խորշերով շինիր և այն ներսից ու դրսից կուպրով ծեփի՛ր:
(Գրաբար) Արդ՝ արա՛ դու քեզ տապան ի չորեքկուսի փայտից, խո՛րշս խորշս գործեսցես զտապանն. և նաւթի՛ւ ծեփեսցես զնա ներքոյ և արտաքոյ։