Ծննդոց գրքի մեկնություն 6:17

Սրբ. Եփրեմ Ասորի

17-18․ Իսկ ես, ահա, ջրով կը հեղեղեմ երկիրը՝ ոչնչացնելու համար երկնքի տակ գտնուող ամէն մի շնչաւոր էակ. եւ այն ամէնը, ինչ կայ երկրի վրայ, կ՚ոչնչանայ: Ես իմ ուխտը կը հաստատեմ քեզ հետ, եւ տապան կը մտնես դու, քեզ հետ նաեւ՝ քո որդիները, քո կինը եւ քո որդիների կանայք:

   

   Երբ Նոյը սա լսեց, որ ասաց. «Ահավասիկ, - ասաց, - Ես ջրով հեղեղելու եմ երկիրը» (Ծննդ. 6:17), նրա սիրտը դողաց և խռովվեց: Ասաց նրան. «Եվ Իմ ուխտը հաստատում եմ ձեզ հետ» (Ծննդ. 6:18): Ոչ թե Նա զատեց անպիղծը պղծից, այլ՝ նրանց, որոնք սովորության համաձայն իրենց կարիքները չէին հագեցնում, զզվում և գարշում էին նրանցից, դրանք պիղծ համարեց, որոնք ընդունելի էին նրանց մտքին: Նոյի համար եմ ասում և նրանց, ովքեր նրա հետ էին, - դրանց սուրբ կոչեց:

   

Ա. Լոպուխին

Իսկ ես, ահա, ջրով կհեղեղեմ երկիրը, ոչնչացնելու համար երկնքի տակ գտնվող ամեն մի շնչավոր էակ. և այն ամենը, ինչ կա երկրի վրա, կ՚ոչնչանա։ (Սինոդական թարգ․)[17]

   

   Իսկ ես, ահա, ջրով կհեղեղեմ երկիրը... Այս բառերով առաջին անգամ որոշակիորեն անվանվում է նախնադարյան, ապականված աշխարհի նկատմամբ աստվածային պատժի միջոցը կամ գործիքը, ինչպիսին էր համաշխարհային ջրհեղեղը (Ելք. 54:9):

   Այն ամենը, ինչ կա երկրի վրա, կ՚ոչնչանա... Քանի որ ողջ աշխարհն ապականվել և լցվել էր նրա վրա ապրողների անօրենություններով, ապա ոչնչանում են այն պղծող բոլոր մեղավորները՝ ի դեմս մարդկանց, ովքեր առաջիններն ու գլխավորներն էին: Սակայն պետք չէ կարծել, որ այս համաշխարհային ջրհեղեղն մարդու հանդեպ Աստծո կողմից գործադրվող ինչ-որ անձնական վրեժ էր. ո՛չ, այն նախնադարյան, այլասերված մարդկության հոգևոր մահվան անհրաժեշտ հետևանքն էր: Մարդկությունը բացառիկ «մարմին» էր, որը, կարծես թե, ընդմիշտ կորցրել էր հոգին և դարձել քայքայվող մի դիակ, ուստի դրա հետագա պահպանումը կդառնար ոչ միայն անօգուտ, այլ նաև միանգամայն վնասաբեր աշխարհի հոգևոր-բարոյական մթնոլորտի համար: Եվ ահա, առաջին աշխարհը կործանվում է ջրհեհեղի ալիքների մեջ, որպեսզի մաքրի իր վրա տարածված ապականությունը և սկսի ապրել նոր (վերածնված) սկզբունքներով:
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Իսկ ես, ահա, ջրով կը հեղեղեմ երկիրը՝ ոչնչացնելու համար երկնքի տակ գտնուող ամէն մի շնչաւոր էակ. եւ այն ամէնը, ինչ կայ երկրի վրայ, կ՚ոչնչանայ:
(Արարատ թարգ․) Եվ Ես ահա երկրի վրա ջրհեղեղ պիտի բերեմ՝ ոչնչացնելու ամեն մի մարմին, որ կենդանության շունչ ունի երկնքի տակ: Եվ երկրի վրա, ինչ որ կա, պիտի վերանա:
(Գրաբար) Եւ ահա ես ածից ջրհեղեղ ջրոյ ի վերայ երկրի, ապականե՛լ զամենայն մարմին յորում է շունչ կենդանի ի ներքոյ երկնից. և ինչ որ իցէ ի վերայ երկրի՝ սատակեսցի։