Ծննդոց գրքի մեկնություն 15:17

Ա. Լոպուխին

Երբ արևը մայր մտավ և խավար եղավ, ահա մի մեծ ծխի հնոց և մի կրակի բոց անցան անասունների կտրտված մարմինների միջով։ (Սինոդական թարգ․) [17]

   

   Երբ արևը մայր մտավ և խավար եղավ... Ծննդոցի հեղինակի նկատառումը մատնացույց է անում տվյալ աստվածահայտնության բացառիկ երկարատևության վրա, որը սկսվել էր նախորդ գիշերվանից: Այն տեղի էր ունենում հետագա ողջ օրվա ընթացքում և շարունակվում մինչև նոր գիշերվա գալը:

   Մի մեծ ծխի հնոց և մի կրակի բոց անցան անասունների կտրտված մարմինների միջով... Ծուխն ու կրակը Իսրայելի պատմության մեջ Աստծուն հայտնաբերելու սիրված խորհրդանիշներն են՝ միաժամանակ ահարկու և մռայլ, ինչպես ծուխը, ու լուսավոր և ուրախ, ինչպես կրակը (Ելք. 19:18): «Կտրտված անասունների միջով անցնելը նշանակում էր, ըստ սովորության, բաժան-բաժան եղածի միացնելը, այսինքն՝ միություն: Օտտո Հերլախը նշում է, որ Աբրամը չէր անցել կտրտված կենդանիների միջով: Անցել էր միայն Տիրոջ տեսանելի կերպարը, այսինքն՝ սա ողորմածության, բարերարության դաշնագիր էր՝ խստացված և հաստատված շոշափելի ծիսակարգային պայմանագրով» (Գ.Կ. Վլաստով):
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Երբ արեւը մայր մտնելու մօտ էր, կրակ բոցավառուեց, երեւաց ծխացող մի հնոց, եւ կրակի լեզուները անցան անասունների կտրտուած մարմինների միջով:
(Արարատ թարգ․) Եվ երբ արևը մայր մտավ, և խավար եղավ, ահա ինչպես հնոցի մեծ ծուխ և մի կրակի բոց անցան այն կտորների միջով:
(Գրաբար) Եւ իբրև արևն ի մուտս լինէր, բո՛ցք հատանէին, և ահա հնո՛ց ծխեալ. և ճառագայթք հրոյ անցանէին ընդ մէջ անդամո՛ցն յօշելոյ։