Ա. Լոպուխին
Աստված պատասխանեց [Աբրահամին]. «Հենց քո կինը՝ Սառան, քեզ համար որդի պիտի ծնի և նրա անունը Իսահակ պիտի դնես: Նրա հետ ու նրանից հետո գալիք սերունդների հետ եմ հաստատելու իմ ուխտը, որպես հավիտենական ուխտ: (Սինոդական թարգ․) [19]
և նրա անունը Իսահակ պիտի դնես… Զավակ ունենալու մասին Աբրահամին տված Իր խոստումը կրկնելով, Տերն այս անգամ ավելի հստակ ու որոշակի է ասում, որ խոստման զավակը պետք է լինի նրա և նրա իննսունամյա կնոջ՝ Սառայի սեփական որդին, ընդ որում՝ առաջին անգամ նախասահմանում է նաև զավակի անունը՝ Իսահակ, իսկ երկու համար հետո ցույց է տալիս ծննդյան ժամանակն իսկ՝ ասելով, որ նա աշխարհ կգա խոստումից ուղիղ մեկ տարի անց (Ծննդ. 17:21)։ Իսահակ անունը եբրայերենում նշանակում է «ծիծաղ, կամ ցնծություն» (ըստ էության սա ապառնի ժամանակաձևն է՝ «նա կխնդա, կցնծա») և, ակնհայտ է, որ մատնանշում էր զառամյալ ծնողների ուրախությունը իր ծննդյան կապակցությամբ, ուրախություն, որն արտահայտվում է նրանց երկուսի ծիծաղով (Ծննդ. 17:17, 18:12)։ Հենց սա էր ակնարկում նաև Փրկիչը, երբ ասում էր Աբրահամի մասին, որ նա «ցանկացավ Իմ աշխարհ գալու օրը տեսնել. տեսավ և ուրախացավ» (Հովհ. 8:56)։
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Աստուած պատասխանեց Աբրահամին. «Այո՛. ահա քո կին Սառան քեզ համար որդի է բերելու, եւ իմ ուխտը, որպէս յաւիտենական ուխտ, հաստատելու եմ նրա հետ ու նրանից յետոյ գալիք սերունդների հետ:
(Արարատ թարգ․) Եվ Աստված ասաց. «Այո՛, քո կինը՝ Սառան, որդի կծնի քեզ համար, և նրա անունը Իսահակ կդնես: Ես Իմ ուխտը կհաստատեմ նրա հետ, հավիտենական ուխտ նրանից հետո եկող սերնդի համար:
(Գրաբար) Եւ ասէ Աստուած ցԱբրաամ. Այո՛։ Ահա Սարրա կին քո ծնցի քեզ որդի. և հաստատեցից զուխտ իմ ընդ նմա ուխտ յաւիտենական, և ընդ զաւակի նորա յետ նորա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: