Ծննդոց գրքի մեկնություն 17:20

Ա. Լոպուխին

Իսմայէլի համար էլ լսեցի քեզ: Ահա կօրհնեմ նրան, կաճեցնեմ նրան և անչափ կբազմացնեմ նրան: Նա տասներկու իշխան է ծնելու, և նրանից մեծ ազգ եմ սերելու, (Սինոդական թարգ․) [20]
   

   Իսմայէլի համար էլ լսեցի քեզ… Նա տասներկու իշխան է ծնելու… Այս արտահայտության առաջին մասը երբրայական բնագրում միևնույն խոսքի կրկնության ձևն ունի, քանի որ Իսմայէլ անունը նշանակում է «Աստված լսում է»։ Ըստ մարմնի Աբրահամի այս զավակին ևս շնորհվում են աստվածային օրհնությունը և դրան հարակից հույժ բազմանալու բարիքը: Կարծես Իսրայելի տասներկու ցեղերի թվին համապատասխան՝ նրան տասներկու իշխանների ծագումն է խոստացվում, այսինքն՝ ցեղապետերի կամ շեյխերի (Ծննդ. 25:12-16)։ Սակայն, ինչպես արդարացիորեն նկատում է Սբ. Ֆիլարետը, «Իսահակին և Իսմայէլին տրված օրհնություններն իրարից տարբերվում են այնպես, ինչպես շնորհալի, հոգևոր, հավիտենական խոստումները և բնական, ժամանակավոր պարգևները»։
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Ինչ վերաբերում է Իսմայէլին, ապա ընդառաջում եմ քեզ: Նրան կ՚օրհնեմ, նրան կ՚աճեցնեմ եւ անչափ կը բազմացնեմ նրա սերունդները: Նա տասներկու ազգ է սերելու, եւ նրան մեծ ազգի նախահայր եմ դարձնելու,
(Արարատ թարգ․) Եվ Իսմայելի համար էլ լսեցի քեզ: Ահա օրհնեցի նրան, կբազմացնեմ ու անչափ կշատացնեմ նրան: Նա տասներկու իշխաններ կծնի, և Ես մեծ ազգ կդարձնեմ նրան:
(Գրաբար) Եւ վասն Իսմայելի ահա լուա՛յ քեզ. և օրհնեցից զնա, և աճեցուցից զնա և բազմացուցից զնա յոյժ. և երկոտասա՛ն ազգ ծնցի, և տաց զնա յա՛զգ մեծ։